Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իմ դասավանդած ֆիզիկան

Հունվար 14,2006 00:00

Խորհուրդներ
ֆիզիկայի սկսնակ ուսուցիչներին Դպրոցական հասակից սիրել եմ ֆիզիկա եւ մաթեմատիկա:
Բարձրագույնը ավարտելուց հետո դպրոցներում դասավանդել եմ այդ առարկաները: Տարեկան
տալիս էինք 2-3 մեդալակիր: Ուզում եմ նշել իմ երկարամյա տարիների ֆիզիկայի
դասավանդման պրոցեսներից մի քանի դրվագ. ինձ թվում է, որ այն շատ օգտակար կլինի ֆիզիկա
պարապող անփորձ, սկսնակ ուսուցիչների համար: Դասերս, որպես կանոն, անցկացնում
եմ ֆիզիկայի կահավորված լաբորատորիայում: Դասին նախապատրաստվելիս նշում եմ, թե ինչ
գործնական աշխատանք եմ կատարելու, ինչ խնդիրների վրա եմ կանգ առնելու, ինչ մեթոդներ
եմ կիրառելու, որ դասանյութը մատչելի լինի ոչ թե միայն լավ սովորողների, այլեւ միջին
եւ ցածր ունակության տեր աշակերտների համար: Լայնորեն կիրառում եմ գործնական բնույթի
լաբորատոր հնարավորությունները, տեխնիկական միջոցները, դրանց հետ զուգընթաց՝ ինքնաշեն
սարքերը: Ժամանակին հավաքել եմ հետաքրքրաշարժ նյութեր ֆիզիկոսների կյանքից, ֆիզիկային
առնչվող, շրջապատում դիտվող երեւույթները պարզաբանող, ինչպես նաեւ երեւակայական հարցեր
ու խնդիրներ: Օրինակ, ինչո՞ւ հալոցքի ժամանակ եղանակը ցրտում է, իսկ ձյուն գալիս՝
տաքանում: (Երբ գոլորշին խտանում է եւ ձյուն դառնում՝ ջերմություն է անջատում, իսկ
հալոցքի ժամանակ սառույցը խլում է շրջապատի ջերմությունը): Ինչո՞ւ ամպերն աշնանն
ավելի ցածր են իջնում, քան ամռանը: (Աշնանը գոլորշին ավելի խիտ է եւ դժվար է վեր
բարձրանում): Ինչո՞ւ շոգը ավելի հեշտ է տանել չոր վայրերում, քան թե ճահճոտ, խոնավ
վայրերում: (Չոր վայրերում գոլորշացումն ավելի լավ է կատարվում, իսկ խոնավ շոգն ավելի
անտանելի է): Երբ մարդը ջրից դուրս է գալիս՝ ինչո՞ւ է մրսում: (Գոլորշացման ժամանակ
ջուրը մաշկից ջերմություն է խլում եւ մարդը մրսում է): Դպրոցներում պատահում
էր, որ լաբորատորիայում ցուցադրումների համար անհրաժեշտ սարքավորումներ չէին լինում:
Այդ բացը լրացրել եմ ինքնաշեն սարքերի միջոցով: Աշակերտների միջոցով ֆիզիկայի խմբակում
պատրաստել ենք 300-ից ավելի սարքեր, որոնք հաջողությամբ են օգտագործվում ֆիզիկայի
ժամերին: Օրինակ՝ լուսաէֆեկտի վերաբերյալ լաբորատորիայում համապատասխան սարքավորում
չկար: Այդ պակասը լրացրի՝ պատրաստելով «ֆոտոռելե», որի օգնությամբ աշխատեցին «ցայտաղբյուր»,
«հավերժ պահակ», «անհանգիստ շնիկ» եւ այլ ինքնաշեն սարքեր: Թեման դիտողական
դարձնելու համար աշակերտներին ցուցադրեցի «դետալներ հաշվող եւ տեսակավորող սարքեր»,
որի մասին նշված էր դասագրքում: Աշակերտները տեսան, թե ինչպես շարժափոկի վրայով անցնում
էին սեւ եւ սպիտակ դետալները, նախ հաշվիչը ֆիքսում էր, թե քանի դետալ անցավ, այնուհետեւ
տեսակավորվում էին սեւ դետալները մի արկղի մեջ, իսկ սպիտակները՝ մեկ ուրիշ: Այստեղ
եւ մնացած սարքերում «ամենատես» աչքը կատարում էր իր դերը: Նման փորձերը նպաստում
են ոչ միայն աշակերտների ֆիզիկայի իմացությանը, այլեւ նրանց մեջ սեր արթնացնում դեպի
ֆիզիկան, տեխնիկան: Այդ էր պատճառը, որ մեր աշակերտներից շատերը առանց վարանելու,
համարձակ դիմում էին իրենց ցանկացած բուհը եւ հանձնում ֆիզիկա առարկայի բուհական
քննությունը: Ամեն տարի 50 շրջանավարտից 30-35-ը ընդունվում էր բուհ՝ հանձնելով ֆիզիկայից
ու մաթեմատիկայից քննություններ: Որպես երկարամյա ֆիզիկայի ուսուցիչ, խորհուրդ
կտամ երիտասարդ իմ կոլեգաներին, որ առարկան չանցնեն չոր ու ցամաք դասագրքով, օրենքները
անգիր արած: Բոլոր դեպքերում տեսական գիտելիքները ամրապնդվում ու կայուն են դարձվում
գործնական աշխատանքների միջոցով, դրանով իսկ կհասնեն մեծ արդյունավետության: ԶԱՎԵՆ
ՎԱՐԴԱՆՅԱՆ Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հ.
Գ. Պրն Վարդանյանից իմացանք, որ Արագածոտնի մարզպետարանը ուսուցչի օրվա առթիվ մի
քանի անգամ ներկայացրել է իր անունը՝ իբրեւ վաստակաշատ ուսուցիչ, սակայն դեռ որեւէ
պաշտոնյայի կողմից մեծարանքի չի արժանացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել