Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴԵՄ

Հունվար 12,2006 00:00

ԱՌԱՋԱԴԵՄ ՊԱՅՔԱՐ՝ H5N1-Ի ԴԵՄ Տիգրան Ուրիխանյանը կոչ է անում «բառադիության մթնոլորտում չսպասել, թե երբ հավերի պես կսատկենք» Անկեղծ ասած, երբ ստացանք Հայաստանի առաջադիմական կուսակցության հրավերը, որում հայտնվում էր, թե ՀԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել H5N1 վարակի տարածման դեմ, ակնկալում էինք, թե այդ կապակցությամբ նախատեսված ասուլիսի ժամանակ կուսակցությունը, որպես հիվանդությունից խուսափելու լավագույն տարբերակ, առաջարկելու է, ասենք, բոլորի տներում, յուրաքանչյուր սենյակում պատերից կախել Սերժ Սարգսյանի դիմանկարները: Սակայն ՀԱԿ-ը երեկվա ասուլիսում ոչ մի անգամ չտվեց պաշտպանության նախարարի անունը: Խոսքը գնում էր միայն սատկած թռչունների եւ վարակից խուսափելու մասին: Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց, որ օրերս իրենց կուսակցության Արարատի մարզի Հովտաշատ գյուղի տարածքային ղեկավարը տեսել է, թե ինչպես է հարեւան Հայանիստ գյուղի բնակիչներից մեկը փողոց շպրտում սատկած հնդկահավ: Ըստ Ուրիխանյանի, «հնդկահավը դեռ պահպանվել է, եւ ով ուզում է՝ կարող է տեսնել»: Կուսակցությունը, իր ղեկավարի խոսքերով, «երկու օր շարունակ աղաղակում էր այդ մասին», մինչեւ վերջապես պարզեցին, որ «հնարավոր է, թե թռչնագրիպի հարցերով զբաղվող կենտրոն լինի ինֆեկցիոն հիվանդանոցում»: Արդյունքում, պարոն Ուրիխանյանը հայտարարեց, որ ինքը «հերքում է լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե գործում է լիարժեք եւ արագ արձագանքման հնարավորություն ունեցող որեւէ կենտրոն», քանի որ ինֆեկցիոն հիվանդանոցից պատասխանել են, թե թռչնագրիպի մասին հարցերին կարող է պատասխանել միայն բաժնի վարիչը, որը կզանգի ձեզ: ՀԱԿ-ում դեռ սպասում են այդ զանգին: «Ամենուր ասում են, որ չկա լաբորատորիա, որը կարող է ախտորոշել H5N1-ի վարակը, բայց նույն կերպ պնդում են, որ մեզ մոտ չկա թռչնագրիպ: Բայց ի՞նչ գիտեք, որ չկա»՝ անհասցե հարց էր ուղղում Տիգրան Ուրիխանյանը: Կուսակցությունից փորձել են կապվել նաեւ առողջապահության նախարարության «թեժ գծի» հետ: Բազմաթիվ փորձերից մեկն ավարտվել է հետեւյալ «հաջողությամբ». հեռախոսավարուհին պատասխանել է՝ «եթե Թուրքիան ոչինչ չի կարողանում անել, մենք ի՞նչ կարող ենք»: «Ես անձամբ զանգել եմ շտապօգնություն՝ 1-03 եւ ասել՝ հարգելիներս, տեղի է ունեցել հնդկահավի անկում, մարդն առնչվել է դրա հետ, հիմա վատ է զգում, ի՞նչ կարելի է անել, դրան ի պատասխան՝ բուժքույրը խոսափողը շպրտեց եւ գոռաց՝ վա՜յ, բժշկուհի եւ փախավ հեռախոսից»,- պատմեց ՀԱԿ նախագահը: «Հիմա ո՞ւմ դիմի այն մարդը, ով տեսել է այդ սատկած հնդկահավը»՝ հարցրեց պարոն Ուրիխանյանը, եւ առաջարկեց տեղում փորձել կապվել որեւէ պատասխանատու մարմնի հետ, ու ձեւացնել, թե վախենում են, որ վարակվել են թռչնագրիպով: Այս մտադրությունն այդպես էլ հնարավոր չեղավ ի կատար ածել, քանի որ, իսկապես դժվար էր գտնել որեւէ մեկին, ով կպատասխաներ զանգերին: Իսկ պատասխանողներն էլ տալիս էին այլ հեռախոսահամարներ: Այս «տունտունիկը» տեւեց քառորդ ժամ: Առողջապահության նախարարության գրեթե բոլոր վարչություններ հերթով զանգահարելուց հետո այդպես էլ թռչնագրիպի հարցերով որեւէ պատասխանատու չհայտնաբերվեց: «Չկա ոչ մի տեղից ոչ մի արձագանք, ինֆորմացիա, մտահոգություն»՝ վրդովվում էր ՀԱԿ նախագահը եւ բողոքում ընդդիմությունից. «Պետությունը զբաղված է նրանով, ինչով կարող է: Սա է մեր վիճակը: Բայց մենք ունենք պետությանն այլընտրանք՝ ընդդիմությունը: Ա՛յ, հարց եմ տալիս՝ ո՞ւր են էն բոլոր լավ տղաները, որ հարյուր հազարանոց մեքենաներից փորձում են ժողովրդական շարժումներ առաջնորդել: Լավ առիթ է թնդցնելու պետությանն էլ, պետական պատասխանատուներին էլ, ո՞ւր են, չկան»: Ի տարբերություն այդ անպիտան ընդդիմության, ինքը՝ իշխանամետ ՀԱԿ-ը, արդեն ստեղծել է արագ արձագանքման ջոկատներ. «Մենք պատրաստ ենք արձագանքել բոլոր զանգերին եւ հնարավոր բոլոր պարագաներով օգնել մեր կամավորականների խմբերով: Մեր կուսակցությունը ձեռք է բերել ախտահանիչ նյութեր, ռեսպիրատորներ, դեղամիջոցներ եւ պատրաստել է թռչնագրիպին առնչվող տեղեկատվական թռուցիկներ: Մենք չենք ուզում խուճապի կամ անհանգստության առիթ դառնալ, բայց ուզում ենք մտահոգություն առաջացնել եւ դրանով ներդրում ունենալ այն իրավիճակի մեջ, որն անխուսափելիորեն կլինի մեր երկրում»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել