Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես

Հունվար 13,2006 00:00

«Ես կփակեի կոնսերվատորիան» Հայտարարում է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանը Անցած ողջ տարվա ընթացքում Արաքս Դավթյանը միայն մի անգամ է ելույթ ունեցել Հայաստանում՝ ԱԺ շենքի բակում Անկախության օրվան նվիրված համերգին: Այն դեպքում, երբ երգչուհին մեծ հաջողությամբ ելույթ է ունենում Ամերիկայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Ստացվում է, որ Արաքս Դավթյանին Հայաստանի հետ մասնագիտական իմաստով ոչինչ չի կապում, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ նա հրաժարվել է դասավանդել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: «Հայաստանի հետ այսօր ինձ ոչինչ չի կապում, որովհետեւ կամաց-կամաց համոզվում եմ, որ պրոֆեսիոնալ մարդը Հայաստանում պետք չէ: Ինչ վերաբերում է Երեւանի պետական կոնսերվատորիայից իմ դուրս գալուն, բանն այն է, որ այնտեղ վոկալ բաժնում սովորում է 350 ուսանող: Նման քանակի դեպքում հնարավոր չէ հասնել հարկավոր մակարդակի: Կոնսերվատորիան էլիտար բուհ է, ուր պետք է ուսանեն իրենց գործի ընտրյալները: Մեզ մոտ դա, մեղմ ասած, այդպես չէ: Եվ հետո, Հայաստանում կա ընդամենը մեկ օպերային թատրոն, որը, լավագույն դեպքում, տարին կարող է ընդունել մեկից երկու շրջանավարտ: Իսկ կոնսերվատորիայից ամեն տարի դուրս է գալիս 60-ից 70 վոկալիստ: Այս իմաստով ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում: Կարծում եմ՝ չեք առարկի նաեւ այն մտքին, որ աշխատանքը պետք է վարձատրվի: Կոնսերվատորիայում դասախոսները չնչին աշխատավարձ են ստանում: Եվ մարդը, որը կողմնակի եկամուտ չունի, չի կարողանա ապրել: Հետաքրքիր է, այն չինովնիկները, որոնք ոչինչ չանելով՝ բարձր աշխատավարձ են ստանում, կկարողանա՞ն ապրել, ասենք, 9 հազար դրամով: Կասկածում եմ»: Ըստ երգչուհու՝ այսօր կոնսերվատորիան՝ որպես այդպիսին, չկա. մնացել է միայն անվանումը: «Օրինակ՝ վոկալ բաժնում մեկ ուսանողի հետ մեզ տրվում է շաբաթական երկու անգամ կես ժամ պարապելու հնարավորություն: Կես ժամում, հասկանալի է, կհասցնես թերեւս միայն ձայնդ բացել՝ երգել սկսելու համար: Դասախոսն արդյունք ունենալու համար ստիպված է լինում ուսանողին իր տուն կանչել: Եվ ստացվում է այնպես, որ դասախոսն իր հաշվին է ուսանողին սովորեցնում: Սակայն չպե՛տք է այդպես լինի: Կամ էլ դաշնամուրային բաժնում ինչի՞ կարելի է հասնել՝ կես ժամ պարապելով: Ասենք՝ 45 րոպե տեւող կոնցերտն ինչպե՞ս հասցնել նվագել կես ժամում: Աշխատանքի հանդեպ նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն անթույլատրելի է: Ինձ մնար՝ ես առհասարակ կփակեի կոնսերվատորիան, որովհետեւ այսօր Հայաստանին այն պետք չէ: Որովհետեւ, եթե ուսանողը կարող է բացել լսարանի դուռն ու հարցնել. «Մորքուր, քննությունը ստեղ ա՞»՝ դա արդեն կոնսերվատորիա չէ»: Այն, որ Արաքս Դավթյանը չի երգում մեր օպերային թատրոնում եւ իր մասնագիտական առաջընթացը կապում է այլ երկրների թատրոնների հետ, եւս պատահական չէ. «Օպերային թատրոնում ամեն ինչ գլխիվայր է: Այնտեղ եւս այնպիսի կոռումպացված համակարգ է, ուր ամեն ինչի հիմքում ծանոթությունն է: Չկա՛ արտիստների ընտրության սկզբունք, չկա՛ մասնագիտական հանձնաժողով, որը լսումներ կանցկացնի ու կորոշի երգչի ձայնային տվյալները, չկան կոմպետենտ ռեժիսորներ, կոմպետենտ դիրիժորներ: Այդ ամենը մեր օպերային թատրոնում չկա: Ես տեսել եմ Գեղամ Գրիգորյանի բեմադրած «Տրավիտան». դա մի խայտառակություն էր: Տեսել եմ նրա «Անուշը», որը մի ահավո՛ր բան էր: Այնտեղ հիմնականում աշխատում են գործին անտեղյակ մարդիկ: Մեր օպերային թատրոնը խաղացանկ չունի: Եթե շաբաթը մեկ նոր ներկայացում լինի՝ մարդիկ անպայման կգնան: Իսկ հիմա մարդիկ գնում են միայն «Անուշի» ներկայացմանը: Տեսեք, ունենք մեկ օպերային թատրոն, մեկ սիմֆոնիկ նվագախումբ: Ներողություն, ինչու՞ պետք է այդ նվագախումբը պահի միայն Լուիզ-Սիմոնը: Իսկ ու՞ր է պետությունը»: Հայաստանում ստեղծագործող արվեստագետների մասին զրուցելիս՝ խոսեցինք դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մասին, որին, ի դեպ, վերջերս եմ երթուղային տաքսիում տեսել: «Սվետլանա Նավասարդյանը՝ երթուղայինում: Սա արդեն այն ցուցանիշն է, թե ինչպես է պետությունը վերաբերվում այն արվեստագետներին, ովքեր Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնում են միջազգային ասպարեզում: Սվետլանա Նավասարդյանն այսօր, իմ կարծիքով, առնվազն պետք է լիներ նախագահի խորհրդականը՝ մշակութային ոլորտում»: Մշակույթի հարցերով նախագահի խորհրդականն այսօր ամենեւին էլ Սվետլանա Նավասարդյանը չէ, սակայն օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը Գեղամ Գրիգորյանն է, որը, ըստ Արաքս Դավթյանի՝ թեեւ լավ ձայն ունի, սակայն լավ ձայնը երգչի համար միակ կարեւոր պայմանը չէ. «Պետք է ունենալ գործի հանդեպ խելամիտ մոտեցում»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել