Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ՉԻ ՀԱՆՎԻ

Հունվար 14,2006 00:00

Երեկ
տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Հոգաբարձուների
խորհրդի նիստը: Խորհրդի անդամ բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա էին միայն
վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Մինչդեռ խորհրդի անդամ
են նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԿԳ նախարար Սերգո
Երիցյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը,
Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզպետները: ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը ամփոփեց
2005 թ. գործունեությունը: Խորհրդի նիստում հարց բարձրացվեց բուհի Վանաձորի եւ Գյումրիի
դասախոսների աշխատավարձը հավասարեցնել մայրաքաղաքի դասախոսների աշխատավարձին: Վարչապետը
առաջարկեց ավելացումը կատարել ոչ թե բյուջեի, այլ բուհի արտաբյուջետային միջոցների
հաշվին: Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է գիտության ոլորտի
կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների տված եզրակացության
մասին, որտեղ ըստ էության ասպիրանտուրան հանվում է: (Փորձագետների կարծիքով, ասպիրանտուրան
այսօր միայն բանակից ազատելու ֆունկցիա է կատարում եւ ոչ թե գիտնական է պատրաստում.
բնականաբար սա էլ իր մեջ կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում): Մեր հարցին ի պատասխան՝
Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Ցանկացած եզրակացություն պարտադիր չէ, որ կառավարությունը
հաշվի առնի, բայց կքննարկենք, կտեսնենք՝ որ մասը նպատակահարմար կգտնենք օգտագործել,
որ մասը՝ ոչ: Ասպիրանտուրան չենք կարող վերացնել, պարզապես հարկավոր է ասպիրանտների
ինստիտուտը ավելի մոտեցնել մեր այսօրվա խնդիրներին: Պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություն,
ըստ որի՝ պետպատվերով ընդունվող ասպիրանտները այսուհետեւ պետք է պայմանագիր կնքեն
պետության հետ, որպեսզի ավարտելուց հետո երեք տարի պարտադիր աշխատեն նույն կամ մեկ
այլ բուհում: Թե չէ այսօր պետությունը միջոցներ է ծախսում, ասպիրանտներ է պատրաստում,
հետո նրանք տեղափոխվում են այլ աշխատանքի: Իհարկե, մենք չենք սահմանափակում այլ աշխատանքի
տեղափոխվելը, բայց այդ դեպքում իրենք պետք է վճարովի սովորեն»: Ասպիրանտուրան չի
վերացվի, բայց ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունում տեղ գտած 40 ինստիտուտների օպտիմալացմանը
պարոն Մարգարյանը դեմ չէ: (Փաստորեն, հերքվեց նաեւ որոշ գիտնականների այն կարծիքը,
թե կառավարությունը սառեցրել է ՄԱԿ-ի եզրակացության քննարկումը եւ շուտով միայն ԳԱԱ-ի
ներկայացրած բարեփոխումների փաթեթն է քննարկելու): Սա լինելու է կառավարության առաջիկա
խնդիրներից մեկը՝ տարիքն առած ռեկտորների հարցը լուծելուց հետո: Հայտնի է, որ վերջիններիս
հիմնական մասը ռեկտորի պաշտոններից անցան բուհական խորհուրդների նախագահների պաշտոնին:
Հարցին, թե որքանով է բուհերի ինքնուրույնությանը եւ ինքնակառավարմանը նպաստում այն,
որ Լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի մամուլի
խոսնակը, վարչապետը պատասխանեց. «Կառավարման խորհրդի գիտական մասը թողնված է գիտխորհրդին,
մեծ խորհրդին, ցանկացած խորհուրդ կարող է բուհը կազմավորել: Բայց ուղղությունները
պետք է լինեն այնպես, որ հիմնադիրը, որը պետությունն է, կարողանա վերահսկել այն ուղղությունները,
ստրատեգիան, որն ինքը որոշել է: Կառավարման խորհրդում մեծամասնությունը բուհի ներկայացուցիչներ
են, դասախոսները կազմում են ավելի շատ տոկոս, քան մնացածը, եւ եթե իրենք բուհի ինքնակառավարմանը
վերաբերող որոշ խնդիրներ որոշեն, ապա դա ապահովում են: Իսկ ինքնակառավարումը ապահովված
է օրենքով, չեն կարող օրենքից շեղվել»: Հիշեցնենք, որ բուհի խորհուրդը կազմված է
50 ներսից (պրոֆեսորադասախոսական կազմ եւ ուսանողներ) եւ 50 դրսից (ԿԳՆ եւ կառավարություն)
մասնաբաժիններից: Միայն 4 բուհի դեպքում է ԿԳՆ-ն բուհերին զիջել իր մասնաբաժնի կեսը:
Երեկվա նիստում որոշվեց, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
անվան կողքին այսուհետեւ փակագծերում կավելանա նաեւ Պոլիտեխնիկ բառը: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել