Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱԽՏՆ ԷԼԻ ՉԲԵՐԵ՞Ց

Հունվար 13,2006 00:00

Լարիսա Ալավերդյանն անցած տարվա վերջին որոշել
էր քննել մարդկանց՝ ոստիկանության բաժիններում ապօրինաբար պահելու հարցը: Նոր օմբուդսմենն
այդ հարցը դժվար թե քննի: 2005թ. նոյեմբերի 27-ին տեղի ուն
եցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ու դրա հետ կապված կեղծիքների, ընտրական
հանձնաժողովների անդամներին ՀՀ ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու թեման տակավին
չի կարելի փակված համարել: Դրա մասին դեռ կխոսեն ոչ միայն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում,
այլեւ Հայաստանում: Գոնե այդպիսի հեռանկար է խոստանում «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին ուղղված ՀՀ Մարդու իրավունքների առաջին եւ արդեն
նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի նամակը: Հենց այդ նամակի բովանդակությունից
էլ հայտնի է դառնում, որ դեռ 2005թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը
որոշում էր կայացրել Ա. Զեյնալյանի բողոքը քննարկման ընդունելու մասին: Վերջինիս
ուղարկված որոշման մեջ նշված է, թե՝ «ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվել
այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի
ընդունման հանրաքվեի ընթացքում տարբեր անձինք ՀՀ ոստիկանության մարմինների կողմից
անհիմն բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, անօրինական կերպով պահվել,
որտեղ նրանց ստիպել են չներկայանալ ընդդիմության կողմից կազմակերպվող հանրահավաքներին»:
Լ. Ալավերդյանի որոշման մեջ նշված է, թե խոսքը հատկապես որ դեպքերի մասին
է: Սրա համար հիմք է դարձել Ա. Զեյնալյանի՝ օմբուդսմենին ներկայացրած տեղեկանքը,
ըստ որի՝ դեկտեմբերի 4-ին այդ կուսակցության «Կոտայքի մարզի Չարենցավանի կազմակերպության
ղեկավար Սաշա Սայադյանը եւ նույն կազմակերպության անդամ Արայիկ Խալաֆյանն անհիմն
կերպով բերման են ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին: Ոստիկանության բաժնում
նրանց ստիպել են գրավոր պարտավորագիր ներկայացնել այն մասին, որ իրենք հրաժարվում
են մասնակցել 2005թ. դեկտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք հանրահավաքին»: Նկատի ունենալով,
որ դիմումը համապատասխանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ
հոդվածի պահանջներին ու ղեկավարվելով նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լ.
Ալավերդյանը 2005-ի դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել. «Բողոքն ընդունել քննարկման
սեփական նախաձեռնությամբ, նաեւ՝ բողոքի քննարկման նախապատրաստումը հանձնարարել Ա.
Թաթոյանին»: Նախկին օմբուդսմենը որոշմանը կից ուղարկված նամակով Ա. Զեյնալյանին
նաեւ հայտնել էր, թե նրան տեղյակ կպահվի քննարկման վերջնական արդյունքների մասին:
Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան. հարցը դեռեւս չի քննարկվել, իսկ Լ. Ալավերդյանն
արդեն ազատվել է աշխատանքից: Արդյոք այս հանգամանքը կարո՞ղ է խոչընդոտ դառնալ հարցի
քննարկումը ոչ միայն հետաձգելու, այլեւ սույն որոշումը չեղյալ համարելու համար: Ըստ
Ա. Զեյնալյանի՝ ոչ, «որովհետեւ տեղեկանքն ու դրա հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի որոշումը կայացվել է ոչ թե Լարիսա Ալավերդյան անձի, այլ՝ ինստիտուտի անունից»:
Իհարկե, նկատի ունենալով իշխանական վերնախավի կողմից «խաչակրաց արշավանքը» Լ. Ալավերդյանի
դեմ, նաեւ ՀՀ նախագահի հապճեպորեն ստորագրած հրամանագիրը ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու
մասին՝ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այդ որոշման ճակատագիրը: Առավել եւս, որ
ՀՀ կառավարությունը երեկ լրացրել է օմբուդսմենի հետ կապված բոլոր «բացերը» եւ իր
նիստում որոշել է մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը կասեցնել «Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գործունեությունը՝ աշխատողներին
համարելով ոչ իրենց մեղքով պարապուրդում գտնվողներ: Ընդ որում, որոշման համար հիմք
են հանդիսացել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, «Մարդու
իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝
լրացել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը, նաեւ նկատի է առնվել
այն, որ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկում աշխատակազմի
ղեկավարի պաշտոնի բացակայության պայմաններում կազմալուծվել է Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը, եւ որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ որեւէ մարմին կամ անձ իրավունք
չունի նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար կամ փոխարինել
նրան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել