ՎԵՅԿ-ԱՆ-ԶԵԵ. ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ Վաղը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում գործի կդրվեն 19-րդ կարգի «Korus Chess ounament 2006» այս տարվա անդրանիկ շախմատային գերմրցաշարի ժամացույցները: Հողագնդի տասնչորս ուժեղագույն գրոսմայստերները տասներեք տուրերում շրջանաձեւ մրցակարգով կորոշեն հաղթողին: Մասնագետները նշում են, որ պայքարը խոստանում է լինել ամենահետաքրքիրներից մեկն այս տարի կայանալիքների մեջ հենց միայն այն պատճառով, որ փաստորեն խաղատախտակների առջեւ իրենց կարողություններն են ցուցադրելու ներկայիս գործող շախմատիստների երեք սերունդների աստղերը: Նրանք բոլորն էլ, անկախ տարիքից, հարուստ մրցափորձ ունեն ու տիտղոսների պակաս չեն զգում: Կարծում ենք, հայ շախմատասերներին կհետաքրքրի մասնակիցների մինչեւ այժմ ունեցած մարզական ձեռքբերումների թեկուզ համառոտ թվարկումը: Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ ՖԻԴԵ-ի աշխարհի գործող չեմպիոն: Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ աշխարհի 2000թ. չեմպիոն, արագ շախմատի աշխարհի 2003թ. չեմպիոն, ՖԻԴԵ-ի 2000 եւ 2002թթ. գավաթակիր, եռակի օսկարակիր: Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ ՖԻԴԵ-ի 2005 թվականի գավաթակիր, մինչեւ 20 տարեկանների աշխարհի 2002թ. չեմպիոն: Պետեր Լեկո (Հունգարիա)՝ աշխարհի 2004թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի (Վլադիմիր Կրամնիկի հետ) մասնակից, որում ոչ-ոքի՝ 7:7 հաշվի պայմաններում ռուսաստանցին պահպանեց չեմպիոնի կոչումը: Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ աշխարհի 2002թ. փոխչեմպիոն, Եվրոպայի 2004թ. չեմպիոն: Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ ՖԻԴԵ-ի 1995թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից: Էտյեն Բակրո (Ֆրանսիա)՝ մինչեւ 10, 12 տարեկանների Եվրոպայի 1993-1995թթ. չեմպիոն, միջազգաին մրցաշարերի հաղթող: Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2001-2005թթ. մինչեւ 14, 16, 18, 20 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Մայքլ Ադամս (Անգլիա)՝ աշխարհի 2004թ. առաջնության եզրափակիչի, 1997, 1999, 2000թթ. կիսաեզրափակիչի մասնակից: Իվան Սոկոլով (Հոլանդիա)՝ միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող: Գատա Կամսկի (ԱՄՆ)՝ ՖԻԴԵ-ի աշխարհի 1996թ. փոխչեմպիոն: Սերգեյ Տիվյակով (Հոլանդիա)՝ մինչեւ 20 տարեկանների 1990թ. աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի կազմում 1994թ. համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)՝ 16 տարեկան, շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստերը, աշխարհի ու Եվրոպայի պատանիների ու երիտասարդների միջեւ անցկացված մրցաշարերի բազմակի հաղթող: Լյուկ Վան Վելի (Նիդեռլանդներ)՝ միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ