Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՆՈԴԻ ՇԵՆՔԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

Հունվար 13,2006 00:00

Տարածքի կռիվ՝ Մայր աթոռի եւ Սախկալյանների
ընտանիքի միջեւ «Մեծ հիասթափություն եւ ցավ եմ ապրում, քանի
որ վտանգված են իմ եւ հանգուցյալ ամուսնուս տարիների վաստակը եւ մեր ժառանգությունը:
Խնդիրն էլ ավելի ցավոտ է նրանով, որ այդ վտանգը ինձ հասցնում է ոչ թե աշխարհիկ մարդ
կամ չինովնիկ, այլ մեր հոգեւոր առաջնորդը՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը»,-
մեզ է գրել Էջմիածին քաղաքի 67-ամյա բնակչուհի Վերգինե Սախկալյանը: Խնդիրը
վերաբերում է Էջմիածնի Արարատյան 5ա հասցեում տեղակայված Սինոդի շենքին, որը մինչեւ
1993-ը եղել է թիվ 6 գիշերօթիկ դպրոցին կից կառույցներից մեկը: 1993 թվականից սկսած,
Սախկալյանների ընտանիքը, ձեռքին ունենալով ԿԳ նախարարության, Էջմիածնի քաղաքապետարանի
համապատասխան որոշումները՝ վերանորոգել է շենքն ու օգտագործել «Էջմիածին» հեռուստաընկերության,
«Վաղարշապատ» թերթի, «Տարոն» մանկապատանեկան երգչախմբի եւ իրենց հիմնած այլ կազմակերպությունների
գործունեության համար: Ըստ մեր ստացած բողոքի, Սախկալյանները նորոգման աշխատանքների
համար վաճառել են իրենց ողջ ունեցվածքը՝ բնակարաններ, ավտոմեքենաներ, հողամաս, իսկ
շենքում բնակվող փախստական ընտանիքների համար գնել են հողամասեր եւ տնակներ: 1995-ից
էլ Սախկալյանների ողջ ընտանիքը գրանցվել եւ բնակվում է այդ հասցեում: 1999թ. դեկտեմբերին
«Էջմիածին» հեռուստաընկերության հիմնադիր Էդուարդ Սախկալյանը նոր ձեռնադրված Վեհափառի
հրավերով հանդիպել է նրան: «Նորընծա կաթողիկոսը բացատրեց, որ ծրագրել է եկեղեցապատկան
շինությունները Մայր աթոռին վերադարձնելու գործընթաց, խնդրեց չխոչընդոտել իր աստվածահաճո
որոշմանը եւ խոստացավ, որ ամեն ինչի համար կհատուցի մինչեւ վերջին «գրոշը»: Տղաս
աստվածավախ մարդ է եւ համաձայնեց մեկ այլ շենք ստանալու դիմաց հրաժարվել Սինոդի շենքից,
հուշանվերների խանութից եւ փոխհատուցման համար առաջարկվող գումարից»,- ներկայացնում
է Վ. Սախկալյանը: Սակայն, ըստ տիկին Վերգինեի, շենքի կամ գումարի փոխարեն ընտանիքը
սկսում է մաս-մաս զրկվել իր ունեցվածքից: Նախ քանդվել է շենքին հարակից դարպասը,
փակվել է «TV» ամառային սրճարանը, այնուհետեւ քանդվել է նաեւ հուշանվերների խանութը:
Այդ ընթացքում Սախկալյանների ընտանիքը հույսով-հավատով սպասել է խոստացված փոխհատուցմանը,
չնայած իրենց բիզնեսի կրած մեծ կորստին: Սակայն սպասածի փոխարեն, անցյալ տարվա
նոյեմբերին նրանց դուռը թակում են Արմավիրի առաջին ատյանի դատարանի ներկայացուցիչները,
ուր հայց էր ներկայացրել Մայր աթոռը: Պարզվել է, որ 2001 թվականի կառավարության թիվ
330 որոշմամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն է տրամադրվել Արմավիրի մարզպետարանի
տնօրինության տակ գտնվող Վաղարշապատի Գեւորգյան ճեմարանի եւ վիճահարույց Սինոդի շենքը,
որի հասցեն, ի դեպ, նշվում է ոչ թե Արարատյան 5ա, այլ 6: Իսկ 2002-ին Մայր
աթոռը իր նվերը ստանում է Էջմիածնի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով, որտեղ
լրացուցիչ ավելացրած տողով նշվում է, որ «շենքում գտնվող սուբյեկտների նկատմամբ Մայր
աթոռը որեւէ պարտավորություն չունի»: Նոյեմբերին կայացած դատական նիստով Սախկալյանները
զրկվում են տարածքը զբաղեցնելու իրավունքից եւ դիմում վերաքննիչ դատարան: Դատը դեռ
չի կայացել, իսկ վտարվողները առայժմ պայքարում են՝ նամակներ գրելով երկրի իշխանություններին,
միջազգային կազմակերպություններին, պատրաստվում են բողոքել Համաշխարհային եկեղեցական
խորհրդին: Ըստ Մայր աթոռից ստացած պատասխանի՝ 2004-ին Մայր աթոռը դիմել է
տնտեսական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի քաղաքապետարանին՝ ազատելու Սինոդի
շենքը: Հայցը բավարարվել է: Բացի այդ, 3 տարվա վարձակալության պայմանագիր ունեցել
է միայն «Էջմիածին» հեռուստաընկերությունը, որն անցյալ տարի վաճառվել է վերապատվելի
Լեւոն Բարդակջյանին ու փոխադրվել այլ հասցե, իսկ մնացած կազմակերպությունները տարածքը
զբաղեցնելու իրավական հիմքեր չունեն (խմբագրությունում առկա է գիշերօթիկ դպրոցի եւ
հեռուստակենտրոնի միջեւ 1996-2006թթ. վարձակալության պայմանագիր): Ինչ վերաբերում
է Վեհափառի խոստացած փոխհատուցմանը, ապա, դարձյալ ըստ Մայր աթոռի պատասխանի, «Ամենայն
հայոց կաթողիկոսը պատրաստակամ է եղել օժանդակել շենքում տեղակայվածների փոխադրությանը,
սակայն վերջիններիս պահանջները եւ Մայր աթոռի հանդեպ գործողությունները անընդունելի
են եղել Վեհափառի համար եւ Մայր աթոռը պարտավորված չէ խորհրդային տարիների ինչ-որ
հատվածում իրեն պատկանող, այնուհետեւ կառավարությունից նվիրատվություն ստացած շենքի
համար փոխհատուցում տալ: Եկեղեցին հետամուտ է լինելու, որ իրեն պատկանող պատմական
շենքն ազատվի անօրինական օգտագործողներից»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել