Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՕԳՈՒՏՆ ՈՒ ՎՆԱՍԸ

Հունվար 14,2006 00:00

Ժամանակակից
երեխաները ժամերով նստում են հեռուստացույցի կամ համակարգչի առաջ, բայց քիչ են զբաղվում
սպորտով եւ նույնիսկ չեն զբոսնում: 2005թ. վերջին ամիսներին Կրթության ազգային
ինստիտուտի մասնագետներն իրականացրել են ուսումնասիրություններ՝ քաղաքային դպրոցների
2302 եւ գյուղական դպրոցների 1726 աշակերտների, ինչպես նաեւ նրանց ուսուցիչների,
ծնողների, ղեկավար մարմինների շրջանում։ Հիմնական նպատակն է պարզել, թե որքանով են
ընտանեկան եւ դպրոցական գործոնները (ընտանեկան մթնոլորտ, սնունդ, ուսուցման անբարենպաստ
միջավայր, չափից ավելի ծանրաբեռնվածություն, մանկավարժական մեթոդների ոչ պատշաճ կիրառում)
ազդում աշակերտների առողջության վրա։ Հարցումներն իրականացվել են 6 մարզերում եւ
Երեւանում։ Ստորեւ ներկայացնենք ուսումնասիրությունների մի քանի ամփոփիչ արդյունքներ։
Նախ՝ ընտանեկան եւ ներդպրոցական վիճակի մասին։ Հանրակացարաններում ապրող ընտանիքների
բարձր տոկոսը բաժին է ընկնում աղետի գոտու եւ մասնավորապես Գյումրի քաղաքի դպրոցներին,
որտեղ աշակերտների 30 տոկոսը բնակվում է տնակներում։ Այլ մարզերում հանրակացարաններում
ապրող սովորողների թիվը 1 տոկոսից ցածր է։ Քաղաքային բնակավայրերում սովորողների
1/3-ն ունի առանձին սենյակ, իսկ գյուղական բնակավայրերում՝ 1/4-ը։ Մոտ 20 տոկոսը
չունի դասերը սովորելու համար առանձնացված տարածք. գյուղական բնակավայրերում երեխաների
2/3-ը, իսկ քաղաքային բնակավայրերում մոտ կեսը չունի գրասեղան։ Այսքանից կարելի է
եզրակացնել, որ 40-50 տոկոսի պարագայում չկան պարապմունքների համար բավարար պայմաններ,
ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի եւ երեխաների առողջության պահպանման
ու ամրապնդման վրա՝ արձանագրում են մասնագետները։ Ուսումնասիրված դպրոցներում թեեւ
գույքը հիմնականում հին է, խորհրդային ժամանակներից մնացած, սակայն համապատասխանում
է սովորողների տարիքային առանձնահատկություններին։ «Չնայած գրեթե բոլոր դասղեկները
նշում էին, որ դասարաններում ապահովվում է գրասեղանների բավարար լուսավորվածությունը,
սակայն լրացուցիչ ուսումնասիրություններով սանէպիդկայանի տրամադրած տվյալները վկայում
են, որ դասղեկների մեծ մասը տեղյակ էլ չէ նորմատիվային պահանջներին»։ Ինչպե՞ս
են գերադասում ազատ ժամանակն անցկացնել հարցմանը մասնակցած աշակերտները։ Նրանց 76
տոկոսի սիրած զբաղմունքը հեռուստացույց դիտելն է։ Առավել նախընտրելի մյուս 2 զբաղմունքները՝
երաժշտություն լսելը՝ 61 տոկոս, եւ կարդալը՝ 57 տոկոս։ Ընդ որում՝ արձանագրվել է,
որ կարդալու ցանկությունը երեխաների տարիքի աճին զուգընթաց նվազում է. եթե տարրական
դպրոցում այն կազմում է 65 տոկոս, ապա ավագ դպրոցում 45 տոկոս է։ Փաստորեն, նախընտրելի
զբաղմունքի ձեւերը հիմնականում պասիվ են եւ, ըստ մասնագետների, չեն նպաստում երեխաների
ֆիզիկական զարգացմանը։ Օրինակ, ակտիվ հանգիստը՝ պարել, այս կամ այն սպորտով զբաղվել,
նախընտրում է հարցվածների 50 տոկոսից էլ քիչ մասը։ Իսկ, օրինակ, ավագ դպրոցում ֆիզիկական
գերազանց վիճակում է աշակերտների միայն 20 տոկոսը։ Ամենաքիչը երեխաները հետաքրքրվում
են կինո գնալով՝ 8 տոկոս, արտադպրոցական խմբակներին մասնակցում է միայն 7 տոկոսը։
Առողջության պահպանման կարեւոր պայմաններից մեկը եւս մեր աշակերտների «սրտով
չէ»։ Նրանց միայն 40 տոկոսն է գոնե հանգստյան օրերին 2 եւ ավելի ժամ զբոսնում։ Մտահոգիչ
է նաեւ այն, որ խիստ անբավարար է սովորողների ամառային հանգստի կազմակերպումը՝ նրանց
միայն 5 տոկոսն է հանգիստն անցկացնում ճամբարներում կամ առողջարաններում։ Լավագույն
դեպքում նրանք մեկնում են բարեկամների տուն. որպես կանոն՝ գյուղաբնակները ձգտում
են քաղաք (20 տոկոս), քաղաքաբնակները՝ գյուղ (35 տոկոս)։ Վերադառնալով աշակերտների
նախընտրած զբաղմունքներին, նշենք, որ դպրոցահասակ երեխաների շրջանում, տարածքային
մանկական պոլիկլինիկաների տվյալներով, հիմնական հիվանդությունները թույլ աստիճանի
կարճատեսությունն ու գլխացավերն են։ Իսկ դրանց հիմնական պատճառը հենց համակարգչի
կամ հեռուստացույցի առջեւ երկար նստելը, ինչպես նաեւ դպրոցական ծրագրերի գերծանրաբեռնվածությունն
ու մասնավոր պարապմունքների մեծ ժամաքանակն են։ Մասնագետները նույնիսկ մտավախություն
ունեն, որ կրթական բարեփոխումներին զուգընթաց, երբ երեխաների համակարգչային գրագիտությունն
սկսի ավելի վաղ ձեւավորվել, հետաքրքրությունը կմեծանա համակարգչի նկատմամբ, ինչն
էլ առողջապահական նոր խնդիրներ կառաջացնի։ «Այս գործոնները նպաստում են այլեւայլ
հիվանդությունների ձեւավորմանը եւ զարգացմանը»,- նշվում է եզրափակիչ զեկույցում։
Ուսումնասիրություններն իրականացրած մասնագետները հայտնաբերել են, որ շատ դպրոցներում
տնօրենը դասացուցակը կազմում է ոչ թե աշակերտի շահերից ելնելով՝ ծանրաբեռնվածությունը
պետք է նվազի շաբաթվա վերջին, այլ այնպես, ինչպես ուսուցիչներին է հարմար։ Ընդհանուր
առմամբ, մեր դպրոցներում ուսումնառության ընթացքում երեխայի առողջության մասին տվյալներ
չեն գրանցվում։ Երեխային դպրոց ընդունելիս պահանջում են միայն առողջության տեղեկանք,
որն էլ իր հերթին հիմնականում ձեւական բնույթ է կրում, եւ վերջ։ Հարցումները ցույց
են տվել, որ նույնիսկ անհրաժեշտ բուժկանխարգելիչ պատվաստումները, որ կատարվում են
պոլիկլինիկաների եւ դպրոցների հետ համատեղ, կատարվում են միայն 70 տոկոսով, իսկ գյուղական
դպրոցներում գրեթե չեն իրականացվում։ Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել