Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՆ» ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՈՒՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ

Հունվար 14,2006 00:00

Սուրճ ներկրող մասնավոր
ընկերությունն ու Մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) երեք տարի շարունակ չեն կարողանում
մաքսային օրենսդրության սահմանած խաղի կանոններով հարթել առկա տարաձայնությունները:
«Ռոյալ Արմենիա» ընկերությունը դժգոհում է մաքսայինի խտրական վերաբերմունքից
եւ պատճառաբանում, որ իր ներմուծած ապրանքների համար մաքսավորների սահմանած մաքսային
բարձր արժեքները ՍՊԸ-ին արհեստականորեն դուրս են մղում ներքին շուկայից: Խնդրին վերջ
տալու նպատակով արդեն որերորդ անգամ «Ռոյալ Արմենիան» դիմում է տնտեսական դատարան
եւ պահանջում անվավեր ճանաչել մաքսայինի սահմանած անհամեմատ բարձր արժեքները: Դատարանն
էլ (նախագահությամբ Ե. Խունդկարյանի) արդեն որերորդ անգամ լսում է կողմերին եւ, ինչպես
«Ռոյալ Արմենիայի» ներկայացուցիչ Գեւորգ Մինասյանն է կանխատեսում, որպես կանոն մերժում
դիմումները: Վերջին դատական վեճը եզրափակվեց հունվարի 11-ին, սակայն Գ. Մինասյանն
այդպես էլ չկարողացավ ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը. ինչպե՞ս են որոշվել (ինչ
հաշվարկների արդյունքում) վիճելի մաքսային արժեքները: Այժմ մի փոքր մանրամասնենք
«խնձորի» ու «տանձի» պատմությունը: ՄՊԿ-ի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը պնդում
է. «Դիմումում նշված բոլոր (ութ) բեռնամաքսային հայտարարագրերով (ԲՄՀ) մաքսային արժեքները
հայտարարագրվել են դիմումատուի կողմից, որպիսի փաստը նշանակում է, որ վերջինս համաձայնել
է հայտարարագրված մաքսային արժեքներին: Մինչդեռ մաքսային արժեքի հետ համաձայն չլինելու
դեպքում, հայտարարատուն պետք է գործեր ՀՀ Մաքսային օրենսգրքի 96 հոդվածով»: Գ. Մինասյանը
դրան հակադարձում է. «Եթե վիճարկվող մաքսային արժեքները հայտարարագրվել են «Ռոյալ
Արմենիա» ՍՊԸ-ի կողմից, ապա ինչպե՞ս ընկալել պատասխանողի այն տեսակետը, ըստ որի,
եթե ՍՊԸ-ն համաձայն չէր մաքսային արժեքների հետ, ապա պետք է գործեր 96-րդ հոդվածով:
Պատասխանողն ինքն իրեն հակասելով, ակամայից ընդունում է այն փաստը, որ վիճարկվող
արժեքները սահմանվել են իր կողմից: Բացի այդ, ԲՄՀ-ի ապրանքի մաքսային արժեքի վանդակը
(46), ըստ համապատասխան հրամանի, պետք է լրացնի մաքսային մարմինը եւ ոչ թե հայտարարատուն»:
Պահանջներից մեկն այն էր, որ վերոնշյալ ութ գործարքներից վերջին երկուսի եւ
դրանց նախորդող ներմուծման դեպքերով մաքսային արժեքների տարբերություն կա: «Նույն
ծագման եւ նույն տեղափոխման ծախսերի պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ վերջին երկու
ներմուծված խմբաքանակների համար ներկայացված տվյալներով մաքսային արժեքի տարբերություններ
են գրանցվում»,- հարցնում է Կ. Կարապետյանը եւ եզրակացնում, որ փաստաթղթերում ներկայացված
մաքսային արժեքի բաղկացուցիչ ծախսերի չափերն անհիմն են: Գ. Մինասյանն այդ տարակուսանքից
տարակուսեց եւ պարզաբանեց, որ ապրանքի գները թելադրում է միջազգային շուկան, որտեղ
գների տատանումները հաճախակի երեւույթներ են: Նա նաեւ օգնության կարգով Կ. Կարապետյանին
հուշեց ինտերնետ սայթի այն հասցեն, որով նրանք կարող են ծանոթանալ սուրճի միջազգային
գների շարժին: Վերջում Գ. Մինասյանը հիշեցրեց, որ պետական մարմնի որոշումների, գործողությունների
օրինականությունը դատական կարգով վիճարկելիս դրանց հեղինակը ինքը պետք է ապացուցի
վիճարկվող ակտը ընդունելու կամ գործողությունը կատարելու համար հիմք ծառայած հանգամանքները:
«Մաքսային կոմիտեն զբաղված է օնանիզմով»,- եզրակացրեց «Ռոյալ Արմենիայի» ներկայացուցիչը
եւ վստահեցրեց, որ իրենք դեռ շատ «փամփուշտներ» ունեն եւ «կրակահերթի» տակ են պահելու
մաքսայինին, քանի որ պետական կառույցի գործողություններով ոտնահարվում է ՀՀ սահմանադրության
8-րդ կետը, տնտեսվարողների արդար մրցակցության սկզբունքը, վնաս է կրում պետբյուջեն
եւ, ի վերջո, Հայաստանից հեռանում են օտարերկրյա ներկրողները՝ կասկածի տակ առնելով
մեր երկրի իրավահարգ լինելու փաստը: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել