Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Հունվար 13,2006 00:00

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՇԵՂՎԵ՞Լ ԵՆ Հայաստանի սահմանադրական հանրաքվեն դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնախմբի զեկույցում պահանջներ կան, որ իշխանություններն անհապաղ հետաքննեն դիտարկված կեղծիքները: Մինչդեռ Հայաստանի գլխավոր դատախազ ի անցած տարեվերջի ասուլիսից պարզ դարձավ, որ հանրաքվեի ընթացքում չի կատարվել քրեորեն ապացուցելի որեւէ արարք, բացի «Հայլուրի» թղթակցի վրա հարձակումից: Երեկ ասուլիսում «Առավոտի» այս դիտարկմանն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն այսպես արձագանքեց. «Համոզված եմ, թե հնարավոր չէր, որ ամբողջությամբ քննված որեւէ փաստաթուղթ ներկայացվեր դատախազությանը՝ սա որեւէ մեկի անելիքը չէ: Արձանագրված է փաստ՝ այն միանշանա՛կ պետք է ունենա համապատասխան արձագանք: Ցավալի կլինի, եթե իսկապես արձանագրված անհերքելի փաստերի վերաբերյալ չլինի որեւէ արձագանք»: Սակայն ճիշտ համարեց սպասել դատախազության աշխատանքի ավարտին, երբ կլինի ամփոփիչ գրավոր փաստաթուղթ: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը համոզմունք հայտնեց, թե այս զեկույցի առնչությամբ հունվարի 23-ին Ստրասբուրգում «ելույթներ կարող են լինել, բայց Հայաստանի հանրաքվեի վերաբերյալ առանձին քննարկում չի լինելու, բանաձեւ չի լինելու»: Տիգրան Թորոսյանը նաեւ բացահայտեց, որ համաձայն չէ զեկույցի մի շարք ձեւակերպումների, ինչի մասին տեղյակ է պահել փաստաթղթի հեղինակին: Որպես օրինակ նշեց զեկույցի հետեւյալ հատվածը. «Որոշ գյուղերում քվեարկությունը զուգակցվում էր տեղական իշխանությունների կողմից կազմակերպված «նոր սահմանադրության» ընդունման տոնակատարություններով: Շատ դժվար է դատել, թե որքանո՞վ էր մարդկանց բարձր ակտիվությունը ինքնաբուխ, եւ արդյոք չկա՞ր հին, սովետական մենթալիտետի տարր, թե անում են այն, ինչ ակնկալվում է»: Ըստ պրն Թորոսյանի՝ «Նման ձեւակերպումներ կոռեկտ չէ զեկույցում կիրառելը: Առավել եւս, որ որեւէ մեկը չունի ո՛չ նման առաքելություն՝ պարզելու, թե մարդիկ այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց վերաբերմունքն արտահայտելիս ինչ մտածողությամբ են դա անում, ո՛չ էլ որեւէ մեկը հնարավորություն ունի դա պարզելու: Նման բաներն, իմ կարծիքով, շեղում են Երեւանում առաքելության հրապարակած առաջին փաստաթղթից»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել