Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԼԻՖՏՅՈՐԻՆ ՓՈԽԵՔ»

Հունվար 14,2006 00:00

Բողոքում են Հարավ-արեւմտյան թաղամասի 88 շենքի բնակիչները

Մինչեւ անցյալ տարի բազմաբնակարան շենքերի բնակիչներն իրենք էին հոգ տանում իրենց մուտքի վերելակի մասին՝ անձամբ հրավիրելով ու պայմանավորվածություն ձեռք բերելով վերելակի՝ իրենց ցանկացած մասնագետի հետ: Բայց 2005-ի ընթացքում ավանդույթ դարձած այս կարգը իբր թե ի շահ բնակիչների փոխվեց. որպեսզի բնակիչները այլեւս չընկնեն մասնագետների ետեւից ու «սուտ լիֆտյոր» ձեւացած պատահական մարդկանց կողմից չխաբվեն, ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Վերելակ» ՓԲԸ-ն: Տարբեր համայնքներում տեղակայված այս ընկերության մասնագետներն էլ իրենց հայեցողությամբ շենքերը բաժանեցին իրար մեջ, ու այժմ թե որ շենքին ինչ մասնագետ է «բաժին ընկել»՝ բախտի հարց է: Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասի Անդրանիկի 88 շենքի նոր վերելակավարը, բնակիչների հավաստիացմամբ, միայն փող հավաքելու օրերին է պարտաճանաչ գալիս, իսկ երբ վերելակի հետ կապված ինչ-որ անսարքություններ են առաջանում, այլեւս նրան գտնել չի լինում: Նախ, ըստ «Վերելակ» ՓԲԸ-ի հետ բնակիչների կնքած պայմանագրի, վերջիններս յուրաքանչյուր վերելակի համար ամեն ամիս պետք է վերելակավարին վճարեն 5000 դրամ, որի դիմաց նա պետք է անընդհատ, այսպես ասած, «հսկի» վերելակը՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ առանց բնակիչների ահազանգերի այցելի, յուղի, ստուգի եւ այլն:

Բայց նշված շենքի վերելակների համար պատասխանատվություն կրող մասնագետը ոչ միայն իր նախաձեռնությամբ չի գալիս, այլեւ բնակիչների բազմաթիվ զանգերին ու խնդրանքներին չի արձագանքում: Ընդ որում, նրան գտնելու, վերելակի հետ կապված խնդիրը բացատրելու եւ կանչելու համար բնակիչները ստիպված են լինում զանգահարել նրա բջջային հեռախոսին ու վերելակի համար վճարվող գումարից ավելի էլ հեռախոսավարձ փակել, քանի որ վերելակավարը, բնակիչների պատմելով, արգելել է իրենց զանգել իր բնակարան ու անհանգստացնել, իսկ աշխատավայրում նա բացառիկ դեպքերում է լինում: «Վերելակ» ՓԲԸ-ի աշխատաոճի համաձայն, բնակիչները կարող են աշխատավայր զանգել, թողնել իրենց շենքի համարը, եւ համապատասխան մասնագետը պարտավոր է շատ կարճ ժամկետում այցելել տվյալ շենք, սակայն այս դեպքում բնակիչները, բացի շենքի համարից, որքան էլ սրտաճմլիկ ու փաղաքշական հաղորդագրություններ են թողնում իրենց վերելակավարի համար, վերջինս համառորեն դրանց չի արձագանքում: Խնդիրն այն է, որ մի մասնագետը, անգամ շատ ցանկանալու դեպքում, չի կարող պատշաճ կերպով սպասարկել տասնյակ շենքեր՝ մանավանդ որ Հարավ-արեւմտյան թաղամասում շենքերի մեծ մասը 4-5 մուտքանի է: Մեր տեղեկություններով՝ 88 շենքի վերելակավարը սպասարկում է 72 շենք, ուստի զարմանալի չէ, որ երբ բնակիչները նրան կանչում են այս կամ այն շենքի վերելակը վերանորոգելու, պատճառաբանում է, թե «հիվանդ է, աղջիկ է ամուսնացնում, բարեկամի թաղում է գնում» եւ այլն: Արդյունքում՝ թեեւ բնակիչները պահանջվող 5000 դրամը պարտաճանաչ տալիս են, բայց այնպես է ստացվում, որ վերելակից ամսվա ընթացքում լավագույն դեպքում օգտվում են 1 շաբաթ: 88 շենքի 1-ին մուտքի վերելակը հիմա աշխատում է կիսավեր գնացքի նման՝ վերուվար անելիս վախենալու եւ վտանգավոր ձայներ արձակելով ու բնակիչների հանգիստը խանգարելով, իսկ վերելակավարը դեռ տոներից առաջ խոսք է տվել վերանորոգել, բայց մինչ օրս չկա ու չկա:

Դեռ այն ժամանակ, երբ բնակիչները գործ ունեին ոչ թե «Վերելակ» ՓԲԸ-ի, այլ իրենց սրտով «լիֆտյորների» հետ, համենայնդեպս նշված հասցեում վերելակն այդպիսի խնդիրներ չի ունեցել, փչացել է հազարից մեկ, որն էլ պահանջել է ամսական առավելագույնը 1000-2000 դրամի ծախս: «Վերելակ» ՓԲԸ-ի հետ պայմանագիր կնքելը բնակիչներին պարտադրել են համատիրությունից՝ վախեցնելով, թե «հետո եթե մի բան պատահի՝ ոչ մեկին չմեղադրեք»: Բնակիչներն էլ, այլընտրանք չունենալով, հրաժեշտ են տվել իրենց նախկին վերելակավարին ու ընկել կրակը: Այսուհետեւ, եթե նույնիսկ վերելակը շաբաթներով չաշխատի եւ շենքը սպասարկող մասնագետը չհայտնվի, բնակիչները չեն էլ կարող դիմել այլ մասնագետների, քանի որ վերջիններս իրավունք չունեն խառնվել, կոպիտ ասած, «ուրիշի տարածքի» գործերին: Իհարկե, «Վերելակ» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը նաեւ իր դրական կողմերն ունի ու մեծ հաշվով իր առջեւ դրված հիմնական դերը, այն է՝ դաշտի կարգավորումը, կատարում է: Նախկինում կեղծ վերելակավարներ էին հայտնվում, սկզբնական շրջանում մի քիչ «բզբզում», հետո թալանում էին թանկ սարքավորումներն ու անհետանում, իսկ հիմա բնակիչն այս առումով կարող է վստահել «Վերելակ» ընկերության ուղարկած մասնագետին: 88 շենքի վերելակավարի հետ կապված խնդրի առնչությամբ ընկերության տնօրեն Մանվել Մալխասյանից չհաջողվեց պարզաբանում ստանալ՝ վերջինիս զբաղվածության պատճառով:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել