Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՛ՆՔԴ ՈՒՆԵՍ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունվար 14,2006 00:00

Ակնարկել
է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հանրաքվեն դիտարկած ԵԽ ժամանակավոր
հանձնախմբի ղեկավար Թոմաս Ջիրսային: Նրան ուղղված նամակում Տիգրան Թորոսյանը
պնդել է, թե Ջիրսայի կազմած զեկույցում «ոչ միայն ներառվել են մի քանի ակնհայտ սխալներ,
այլեւ աղավաղվել է այն պատկերը, որը ներկայացրել էր դիտորդական առաքելությունը նոյեմբերի
28-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ»: Եվ այս առնչությամբ արված են 16 ճշտումներ:
Ահա դրանցից մի քանիսը: Որպես ընդհանուր թերություն նշված է. «Զեկույցում
ամենուրեք նախագծի կողմնակիցների եւ հակառակորդների բաժանումն արված է «իշխանություն»
եւ «ընդդիմություն» տերմիններով: Մինչդեռ նախագիծը պաշտպանել են մի շարք արտախորհրդարանական
եւ խորհրդարանական քաղաքական ուժեր, որոնց ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր
չէ համարել իշխանություն: Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Ազգային ինքնորոշում կուսակցությունը
միշտ էլ եղել է անհաշտ ընդդիմություն, եւ նախագիծը պաշտպանելու ընթացքում էլ իր անհամաձայնությունն
է հայտնել իշխանություններին բազմաթիվ հարցերի վերաբերյալ»: Զեկույցում նշվում
է, թե NDI եւ IFES-ը հրավեր չեն ստացել դիտարկելու ընտրությունները: Տիգրան Թորոսյանը
տեղեկացնում է, որ անցած ընտրությունների ընթացքում հրավերներ ուղարկվել են միայն
ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ: NDI-ը եւ IFES-ը ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու
համար իրենք են հայտ ներկայացրել. «Հանրաքվեի համար նրանք հայտ չեն ներկայացրել,
եւ արդարացի չէ այս խնդիրը եւս կապել Հայաստանի իշխանությունների հետ»: Վերջիններիս
հետ կապ չունեցող է որակվում նաեւ ԵԽԽՎ դիտորդների հետեւյալ նկատառումը. «Առավել
երկրի շահերից էր բխում հրավիրել լայնամասշտաբ միջազգային դիտորդական առաքելությունների,
քան 14 հոգանոց պատվիրակությունը դարձնել իրենց աչքի առջեւ տեղի ունեցող խախտումների
միակ միջազգային ականատեսը»: Տիգրան Թորոսյանը հիշեցնում է, թե անգամ ԵԽԽՎ որոշված
10 դիտորդներից 3-ը չեկան. «Հայաստանը որեւէ սահմանափակում չի դրել դիտորդների թվի
վրա: Եվ արդարացի չէ ինչ-որ մեղադրանքներ ներկայացնելը»: Ջիրսայի զեկույցում
նշվում է, թե «բացառիկ բարձր շեմը, զուգակցված «մեռած հոգիներով» լի ընտրացուցակների
վատ վիճակով՝ շատ դժվարացրեց քվորումի ձեռք բերումը»: Տ. Թորոսյանն անհիմն է անվանել
ընտրացուցակների վերաբերյալ որակումները. «Եթե ընտրությունների ընթացքում իսկապես
ընտրացուցակների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ եւ փաստեր էին արձանագրվել, ապա հանրաքվեի
ժամանակ դրանց թիվը չնչին է»: Ըստ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարի՝
բացարձակապես չի համապատասխանում իրականությանը զեկույցի հետեւյալ հատվածը. «Բոլոր
չեզոք դիտորդները, որոնց հետ պատվիրակությունը խորհրդակցեց, միակարծիք էին, որ փոփոխություններին
դեմ փաստարկները տեղ չեն գտել հեռուստատեսությունում»: Ըստ պրն Թորոսյանի՝ «Եթե կարելի
է վիճարկել, թե հեռուստատեսությամբ «կողմ» ելույթնե՞րն են եղել շատ, թե՞ «դեմ», ապա
հայտարարությունը, թե «դեմ» կարծիքների հեղինակներն իրենց փաստարկները չեն կարողացել
ներկայացնել՝ բացարձակ հերյուրանք է»: Որպես ապացույց պատրաստակամություն է հայտնել
տրամադրել մի քանի տասնյակ հարցազրույցների եւ այլ հաղորդումների տեսագրություններ:
Դիտորդները հիշատակել էին, որ իրենց այցի ընթացքում շրջանառության մեջ էր
այն վարկածը, թե ԼՂ հակամարտության կարգավորման դիմաց Արեւմուտքն աչք է փակելու հանրաքվեի
խախտումների վրա: Տիգրան Թորոսյանն այս առնչությամբ զարմանք է արտահայտել. «Մի՞թե
ԵԱՀԿ ղարաբաղյան խնդրով զբաղվող այլ միջազգային կառույցների մասին անհեթեթ բամբասանքները,
որ պատմում էին՝ փաստարկներ չունենալով նախագծի դեմ, պետք է տեղ գտնի առաքելության
զեկույցում»: Տարակուսելի է դիտվել, որ փաստաթղթում հիշատակված է, թե «Հանրապետության»
գործիչներից մեկը կարմիր լույսն անցնելուց հետո դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության
կողմից. «Զարմանալի է ճանապարհային երթեւեկության խախտման հետ կապված միջադեպի ներառումը
զեկույցում: Իհարկե, եթե որեւէ մեկի (ոչ միայն կուսակցականի) հետ վատ են վարվել՝
դատապարտելի է, սակայն մի՞թե դա որեւէ առնչություն ունի հանրաքվեի հետ»: Գյուղերում
«նոր սահմանադրության» կապակցությամբ տոնակատարությունները «սովետական մտածողությամբ»
պայմանավորված լինելու վերաբերյալ Թոմաս Ջիրսայի կասկածին պրն Թորոսյանը տվել է շատ
կոպիտ պատասխան. «Քննարկման առարկայի վերաբերյալ կարծիքը հիմնավորելու համար գործին
չառնչվող այլ կասկածներ մեջտեղ բերելը հենց սովետական մտածողության ակնառու դրսեւորում
է»: Մի քանի կարեւոր առաջարկ կա. որ զեկույցի բոլոր հատվածներում, երբ հիշատակվում
են կեղծիքները՝ դիտորդները նշեն ընտրատարածքի համարը: Զեկույցի եզրակացություններից
մեկին, թե սահմանադրական հանրաքվեն «ընդմիշտ կմնա կասկածելի վստահությամբ արատավորված:
Որեւէ բարեփոխում լիովին ժողովրդավարական չէ, եթե այն ձեռք է բերվում ոչ-ժողովրդավարական
միջոցներով»՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը հակադարձել է. «Նման կոշտ կասկածանքը,
կարծում եմ, արդարացի չէ: Փորձեք գնահատել քվեարկության հետ կապված խախտումների ծավալն
ըստ 1922 ընտրատեղամասերից 1480-ում (ընդհանուրի մոտ 70%) դիտորդական առաքելություն
իրականացրած «Ընտրությունը քոնն է» կազմակերպության զեկույցի: Հանրաքվեի արդյունքը
կասկածի տակ կարող է դրվել այն դեպքում, եթե խախտումների թիվն ավելի քան 650000 է,
ինչը, կարծում եմ, կհամոզվեք, միանգամայն անիրական թիվ է»: Նշենք, որ չնայած
այս բոլոր առաջարկներին՝ Թոմաս Ջիրսայի զեկույցն արդեն ԵԽԽՎ բյուրոյի կողմից հաստատվել
է առանց որեւէ փոփոխության: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել