Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաշտից վերադառնալիս

Հունվար 14,2006 00:00

ՀՀ
քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում (նախագահող դատավոր՝ Սերժիկ
Ավետիսյան) շարունակվում է Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում 2005-ի հուլիսի 15-ին տեղի
ունեցած 29-ամյա Վահան Ռաշոյանի սպանության գործի քննությունը: Մեղադրանքը
պաշտպանում է Մարատ Թադեւոսյանը, մեղադրյալի աթոռին նստած է 17-ամյա Վահագն Ալթունյանը,
որը 2005-ի օգոստոսի 8-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով ազատազրկվել
է 8 տարի ժամանակով՝ մեղավոր ճանաչվելով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու
համար: Անչափահասը սպանել էր Վ. Ռաշոյանին գերանդուց պատրաստած ինքնաշեն դանակով:
Վահան Ռաշոյանի կյանքը փրկելու համար Չարենցավանի հիվանդանոցում աշխատեցին նաեւ Երեւանից
մեկնած բժիշկները, սակայն չկարողացան: Իսկ սպանության մոտիվը նման էր գեղարվեստական
գրականության տխուր սյուժեներից մեկին: Վ. Ռաշոյանը սիրել է 19-ամյա հարեւանուհուն՝
Ռուզաննա Բոզոյանին եւ մտադիր էր ամուսնանալ նրա հետ: Հարեւան Վ. Ալթունյանը համագյուղացիների
մոտ գլուխ է գովում, թե ինքն էլ է սիրում աղջկան: Մեջ ենք բերում դռնբաց դատական
նիստում վկա Հայկ Գեւորգյանի ցուցմունքից. «Մի օր Վահագն Ալթունյանն իրեն ասել է,
թե ինքը գնում է Ռուզաննա Բոզոյանենց տուն ոչ թե նրանց օգնելու համար, այլ որ ինքը
սիրում է Ռուզաննային, նա էլ է իրեն սիրում եւ երբեմն «ձեռք է գցում նրան»: Հայկ
Գեւորգյանը ասվածը հաղորդում է Վահանին, որը եւ պահանջում է Վահագնից, որ այլեւս
նման խոսակցություններ չլինեն եւ, ըստ գործի նյութերի, Վահագնը իբր ներողություն
է խնդրում Ռուզանից: «Առավոտին» Ռաշոյանի եղբայրը՝ Վարդանն ասաց, որ եղբայրը
իր սիրած աղջկա պատիվն է փորձել պաշտպանել եւ որ «հոգեբանական գրոհ են փորձում սկսել
իրենց ընտանիքի հանդեպ՝ խեղաթյուրված փաստերով հասարակության արգահատանքը հարուցելով
մեր նկատմամբ, բարոյական շանտաժի ենթարկելով մեզ»: Սակայն խոսակցությունները սրանով
չեն ավարտվում: Ընդհակառակը, նախաքննության մարմինը փորձելով հավասարության նշան
դնել զոհի եւ մարդասպանի միջեւ, պարզում է, թե «իբր Վահագնի նկատմամբ սիստեմատիկաբար
իրականացվել են բռնություն, ծաղրուծանակի գործողություններ, ավելին՝ իբր հանգուցյալ
Վահանը վեճի օրը ծեծել է Վահագնի ծնողներին»: Ռաշոյանների վարկածով, սակայն, դեպքի
օրը Վահանը մասնակցել է հարազատներից մեկի մահվան 5-րդ տարելիցին, ապա դաշտ գնացել,
խոտ հավաքել եւ վերադառնալիս փորձել է մտնել տուն, սակայն այդ պահին հարեւանի ռեպլիկների
արդյունքում դարձել է վիճաբանության մասնակից: Ըստ Վահան Ռաշոյանի պաշտպան
Անուշ Մխիթարյանի՝ 8 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է, իսկ ամբաստանյալի պաշտպան Սոս
Գրիգորյանն էլ կասկածի տակ էր դրել Ռաշոյաններին որպես տուժող ներգրավելու հարցը:
Վերաքննիչ բողոքում նա գրել էր. «Ի՞նչ տուժողների մասին է խոսքը, երբ նրանք իրենց
բարեկամների եւ կռվի պատճառ դարձած Ռուզաննայի հարազատների հետ հարձակվել են իմ պաշտպանյալի
ընտանիքի անդամների վրա, ի վերջո հասցրել են նրան, որ անչափահաս Վահագն Ալթունյանը
ստիպված միջամտել է կռվին, դիմել դանակի օգնությանը»: Ուշագրավ է, որ դանակի կիրառման
դրվագը ամբաստանյալի պաշտպանը ձեւակերպում է այսպես. «Քաշքշոցի ընթացքում ինչ-որ
մեկը նրան հետեւից հրել է ու ձեռքին եղած դանակը մտել է կանգնած վիճակում կռիվ անող
Վահան Ռաշոյանի որովայնի աջ մասը եւ վնասել լյարդը»: Ըստ համագյուղացիների՝ Վահանը
բարեկիրթ եւ զուսպ երիտասարդ էր, եւ նման ագրեսիվ նկարագիրը խորթ էր նրան: Դատաքննությունը
հավանաբար կավարտվի հունվարի 17-ին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել