Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկական իրեր՝ թունավոր նյութերից

Հունվար 13,2006 00:00

Կասկածելի
նյութերից պատրաստվող կաթի շշերն ու ծծակները որեւէ գերատեսչության կողմից չեն վերահսկվում:
«Կանաչ ճանապարհ սերունդներին» հասարակական կազմակերպությունը
օրերս «Առավոտին» ահազանգել էր, որ պոլիվինիլքլորիդ-պլաստմասսայե մանկական խաղալիքներն
ու ծծակները, որոնք «վխտում» են հայկական շուկայում, կարող են վնասել մանուկների
առողջությանը՝ ընդհուպ մինչեւ առաջացնելով քաղցկեղ: Նման պլաստմասսայե մանկական ծծակներն
ու կաթի շշերը վաճառվում են անգամ դեղատներում, մինչդեռ դրանց մեջ տաք կաթ լցնելը
կամ օճառով ու տաք ջրով լվանալն արդեն իսկ բավականին մեծ վնաս կարող է հասցնել ինչպես
մեծերին, այնպես էլ այդ ամանեղենից օգտվող փոքրիկներին: Պլաստմասսայի այդ տեսակի
արտադրության մեջ օգտագործվում են մի շարք թունավոր քիմիկատներ ու նյութեր, բացի
այդ, պլաստմասսային փափկություն եւ ճկունություն տալու նպատակով արտադրողները շատ
հաճախ ավելացնում են նաեւ «ֆտալատներ», որոնք ոչ միայն քաղցկեղածին են, այլեւ հետագայում
առաջացնում են հորմոնալ խանգարումներ: Բացի այդ, մասնագետները հայտնաբերել
են, որ եթե տան ներսում ֆտալատների քանակը մեծանում է, տան բնակիչների՝ հատկապես
երեխաների մոտ առաջանում են ալերգիաներ, հարբուխ, ինչպես նաեւ շնչառական ուղիների
հետ կապված խնդիրներ, օրինակ՝ ասթմա: Այսօր հայաստանյան շուկայում պոլիվինիլքլորիդ-պլաստմասսայե
ապրանքներն այնքան շատ են, որ կենցաղում դրանց կիրառումից խուսափել գրեթե անհնար
է, մանավանդ որ դրանք համեմատաբար ավելի էժան են, քան այլ նյութերից, ասենք՝ ապակուց
պատրաստված ապրանքատեսակները: Ավելին՝ շուկայում գերակշռում են հատկապես այդ թունավոր
նյութերից պատրաստված մանկական այն փոքրիկ խաղալիքները, որոնք ատամ հանելիս երեխաները
ծամծմում են՝ լնդային քորը հանգստացնելու համար: «Կանաչ ճանապարհ սերունդներին» հ/կ-ի
մասնագետները փաստում են, որ վնասակար պատրաստանյութից իրեր լցվում են Հայաստանի
պես երրորդ կարգի երկրներ: Ներկայումս աշխարհում արտադրվում է ավելի քան 20
միլիոն տոննա պոլիվինիլքլորիդ-պլասմասսա եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջակա
միջավայրում այդ նյութը չի քայքայվում 30-ից ավելի տարիների ընթացքում, ենթադրվում
է, որ այդ տեսակի թափոնների զգալի աճը կսկսվի մոտավորապես 2010 թվականին: Հարցի բարդությունն
այն է, որ ներկա պայմաններում նմանատիպ վտանգավոր թափոնի անվտանգ վնասազերծման, վերացման
ուղի գոյություն չունի: Քանի որ ո՛չ առեւտրի եւ տնտեսական զարգացման, ո՛չ բնապահպանության
նախարարություններն այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում՝ թույլ տալով առանց անվտանգության
ապացույցների արտադրել, ներմուծել ու վաճառել վտանգավոր քիմիկատներ՝ «Առավոտին» դիմած
հ/կ-ն կոչ է անում մայրերին, որ խուսափեն նման ապրանքներ գնելուց: Պոլիվինիլքլորիդե
ապրանքների վրա կա «3» թիվը, դա նշանակում է, որ այն պատրաստված է այդ պլաստմասսայից:
Այլ տեսակի պլաստմասսայե ապրանքների վրա կարելի է գտնել «V» տառը, որը վնասակար չէ:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել