Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակութային ավանդապահություն

Հունվար 14,2006 00:00

Ազգային փոքրամասնություններն ընտրում են աշխատանքը

Փորձագիտական գնահատումները վկայում են, որ Հայաստանում բնակվող որոշ ազգային փոքրամասնությունների՝ քրդերի, եզդիների եւ ռուս մոլոկանների շրջանում միջնակարգ կրթության պահանջարկն ավելի փոքր է, քան երկրի միջինը։

Հենց այս փաստերն էլ հիմք են ծառայել, որպեսզի «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, 2005 թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հետազոտություն իրականացնի Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրթության կարգավիճակի մասին։ Հետազոտության համար ընտրվել են քրդերը, եզդիները, ռուս մոլոկանները եւ ասորիները՝ երկրի ոչ հայ բնակչության 77 տոկոսը, որոնք ապրում են համայնքներով եւ որոնց ազգային լեզուները դասավանդվում են դպրոցում։ Ասորիների եւ ռուս մոլոկանների շրջանում նկատվում է դպրոցական կրթությունը ռուսերենով իրականացնելու ձգտում։ Եվ եթե մոլոկանների դեպքում դա մայրենի լեզվով կրթություն ստանալու ցանկությունն է, ասորիների համար ռուսերենը «միգրացիոն» լեզու է. վերջիններս ավելի շատ են Ռուսաստան արտագաղթում, քան մոլոկանները։

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդհանուր թիվը կազմում է 67657 մարդ, որոնց 73 տոկոսը եզդիներ են՝ 40620-ը։ Եթե համեմատենք 1989 եւ 2001 թթ. մարդահամարների տվյալները, կտեսնենք, որ ազգային փոքրամասնությունները բավական քչացել են՝ պատերազմական իրավիճակի եւ դրանից հետո սկսված ընդհանուր արտագաղթի պայմաններում։ Իսպառ վերացել են 84860 ադրբեջանցիները՝ նրանց հետ էլ մահմեդական քրդերի բացարձակ մեծամասնությունը (հիմա նրանց թիվը, ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության տվյալներով, հասնում է մոտ 2 տասնյակի)։ Փոխարենն սկսվել է եզդիների՝ որպես ինքնուրույն էթնիկական խմբի ձեւավորումը (ԽՍՀՄ պաշտոնական մարդահամարները եզդիների էթնիկ խումբ չեն ներկայացրել, թեեւ Հայաստանում ապրող եզդիներն իրենց անձնագրերում «եզդի» են գրվել)։ Ընդհանուր առմամբ, ազգային փոքրամասնությունները 6.7 տոկոսից հասել են 2.2-ի։

«Հազարաշենի» հետազոտության մեջ ընդգրկվել է 25 գյուղական բնակավայրի եւ Երեւանի 2 դպրոցի 500 աշակերտ՝ հիմնականում 11-14 տարեկան։ Ընդգրկվել են նաեւ հայ երեխաներ՝ հասկանալու համար հայերի ինքնության ընկալումը եզդիական եւ ասորական համայնքներում։ Եվ հետաքրքիրն այն է, որ մի դեպքում իրեն հայ է անվանել երեխա, որի 2 ծնողն էլ ասորի են, իսկ մեկ այլ դեպքում երեխան իրեն ասորի է համարել, երբ 2 ծնողն էլ հայ են։

Ուսումնասիրություններից պարզվել է, որ կրթության հանդեպ ասորիների վերաբերմունքը խիստ տարբերվում է նշյալ 3 ազգերից։ Վերջիններս նախապատվությունը տալիս են աշխատանքին եւ շատ հաճախ բավարարվում են ութամյա կրթությամբ։ Եզդիներն ու քրդերը նույնիսկ տարբերակված մոտեցում ունեն աղջիկների ու տղաների կրթության հարցում. կարծում են, որ աղջիկներին կրթությունն ավելի քիչ է պետք, եւ որ 8-ամյա կրթությունը նրանց համար ավելի քան բավարար է։ Վերջին 15 տարում այս համայնքից միայն մեկ աղջկա է հաջողվել բարձրագույն կրթություն ստանալ. նա ավարտել է բժշկական ինստիտուտը։ «Եզդիներն ու քրդերն առհասարակ կրթության հանդեպ բավական անտարբեր են։ Այս վերաբերմունքը բացատրվում է մշակութային ավանդապահությամբ եւ իներցիայով, ինչպես նաեւ կրթությամբ ավելի լավ հեռանկար ունենալու հնարավորության հանդեպ թերահավատությամբ»,- ասվում է հետազոտության ամփոփիչ հաշվետվության մեջ։ Բերվում է նաեւ Երեւանի թիվ 132 դպրոցի օրինակը, ուր սովորում են զգալի թվով մոլոկաններ։ Տնօրենի պատմելով, 7-8-րդ դասարանից հետո հայրերը որդիներին իրենց հետ աշխատանքի են տանում՝ բուլդոզերի, տրակտորի վրա աշխատելու։ Երեխաներն էլ շատ հաճախ հրապուրվում են աշխատանքով ու թողնում են դպրոցը։ Այլ է ասորիների վերաբերմունքը։ Քանակական եւ բովանդակային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծնողները ձգտում են իրենց երեխաներին մասնագիտական կրթության տալ, եւ հնարավորինս զերծ են պահում նրանց տնային հոգսերից։ Ընդհանուր առմամբ, պարզվել է, որ մոլոկաններն ու եզդիները դպրոցն ավարտում են 8-րդ դասարանում։ Եզդիների մեջ շատ են 6-7-րդ դասարանում դպրոցը թողնող աղջիկները։ Ուսումնասիրությունների ընթացքում ասորիներից 8-րդ դասարանում դպրոցը թողնելու միայն մեկ դեպք է գրանցվել։

Ջամշլու եզդիական գյուղում, օրինակ, հարցազրույցին մասնակցող 7-12 տարեկան 14 երեխա կարծիք է հայտնել, թե աղջիկների համար բավական է ցածր դասարան ավարտելը։ 10 տարեկան մի տղա ասել է, որ իր քույրիկին բավական է 6-րդ դասարանը։ Եվ իսկապես, պարզվել է, որ այդ աղջիկն արդեն «ավարտել» է դպրոցն ու տանը օգնում է մայրիկին։ «Մենք շատ խանդոտ ենք,- ասել են հարցազրույցին մասնակցող տղաները,- մեր կրոնը, ադաթը տենց ա։ Պետք չի, որ աղջիկները 7-ից հետո սովորեն»։ Մեկ այլ զրույցում ցածր դասարանի տղաներն ասում են, որ եթե նույնիսկ իրենց ծնողները թողնեն քույրիկին դպրոցից հետո ուսումը շարունակելու, իրենք չեն թողնի. «Կգնա, կկորի», «Եթե փախցնեն՝ ո՞վ կգտնի…»։

Բովանդակային հետազոտություններից այլ հետաքրքիր պատառիկներ կներկայացնենք առաջիկայում։

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել