Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՆԱՑԵՔ ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՅՆՏԵՂ ԱՐԴԵՆ ԼՈՒՅՍ ԿԱ»

Հունվար 14,2006 00:00

Ամերիկահայերը
չեն ուզում ԱՄՆ-ում տեսնել նոր եկած հայաստանցիների ԱՄՆ Մինեսոտա նահանգն
ունի 6 միլիոնից պակաս բնակչություն։ Որոշ տվյալներով՝ հայերի թիվն այստեղ չի անցնում
1000-ից՝ մոտ 400 ընտանիք։ Նրանց մոտ 70 տոկոսն արդեն 2-րդ կամ 3-րդ սերնդի մարդիկ
են, եւ մեծ մասամբ՝ խառնուրդ։ Այս 1000 հոգուց միայն 5-7 տոկոսն է խոսում հայերեն։
«Մինեսոտան ԱՄՆ-ի հայաշատ նահանգներից չէ, եւ ես կարող եմ պատասխան տալ այնտեղ
եղած գրեթե բոլոր հայերի համար. նրանցից ոչ մեկը չի զբաղվում անպատվաբեր գործով,
ինչպես որոշ այլ հայաշատ նահանգներում կամ Եվրոպայում։ Հաճախ ենք լսում, որ հայերը
գնում են արտասահման եւ նրանց հիմնական զբաղմունքը դառնում է գողությունը։ Այս նահանգում
նման բան չկա»,- ասում է մեր զրուցակից Արթուր Հակոբյանը՝ Մինեսոտա նահանգից։ Նա
արդեն 7 տարի է, ինչ բնակվում է այստեղ։ 1995-ին «Մասքի» ծրագրով մեկնել է ԱՄՆ սովորելու,
ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում եւ 1996-ին վերադարձել հայրենիք։ Հետո
բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ 1999-ին «Գրին քարտ» է շահել ու մեկնել աշխատելու։
Ա. Հակոբյանը իր հիմնական մասնագիտությամբ իրավաբան է։ Սակայն ունի եւ երկրորդ մասնագիտություն՝
թարգմանիչ։ Նա մշտական բնակության համար ընտրել է Մինեսոտան, Միննեապոլիս քաղաքը՝
իր բնակլիմայական պայմանների ու հատկապես գեղեցիկ բնության համար (ի դեպ, այստեղ
կլիման բավական սառն է, ի տարբերություն շատ այլ նահանգների, ուր հիմնականում ձգտում
են բնակության գնալ հայերը)։ 1999-ին նահանգի հայերը նշել են առաջին հայի Մինեսոտա
գալու 100-ամյակը։ Ճիշտ է՝ այդ հայերն իրենց հայկական ազգանունը չեն պահպանել, հիմա
նրանք Քելջիքներն են, ովքեր արեւելյան գորգերի վաճառքով են զբաղվում։ Նահանգի մոտ
1000 հայերից, ըստ մեր զրուցակցի, մոտ 200-250 հոգուն կարող ես տեսնել տարին մեկ
անգամ հայկական եկեղեցում՝ Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոներին։ Այս 200-250-ից մոտ
երեսուն-հիսունը բավական ակտիվ են, եւ ավելի հաճախ են երեւում պատարագների եւ եկեղեցում
կազմակերպվող այլ միջոցառումների ժամանակ: «Մնացածը կան պարզապես հեռախոսագրքում՝
յան ազգանունով։ Տասնյակ տարիներ առաջ մի քանի հայեր այստեղ ստեղծել են «Մինեսոտայի
հայկական մշակութային կազմակերպություն» հ/կ-ն՝ հայերին համախմբելու նպատակով։ Բայց
մինչ այսօր նրանց նպատակն այդպես էլ չի իրագործվում։ Ունենք նաեւ հայկական պարային
խումբ, որը, սակայն, մոտ 70 տոկոսով ոչ հայերից է բաղկացած»։ Մինեսոտայի հայկական
եկեղեցին 4 տարեկան է։ Այս տարի այն պաշտոնապես դարձել է արեւելյան թեմի մի մասը։
«Նախկինում եռամսյակը մեկ տարածք էինք վարձում ուրիշ եկեղեցում՝ պատարագներ մատուցելու
համար։ Եկեղեցու կիսանկուղային հարկում ունենք մի քանի մեծ ու փոքր սրահներ։ Ամեն
տարի հունվարի առաջին օրերին ճաշկերույթ է կազմակերպվում։ Ժամանակ առ ժամանակ միջոցառումներ
լինում են։ ԱՄՆ-ում հայկական եկեղեցիներում համայնքն է պարտավոր ֆինանսապես
ապահովել քահանային, եւ մենք դեռ չունենք մշտական քահանա, հուսով ենք, որ շուտով
կունենանք։ Որոշ առումներով Մինեսոտայի հայկական եկեղեցին ավելի շատ մշակութային
ակումբի դեր ունի։ Այն համախմբում է մի խումբ հայերի՝ թենիսի, բիլիարդի սեղանների
շուրջ: Հաճախ, մինչ այդ խաղերին անցնելը, հենց այնպես հանդիպում ենք եկեղեցում ու
տարբեր թեմաներով զրույցներ վարում կամ կինոնկարներ դիտում։ Մի խոսքով, ամեն ինչ
արվում է, որ հետաքրքրություն ստեղծվի դեպի հայկական եկեղեցին, որպեսզի այն բոլոր
մարդիկ, ովքեր իրենց հայ են համարում, գան այնտեղ։ Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում,
որ եկեղեցում խաղեր էլ են կազմակերպվում։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ հայտարարություններ
ենք տալիս, զանազան մրցույթներ կազմակերպում (օրինակ՝ նարդու կամ շախմատի) քաղաքում
եւ դրանից դուրս բնակվող հայերին համախմբելու համար, բայց շատ քչերն են արձագանքում»։
Հայության մեջ, մեր զրուցակցի ներկայացմամբ, հետաքրքիր բաժանում կա։ Մի կողմից
շատ են պասիվ հայերը, որոնց «յան»-ով ազգանունները հեռախոսագրքերում կան, իսկ կյանքում՝
ոչ։ Կան նաեւ այնպիսիք, որոնք միայն 25 տոկոսով են հայ, սակայն հպարտությամբ են խոսում
այդ մասին ու հոգով ավելի շատ հայ են, քան զտարյուն հայերը։ «Կան հայեր էլ, ովքեր
կամ ծնվել են ԱՄՆ-ում, կամ տասնամյակներ առաջ են ԱՄՆ գաղթել եւ ունեն հետաքրքիր վերաբերմունք՝
վերջին տարիներին գնացածների հանդեպ։ Վերջիններիս նրանք վերաբերվում են ոչ այնքան
իբրեւ իրենց հավասար հայերի, այլ ամերիկացու պես՝ նախկին սովետական միությունից եկածների։
Նրանք հոգու խորքում դեմ են, որ գնաս այնտեղ։ Կարծես թե վախենում են, որ նորեկներս
ինչ- որ կերպով իրենց վաստակած դիրքերին վնաս ենք հասցնելու։ Ես կհասկանայի, եթե
այդպես վերաբերվեին թափթփուկներին, ովքեր, օրինակ, գողությամբ կամ այլ ոչ պատվաբեր
գործերով են զբաղվում։ Իսկ իմ նահանգում չկա որեւէ մեկը, որ կգցի հայի պատիվը։ Այդ
առումով ցավալի է նկատել որոշ ամերիկահայերի այն դիրքորոշումը, թե՝ թող չգան այստեղ,
թող մնան Հայաստանում, այնտեղ արդեն լույս ու ջուր կա։ Հատկապես նրանք, ովքեր գալիս
են Հայաստան, գործ են դնում, մի քանի աշխատատեղ ստեղծում, կարծում են, որ Հայաստանում
զբաղվածության հարցը լուծել-պրծել են: Նրանք երեւի թե տեղյակ չեն, որ մարդու` ազատ
տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունքը միջազգայնորեն ճանաչված համընդհանուր
իրավունքներից մեկն է, եւ ԱՄՆ-ն իրենց հոր երկիրը չի ու իրենք չեն որոշելու, թե ես
Հայաստանո՞ւմ կմնամ, թե՞ ԱՄՆ կգամ, անկախ նրանից, թե Հայաստանում վիճակն ինչպիսին
է։ Բացի այդ, նրանք մոռանում են, որ չէին լինի այդ մեծ հնարավորությունների տեր մարդիկ,
եթե ԱՄՆ-ում ծնված կամ երկար տարիներ ապրած չլինեին։ Գուցե վախենում են, որ իրենցից
ոչ պակաս խելացի ու հաջողակ գտնվենք ու նախանձո՞ւմ են, որովհետեւ վերջին 10-15 տարիների
եկածները նախկին խորհրդային ուժեղ դպրոցի սաներն են։ Հրեաները, օրինակ, չեն դատապարտում
ոչ գնացողներին, ոչ էլ եկողներին: Նրանք ուր գնացել են՝ իրենց գտել ու ամրապնդվել
են, ու հիմա նրանց գործերը շատ ավելի լավ են, քան հայերինը։ Այսօր ԱՄՆ-ն մեծապես
հովանավորում ու աջակցում է Իսրայելի պետությանը, քանի որ ԱՄՆ-ում կա հզոր հրեական
համայք, իսկ այդ համայնքը բաղկացած չէ միայն սերունդներ առաջ ԱՄՆ գաղթած հրեաներից,
այլ շարունակաբար սնուցվում ու թարմացվում է նորեկների շնորհիվ, որոնց եթե չեն օգնում,
ապա գոնե չեն էլ վանում, թե՝ վերադարձիր Իսրայել, այնտեղ կյանքն արդեն թեթեւացել
է»: Ա. Հակոբյանը գոհ է, որ սահմանադրական փոփոխություններով հանվել է երկքաղաքացիության
արգելքը։ «Հայաստանում շատ խելացի իրավաբաններ կան, ովքեր կարող են համապատասխան
օրենքներ մշակել՝ որոշակի ցենզեր սահմանելով քաղաքական կյանքին մասնակցելու առումով։
Անձամբ ինձ համար Հայաստանի քաղաքացիությունս պահպանելը ավելի շատ բարոյահոգեբանական,
սենտիմենտալ հարց է, ինչի պատճառով մինչեւ օրս ԱՄՆ քաղաքացիություն դեռ չեմ ընդունել,
թեեւ վաղուց կարող էի եւ դա տեխնիկապես շատ կհեշտացներ իմ կյանքը ԱՄՆ-ում ու նաեւ
արտասահման ճանապարհորդելիս»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել