Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԻ

Հունվար 12,2006 00:00

ՓՈՂԻ ՁԳՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ «Բարգավաճ Հայաստանի» շուրջ աշխուժությունը շարունակվում է Անցած տարի քաղաքական հայտ ներկայացրած ուժերից հատկապես առանձնացվում է ԱԺ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իհարկե, դրանից ավելի վաղ ստեղծվել էր մեկ այլ կուսակցություն՝ «Դաշինքը», մեզ ոչ անհայտ Սամվել Բաբայանի կողմից, բայց, թերեւս, նկատի ունենալով գործարար պատգամավորի նախեւառաջ ֆինանսական ռեսուրսների «առատությունը» այսօր «Դաշինքը» մղվել է ետին պլան: «Բարգավաճ Հայաստանին» են վերագրվում հավանական ու անհավանական առաքելություններ՝ 2007-ին խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու եւ 2008-ի նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի ընտրությունն ապահովելու որոշիչ դերակատարության առումով: Հավանաբար, հենց այդ կուսակցությանը նկատի ունենալով է նաեւ, որ երեկ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը «Ռադիոլուրին» համոզմունք է հայտնել, թե «անզիջում պայքար է սպասվում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւերում, նոր կուսակցությունների ձեւավորումը կլինի անխուսափելի, եւ այդ ուժերը հանգամանքների բերումով կտիրապետեն լուրջ ռեսուրսների»։ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, ով համառորեն ոչ հաստատում, ոչ էլ հերքում է այդ կուսակցության հետ կապված իր անվան շուրջ պտտվող տեղեկությունները, հաստատում է Խ. Հարությունյանի կանխատեսումներն այն մասին, թե 2006-ին ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են լինելու, ի հայտ են գալու նոր քաղաքական ուժեր, որոնք ծանրակշիռ դեր կունենան քաղաքական կյանքում: Ու թեեւ Վ. Դալլաքյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարում է, որ «Բարգավաճ Հայաստանը» 2008-ին որեւէ մեկին իշխանության բերելու նպատակով չի ստեղծվում, այդուհանդերձ, քաղաքական որոշակի ուժեր կուլիսներում ենթադրում են, որ այդ կուսակցությունը ստեղծվել է հենց 2008-ին երրորդ ժամկետում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը պաշտպանելու նպատակով: ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժերն են, ըստ էության, որոշելու, թե ովքեր են 2008-ին լինելու ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուները: Ըստ Վ. Դալլաքյանի, այս համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ «Բարգավաճ Հայաստանը»: Օրերս մամուլում մեկնաբանություն եղավ, որ ներկայումս իշխող կոալիցիան մտահոգված է նման սցենարով: Բայց գոնե ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ մեր զրույցից «Բարգավաճ Հայաստանից» վախեցող կուսակցականի տպավորություն չստացանք: «Նոր կուսակցությունների ծնունդը, որոնք ասպարեզ են գալիս նոր ծրագրերով ու առաջարկներով, մենք միայն ողջունում ենք: Մենք դրանից չե՛նք վախենում, չե՛նք մտահոգվում, ո՛չ ուրախանում ենք, ո՛չ տխրում՝ անկախ այն բանից, թե այդ կուսակցությունը որքանով է աղքատ կամ հարուստ»,- ասաց Ս. Սեյրանյանը: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» կազմին, ապա առայժմ հայտնի չէ, թե ովքեր են ընդունել կուսակցական լինելու առաջարկը, ովքեր՝ մերժել: Այդ ցանկում նշվում է, օրինակ, տնտեսագետ Էդվարդ Աղաջանյանի անունը: Երեկ, սակայն, նա մեզ հետ զրույցում նշեց, թե իրեն չեն էլ համարձակվի նման առաջարկ անել, որովհետեւ դեռ կոմունիստների ժամանակներից սկսած ինքը որեւէ կուսակցության անդամ չի եղել եւ չի էլ լինի: «Ես պրոֆեսիոնալ տնտեսագետ եմ, ու եթե ինձ դիմեն տնտեսական ծրագրեր կազմել, կարող եմ օգնել, բայց կուսակցական երբեք չեմ լինի»,- ասաց պարոն Աղաջանյանը՝ շեշտելով, որ «Բարգավաճ Հայաստանի» կողմից իրեն այդպիսի առաջարկ էլ չի արվել: Ըստ որոշ տեղեկությունների, «Բարգավաճ Հայաստանին» անդամակցելու են նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, Արաբկիր համայնքի թաղապետ Հովիկ Շահինյանը, ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարի տեղակալ Վարդան Վարդանյանը եւ այլք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել