Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԵՎԷ

Հունվար 12,2006 00:00

ՈՐԵՎԷ ՍՓՈՓԻՉ ԲԱՆ ՉԿԱ ԱՅՍ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ Ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնի զեկույցի առնչությամբ: – Հայ եւ ադրբեջանցի պատգամավորները հակասական գնահատականներ են տալիս Ռասել Ջոնսթոնի զեկույցին։ Հայկական կողմը պնդում է, որ այս փաստաթուղթը մի քայլ առաջ է Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի համեմատ: Իսկ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նշել է, թե զեկույցում տեղ են գտել ադրբեջանական կողմի համար կարեւոր հարցերը՝ տարածքների օկուպացիան, էթնիկ զտումները եւ այլն: – Հայերի եւ ադրբեջանցիների տեսակետների տարբերության առումով, կարծում եմ, զարմանալի ոչինչ չկա: Սա առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Ավելի՛ն: Եթե անգամ եղանակի մասին հարց լինի՝ էլի տարբերվելու են տեսակետները: Ադրբեջանցիները միշտ ասում են այն, ինչ հաճելի կլինի լսել իրենց ժողովրդին: Ընդ որում՝ բոլորովին էլ չերկնչելով այն հանգամանքից, որ իրենց ասածը շատ հաճախ որեւէ կապ չի ունենում իրականության հետ: Ցավոք, ժամանակ առ ժամանակ հայաստանյան մամուլում էլ առանց որեւէ մեկնաբանության ներկայացվում են ադրբեջանական տեսակետները: Սա ոչ լավ տեղեկացված մարդկանց կարող է գցել մոլորության մեջ: Համոզված եմ, որ այս մոտեցումը պետք է անպայման վերանայվի: – Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Հայաստանի ներկայացուցիչները փորձել են փոփոխություններ մտցնել զեկույցի այն հատվածում, որտեղ խոսվում է հակամարտության կարգավորման տարբերակների մասին: Ըստ Սեիդովի՝ «Նրանք պնդում էին հաշվի առնել ազգերի ինքնորոշման վրա հիմնված կարգավորման տարբերակը: Սակայն ենթակոմիտեն մնաց անվրդով հայկական պատվիրակության այդ զգացմունքային պոռթկման առջեւ»: – Ցավոք, ադրբեջանցիներն այստեղ էլ են մեղանչել ճշմարտության առջեւ: Այս զեկույցի 33-րդ կետում խոսվում է Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական լուծման մասին, որ լավատեսություն է առաջացրել եւ այլն: Ի դեպ, սա միակ կետն է, որտեղ ձեւակերպում կա խնդրի լուծման վերաբերյալ: Եվ հենց այս կետում սեւով սպիտակի վրա արձանագրված է, որ խնդիրը պետք է լուծվի հելսինկյան եզրափակիչ ակտի 4-րդ եւ 8-րդ կետերի համաձայն, այսինքն՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ: Ավելի՛ն: Մեր առաջարկներից մեկն այն էր, որ այս փաստաթղթին որպես հավելված կցվի Վեհաժողովի 1690 երաշխավորության վերաբերյալ ԵԽ Նախարարների կոմիտեի արձագանքը, որի 2-րդ կետում նույնպես հաստատագրվում է, թե ազգերի ինքնորոշման իրավունքն անպայման պիտի կիրառվի խնդրի կարգավորման ժամանակ: Զեկույցի կետերից մեկում ձեւակերպում էր մնացել, որ ԼՂ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, չնայած ամբողջ տեքստում օգտագործվում էր այն ձեւակերպումը, որն օգտագործված է 1416 բանաձեւի վերնագրում (այն է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտություն».- Ա. Ի.): Եվ երբ առաջարկվեց դա փոխարինել «ԼՂ հակամարտություն» արտահայտությամբ, բնականաբար, սա եւս ընդունվեց: Մեր 3-րդ փոփոխությունը վերաբերում էր այն դրույթին, թե ատելության քարոզչություն է տարվում երկու կողմերում էլ: Եվ առաջարկեցինք, որ չդրվի հավասարության նշան՝ ուղղակի արձանագրվի, թե անընդունելի է ատելության քարոզչությունը: Սա եւս ընդունվեց: Այնպես որ, ճիշտն ասած, որեւէ սփոփիչ բան չունի այս զեկույցն ադրբեջանցիների համար: Չնայած, կարծում եմ, ավելորդ խանդավառություն էլ չարժե դրսեւորել: Այս փաստաթուղթը զուտ Ռասել Ջոնսթոնի անձնական զեկույցը կամ հաշվետվությունն է անցած 1 տարում հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին, որը պիտի ներկայացվի Բյուրոյին, որպեսզի որոշեն՝ երկարաձգե՞լ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը, թե՞ ոչ: Եվ անհարկի է կարեւորվում այս զեկույցը: Երբեմն անգամ համեմատություններ են արվում ԵԽԽՎ 1416 բանաձեւի հետ, այն դեպքում, երբ բացարձակապե՛ս տարբեր կարգավիճակներ ունեն այս փաստաթղթերը: – Ադրբեջանական պատվիրակությունը չի թաքցրել, որ օգտվելով այն հանգամանքից, որ Ռասել Ջոնսթոնի զեկույցը ներառվելու է ԵԽ բյուրոյի ամփոփիչ հաշվետվության մեջ՝ հունվարի 23-27172ին կայանալիք ԵԽԽՎ172ի նստաշրջանում փորձելու են նորից արծարծել ԼՂ հարցը։ – Օրակարգում դեռեւս անգամ որեւէ նշում չկա այս զեկույցի մասին: Բայց նստաշրջանի բացումից հետո, որպես 1-ին հարց, միշտ ներկայացվում է Բյուրոյի գործունեությունն անցած ժամանակահատվածում: Եվ բնական է, թե քանի որ Բյուրոն ստանալու է այս փաստաթուղթը եւ դիրքորոշում է ձեւակերպելու հանձնաժողովի հետագա աշխատանքների շուրջ՝ իր հաշվետվության մեջ կարող է անդրադառնալ այս զեկույցին: Սա է միակ հնարավոր տարբերակը՝ այլ բան այս փաստաթղթի հետ հնարավոր չէ անել: Եվ շա՜տ հետաքրքիր է, թե իրենք ինչպե՞ս պիտի եւս մեկ անգամ արծարծեն ԼՂ հարցը: Ադրբեջանցիների համար իսկապես դառնում է ավանդույթ ուղղակի հարցն արծարծելը՝ հետեւանքներն իրենց չեն հետաքրքրում առանձնապես: Հետագա աշխատանքների առնչությամբ հայտնեմ, որ փոխվելու է հանձնաժողովի անունը: Այն մինչ այժմ կոչվում էր «1416 բանաձեւի 5-րդ կետի իրականացման հանձնաժողով», այսուհետ կոչվելու է «1416 բանաձեւի կիրառման հանձնաժողով»: Այսինքն՝ հանձնաժողովը պիտի հետեւի այն առաջարկների կատարմանը, որոնք կան այս բանաձեւում՝ դրանք վերաբերում են ե՛ւ շփումներ հաստատելուն, ե՛ւ պատերազմի ու ատելության քարոզչությանը: Ռասել Ջոնսթոնն ասաց, թե իր կարծիքով՝ օգտակար կլինի, եթե հանձնաժողովի գոնե որոշ անդամներ այցելեն Երեւան-Բաքու-Ստեփանակերտ՝ ավելի մոտիկից ծանոթանալու իրավիճակին: Ես առաջարկել եմ, որ առաջարկությունների կատարմանը հետեւելու տեսակետից շատ կարեւոր է շարունակական դիտարկում անցկացնելու համար մեխանիզմ ստեղծելը, որ հետագայում փաստացի նյութի վրա լինի խոսակցությունը: Առաջարկել եմ, որպես տարբերակ, նման լիազորությամբ օժտել ԵԽ գլխավոր քարտուղարի Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչներին: Խնդիրն այսուհետ լինելու է իրադարձությունների զարգացմանը հետեւելը եւ փաստերն արձանագրելը: Եվ միգուցե 2006-ի վերջին կամ 2007-ի սկզբին պատրաստվի եւս մեկ նման զեկույց, որտեղ կլինեն հետեւություններ, թե ո՛վ, ինչպե՛ս է կատարում այդ առաջարկները: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել