Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հունվար 13,2006 00:00

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ: ԱՌԱՅԺՄ ]«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը վաղաժամ է համարում այսօր խոսելը, թե իր ղեկավարած ՀԺԿ-ն առանձի՞ն, թե՞ դաշինքով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, թե «Արդարության» համար շատ ավելի լավ կլինի, եթե այն կազմալուծվի՝ հաշվի առնելով, որ դաշինքից ընդամենը 1 կամ 2 կուսակցություն կարող են մասնակցել խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: Մասնավորեցրել էր, թե խոսքը հատկապես ՀԺԿ-ի մասին է, որն, ըստ Գեղամյանի՝ միայն կշահի բաժանումից. «Կարծում եմ, որ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ստեղծած ՀԺԿ-ն, ինչպես եւ «Ազգային միաբանությունը», ինքնաբավ կուսակցություն է»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեր խնդրանքով անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ այս տեսակետին՝ ասաց. «Դաշինքները ստեղծվում են ընտրությունների ժամանակ եւ իհարկե, հավերժ չեն: Սակայն խոսել այն մասին, թե հաջորդ ընտրություններին ինչպես է մասնակցելու ՀԺԿ-ն՝ կարծում եմ, դեռ վաղաժամ է: ՀԺԿ-ն, ինչ խոսք, կարող է գործել առանձին: Միեւնույն ժամանակ, ՀԺԿ-ն ամեն ինչ արել է դաշինքի ամրապնդման համար: Մենք հավատարիմ ենք մնում Կարեն Դեմիրճյանի այն պատգամին, թե ոչ մի կուսակցություն կամ անհատ միայնակ չի կարող լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: «Արդարությունն» այսօր գործում է եւ գործելու է՝ դաշինքի լուծարման խնդիր չկա: Սակայն եթե լինեն քաղաքական ուժեր, որոնք նպատակահարմար չեն համարի մնալ դաշինքում՝ իրենց խնդիրն է: Կոնկրետ խնդիրների շուրջ պատրաստ ենք համագործակցել քաղաքական այլ ուժերի հետ: Սակայն բազմիցս եմ նշել, որ դաշինքը ստացել է ժողովրդի քվեն: Եվ «Արդարության» մեջ ընդգրկված կուսակցությունները պիտի հարգեն ժողովրդի քվեն եւ առաջին հերթին գործունեություն իրականացնեն դաշինքի շրջանակներում: «Արդարությունն» իբրեւ դաշինք պիտի համագործակցի այլ ուժերի հետ: Ցավոք, երբեմն խախտվել է այդ սկզբունքը»: Վերջին ակնարկների հասցեատերերը հստակ էր, որ «17+8»-ի շրջանակներում գործունեություն ծավալած «Արդարությանը» մաս կազմող ուժերն են: Մինչ նրանց ձեւավորելիք նոր կառույցի վերաբերյալ Ստեփան Դեմիրճյանի դիրքորոշումը պարզելը՝ հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀԺԿ-ն մասնակցելո՞ւ է այդ ձեւաչափի այս տարվա առաջին՝ հունվարի 27-ին նախատեսված հանրահավաքին: «Մեր տեսակետը հստակ է՝ որպես սկզբունք մասնակցելու ենք կա՛մ մեր նախաձեռնած, կա՛մ մեզ հետ համաձայնեցված հանրահավաքներին»,- պատասխանեց պրն Դեմիրճյանը: Կարելի է եզրակացնել, որ այս հանրահավաքի մասին հայտարարությունը դարձյալ համաձայնեցված չէր ՀԺԿ-ի հետ: Եվ գուցե նաեւ այդ պատճառով է ՀԺԿ ղեկավարն իր հրապարակային ելույթներում անընդհատ շեշտում, թե «կարեւորը պարկեշտությունն է» գործընկերային հարաբերությունների մեջ: «Բայց եթե մենք չենք մասնակցում հունվարի 27-ի հանրահավաքին՝ մյուս կողմից, չի նշանակում, թե մենք առհասարակ ենք հրաժարվում հանրահավաքներից,- նաեւ ընդգծեց «Արդարության» ղեկավարը:- Հանրահավաքը պայքարի ձեւերից մեկն է, եւ ինչ խոսք՝ դեռ կլինեն հանրահավաքներ»: Դառնանք «17+8»-ի նախաձեռնած «Քաղաքացիական Հայաստան» կոմիտեին: Հայտնի է, որ ՀԺԿ-ն մաս չի կազմելու այս կառույցին, քանի որ, ինչպես միշտ շեշտում է Ստեփան Դեմիրճյանը՝ «կարելի է իրական համագործակցություն ծավալել առանց ինչ-որ պայմանական ձեւաչափերի: Բայց կարելի է նաեւ թղթեր ստորագրել ու չստացվի համագործակցությունը: Մենք մեր առջեւ այժմ խնդիր չենք դրել նոր ձեւաչափերի ձեւավորման»: Հարցին, թե նպատակահարմար համարո՞ւմ է «Քաղաքացիական Հայաստան» կոմիտեի ստեղծումը, կարծո՞ւմ է արդյոք, որ այն նույնպիսի կազմակերպչական նշանակություն կունենա շարժման համար, ինչ ունեցավ 1988-ին «Ղարաբաղ» կոմիտեն՝ Ստեփան Դեմիրճյանը կարճ պատասխանեց. «Առհասարակ գործում են միայն բնականոն ճանապարհով ստեղծված կառույցները: Արհեստական ձեւաչափերով չեն լուծվում խնդիրները»: Ակնարկը դարձյալ թափանցիկ էր, որ ի տարբերություն «Ղարաբաղ» կոմիտեի՝ «Քաղաքացիական Հայաստանի» ձեւավորումն իրականացվում է ակնհայտ արհեստական ճանապարհով: «Դեռ չի էլ ստեղծվել: Երբ ձեւավորվի՝ այն ժամանակ էլ կխոսենք,- նկատեց պրն Դեմիրճյանը:- Ինչ վերաբերում է 1988-ի հետ համեմատությանը՝ նշեմ, որ ժամանակներն ուրիշ են: Այն, ինչ գործել է 1988-ին, անպայման չէ, որ գործի հիմա: Այն ժամանակների փորձը մեխանիկորեն ներկայիս իրավիճակի վրա տարածելը, գտնում եմ, ճիշտ չէ: Այն ժամանակ այդ կոմիտեն ստեղծվեց բնականոն ճանապարհով՝ ժողովրդային հզոր ալիքի հանգուցալուծում որպես: Այժմ չկան նման նախադրյալներ: Բացի դրանից՝ ի տարբերություն ներկա ժամանակների, 1988-ին, ի վերջո, չկային քաղաքական կուսակցություններ: Եվ եթե գործունեություն ես իրականացնում իբրեւ քաղաքական կուսակցություն՝ ուրեմն, առաջին հերթին պիտի ամրապնդես կուսակցությունդ, քո գործունեությամբ ձեռք բերես հեղինակություն ու հասարակության վստահությունը եւ, բնականաբար, համագործակցես այլ ուժերի հետ: Հաջողության երաշխիքը, գրավականը կոմիտե ստեղծելու մեջ չէ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել