Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ

Հունվար 12,2006 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ «Փյունիկը» նախապատրաստվում է Շաբաթ օրը՝ հունվարի 14-ին, Մոսկվայում մեկնարկելու է ֆուտբոլի ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» հերթական՝ 14-րդ խաղարկությունը, որտեղ մեր հանրապետության ֆուտբոլային դրոշի պատիվը պաշտպանելու է Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը»: Ինչպես տեղեկացնում է հանրապետության ֆուտբոլային թերթերից մեկը, այս օրերին հանրապետության ուժեղագույն թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Սեւ ծովի ափին՝ Ադլեր քաղաքում: Մեր չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը մոսկովյան մրցաշարին նախապատրաստվելու հրավիրել է քսան ֆուտբոլիստի: Նրանք են. դարպասապահներ Գեւորգ Կասպարովն ու Էդգար Գասպարյանը, պաշտպաններ Սարգիս Հովսեփյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Վալերի Ալեքսանյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հայկ Չիլինգարյանը, Ռաֆայել Սաֆարյանը, կիսապաշտպաններ Արթուր Ոսկանյանը, Աղվան Մկրտչյանը, Մխիթար Գրիգորյանը, Արա Ոսկանյանը, Ռաֆայել Նազարյանը, Արմեն Տիգրանյանը, Նորայր Սահակյանը, հարձակվողներ Լեւոն Պաչաջյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Արտակ Հովհաննիսյանը, Արթուր Աղասյանը, Գեւորգ Ղազարյանը: Ըստ վերոնշյալ լրատվամիջոցի, «Փյունիկը» մարզվում է արտակարգ պայմաններում՝ օրական երկու անգամ: Դեռ տարեվերջին ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկատվություն էր տարածել «Համագործակցության գավաթի» խաղարկության վիճակահանության արդյունքների եւ Հայաստանի չեմպիոնի անցկացնելիք հանդիպումների խաղացանկի մասին. «A» խումբ ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) «Դինամո» (Թբիլիսի, Վրաստան) «Պախտակոր» (Տաշքենդ, Ուզբեկստան) «B» խումբ «Նեֆտչի» (Բաքու, Ադրբեջան) «Սկոտոբե» (Սկոտոբե, Ղազախստան) «Վախշ» (Կուրգան Տյուբե, Տաջիկստան) «Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) «C» խումբ «Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա) «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա) ԹԹՀՄ (Աշգաբադ, Թուրքմենստան) «Դորդոյ-Դինամո» (Նարին, Ղրղըզստան) «Փյունիկն» ընդգրկվել է «D» խմբում, որտեղ առաջին փուլում մեկ շրջանով հանդիպելու է. հունվարի 14-ին՝ «Կաունասի» (Կաունաս, Լիտվա), հունվարի 15-ին՝ «Շախտյորի» (Սոլիգորսկ, Բելառուս), հունվարի 17-ին՝ Ռուսաստանի պատանեկան հավաքականի հետ, որն, ինչպես միշտ, մասնակցում է հաշվարկից դուրս: Ըստ մրցակարգի, խմբերում առաջին երկու տեղեր զբաղեցնող թիմերը հունվարի 18-ին պայքարը շարունակելու են քառորդ եզրափակիչում: Կիսաեզրափակիչի խաղերը նշանակված են հունվարի 20-ին, եզրափակիչը՝ հունվարի 22-ին: «Բանանցը» չի մեկնում Անթալիա Հայ ֆուտբոլասերները տեղյակ էին, որ Հայաստանի առաջնության երրորդ մրցանակակիր Երեւանի «Բանանցը» մրցաշրջան-2006-ին լավագույնս նախապատրաստվելու նպատակով մտադիր էր ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում: Սակայն «Ֆուտբոլ պլյուսի» տեղեկացմամբ՝ թիմը Թուրքիայում տարածված թռչնագրիպի պատճառով հարկադրված հրաժարվել է այդ ծրագրից եւ ակումբի ղեկավարությունը ներկայումս այլ երկիր է որոնում: Հնարավոր է, դա լինի Իսրայելը կամ Կիպրոսը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել