Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գաղտնի բանակցություններ Փարիզո՞ւմ

Հունվար 14,2006 00:00

Գաղտնի
բանակցություններ Փարիզո՞ւմ Անցած տարեվերջին ինտենսիվորեն
շրջանառվող կանխատեսումներն առ այն, որ 2006-ին ղարաբաղյան գործընթացում տեղաշարժեր
են սպասվում, կարծես թե մասամբ իրականություն են դառնում: Բայց ամենեւին ոչ դրական
իմաստով: Վերջին օրերին թեման իսկապես շատ է ակտիվացել, եւ, ամենայն հավանականությամբ,
այդ ակտիվությունը առաջիկայում էլ կպահպանվի: Ասել է թե՝ առնվազն խնդրի միջազգային
վերարծարծման տեսակետից կանխանշվող տեղաշարժերը որոշակիորեն առկա են: Սակայն դրանք
առկա են առավելապես հակամարտության գոտում լարվածության աճի, այլ ոչ՝ հակառակ միտումները
ցուցող ազդակների հաշվին: Այսպես: Երեկ լրատվական գործակալությունները սենսացիոն
տեղեկատվություն են տարածել այն մասին, թե Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության
(ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառել, որ ՀԱՊԿ-ը կօգտագործի իր
ռազմական ներուժը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Բորդյուժան այս մասին ասել
է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում երեկ հրապարակված հարցազրույցում: Պատասխանելով
հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը կօգտագործի՞ իր ռազմական ներուժը, եթե Ադրբեջանը հարձակվի
Հայաստանի վրա, Նիկոլայ Բորդյուժան նշել է. «Հավաքական անվտանգության պայմանագրի
չորրորդ հոդվածում հստակ ասված է, որ ՀԱՊԿ անդամ երկրների կամ համաձայնագրի մասնակցի
դեմ ագրեսիան պայմանագրի մնացած անդամների կողմից դիտվում է որպես ագրեսիա ընդդեմ
բոլորի: Այսպիսով, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Սակայն ՀԱՊԿ-ի գլխավոր
խնդիրն այնպիսի համակարգի ստեղծումն է, որի դեպքում զինված ուժերը չեն օգտագործվի:
Պայմանագիրն իր էությամբ նպատակադրված է թույլ չտալ արյունահեղություն, ուժային տարբերակներ
այս կամ այն խնդրի լուծման դեպքում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետությունների
հետ նրա սահմաններում»: Կանխանշվող ղարաբաղյան «տեղաշարժերի» համատեքստում
անչափ հետաքրքիր է դիտվում նաեւ ադրբեջանական ընդդիմադիր «Ենի մուսավաթ» թերթի այն
տեղեկատվությունը, համաձայն որի նախագահ Իլհամ Ալիեւը Փարիզում գաղտնի բանակցություններ
է վարում ԵԱՀԿ դիվանագետների հետ, որոնց առանցքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորման խնդիրն է, մասնավորապես՝ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Պաշտոնապես
Ադրբեջանի նախագահը հունվարի 2-ից կարճատեւ արձակուրդում է: Վկայակոչելով դիվանագիտական
աղբյուրները՝ «Ենի մուսավաթ»-ը պնդում է, որ Իլհամ Ալիեւը նախ մեկնել է Դուբայ, իսկ
այնտեղից էլ ուղեւորվել է Ֆրանսիա: Փարիզում Ադրբեջանի դեսպանության անունը բացահայտել
չկամեցած աշխատակիցը «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ «Իլհամ Ալիեւի պաշտոնական
այց Ֆրանսիա չկա, իսկ նախագահի մասնավոր կյանքի մասին որեւէ բան ասել ինքը չի կարող»:
Միաժամանակ ադրբեջանցի դիվանագետը հրաժարվել է միանշանակորեն հերքել, թե Իլհամ Ալիեւը
Փարիզում չէ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել