Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չգիտեի, որ persona non grata եմ դառնալու
հարազատ երկրում»

Հունվար 14,2006 00:00

Ասաց
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, երբ երեկ Հայաստանի հելսինկյան
կոմիտեի կազմակերպած քննարկման ընթացքում տեղեկացավ, որ իրեն արգելել են մտնել Պաշտպանի
գրասենյակ: Նախօրեին կառավարությունը որոշել էր մինչ նոր Պաշտպանի ընտրությունը
կասեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գործունեությունը:
Որպես որոշման հիմնավորում՝ կառավարության պաշտոնական հաղորդագրությունում նշված
է, թե հաշվի են առել, որ Պաշտպանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի բացակայության պայմաններում
կազմալուծվել է աշխատակազմը, եւ որ «ՀՀ օրենսդրության համաձայն, որեւէ մարմին կամ
անձ իրավունք չունի նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար կամ
փոխարինել նրան»: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ սա եւս մի հաստատում է, թե հակաօրինական
է Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որում ուղղակիորեն նշված է, թե Պաշտպանի «աշխատակազմի
կառավարումն իրականացնելու համար» է ստեղծվում ժամանակավոր եռանդամ հանձնաժողովը:
Երեկ տեղի ունեցավ դարձյալ մի ապօրինի եւ ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ամոթալի
փաստ: Եռյակ հանձնաժողովը հայտարարել է, թե քանի որ աշխատակազմը հարկադիր պարապուրդի
մեջ է՝ շենք մտնելու իրավունք ունեն միայն հաշվապահը, կադրերի բաժնի աշխատակիցը,
գույքի համար պատասխանատուն եւ նամակների բաժնի ղեկավարը: Լարիսա Ալավերդյանը շարունակում
էր իրականացնել Պաշտպանի գործառույթները եւ եզրակացրեց, թե նման որոշում են ընդունել,
որ ուղղակիորեն չասեն, թե իրեն արգելվում է մտնել շենք: Սա էլ ամբողջը չէ:
Երեկ Լարիսա Ալավերդյանը պատասխան է ստացել այդ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարից՝
ՍԴ աշխատակազմի ղեկավարից, թե հունվարի 5-ին փոստով ուղարկված նրա դիմումը՝ Ռոբերտ
Քոչարյանի այս տարվա առաջին հրամանագրի սահմանադրականության վերաբերյալ, չի համապատասխանում
«ՍԴ մասին» օրենքի 27 եւ 28 հոդվածներին եւ Սահմանադրության 101 հոդվածին: Այսինքն՝
Լարիսա Ալավերդյանն այլեւս իրավունք չուներ դիմել ՍԴ-ին: Ուշագրավ էին քննարկման
մասնակիցների արձագանքներն այս ամենին: «Կսպասեի՞ք, որ նոր Սահմանադրության պայմաններում
խախտվի այն: Ես, օրինակ, չէի սպասի»,- միամիտ հայացքով նայելով ներկաներին՝ հեգնեց
Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը: Իսկ ավելի լուրջ՝ նա մի շարք դիտարկումներ
ներկայացրեց, թե խախտվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածը,
ըստ որի՝ Պաշտպանի օգտագործած կապի միջոցները, նաեւ նրան պատկանող փաստաթղթերն անձեռնմխելի
են: Մինչդեռ հանձնաժողովը վերցրել է առաջին Պաշտպանից փաստաթղթերը, որոնք պետք է
փոխանցվեին միայն հաջորդ Պաշտպանին: Ըստ Ավետիք Իշխանյանի՝ սա ուղղակի Հայաստանի
իշխանությունների վերաբերմունքի ապացույցն է «ոչ միայն Մարդու իրավունքների հաստատության,
այլեւ ընդհանրապես մարդու իրավունքների նկատմամբ»: Նա նաեւ հայտարարեց, թե ընդհանրապես
ավելի անկեղծ կլիներ, եթե մենք դատարաններ էլ չունենայինք: Եվ վստահություն հայտնեց,
թե հաջորդ պաշտպանն այս ամենից հետո ընդամենը «ցուցափեղկ» է լինելու, որի դերում
Ռոբերտ Քոչարյանը հույս ուներ տեսնել Լարիսա Ալավերդյանին: Քննարկման մասնակիցները
մի շարք առաջարկներ արեցին՝ ստեղծված իրավիճակի առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ,
ստեղծել ՄԻՊ ինստիտուտի պաշտպանության խումբ, դիմել եվրոպական կառույցներին ու վերջապես՝
առաջարկել ընդդիմությանը վերստին առաջադրել Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: Ա.
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել