Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը խախտել է պայմանագիրը

Հունվար 12,2006 00:00

Երկու օր է, ինչ Գյումրիում գործադուլ
են սկսել 5 բանուկ երթուղագծերի վարորդները: Վարորդների ներկայացնելով,
քաղաքապետարանը մի շարք պաշտոնյաների հետ «ախպերություն անող» ոմն Արմեն Սուքիասյանին
լավություն անելու համար ներքաղաքային մի քանի «յուղոտ» գծեր՝ թիվ 1, 3, 9, 11 եւ
40 (թվով 32 ավտոբուս) երթուղիների սպասարկումը նոր տարվա հունվարի մեկից հանձնել
է «Արմեն Սուքիասյան» ՍՊԸ-ին: Վերջինս էլ, գործադուլավորների պատմելով, «իմ գիծը
ես ինչ կուզեմ՝ կանեմ» հայտարարությամբ թանկացրել է Գյումրիի համայնքի բյուջե մուծվող
օրական վճարը՝ 1000 դրամից հասցնելով 5 հազարի: Ընդ որում, ըստ վարորդների՝ վերջինս
նաեւ սպառնացել է, որ դպրոցի դասերը սկսվելուն պես հարկը կհասցվի 7000 դրամի: «Թե
սա որտեղից հայտնվավ՝ չգիտենք, մինչ այդ գլխներս կախ աշխատում էինք»,- դժգոհում էին
վերջիններս: Բանն այն է, որ թանկացումը չի վերաբերում մյուս երթուղիներին, օրինակ՝
4, 8,10 համարներին: Դրանց վարորդները, որպես անհատ ձեռներեցներ՝ ուղղակիորեն աշխատելու
են քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի հետ՝ զերծ մնալով օրական գանձվող «առասպելական»
գումարներից: Ի դեպ, Գյումրիի քաղաքապետարանը 2001-ից մինչեւ օրս տրանսպորտի մասին
ՀՀ օրենքին հակառակ՝ ներհամայնքային ճանապարհները շահագործող երթուղիների մրցույթ
չի անցկացրել: Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն, մրցույթին կարող են
մասնակցել ոչ թե անհատ ձեռներեցները, այլ իրավաբանական անձինք: Հարց է ծագում, թե
որ իրավունքով է քաղաքապետարանը 6-ամսյա պայմանագիր կնքել մրցույթ չանցած ՍՊԸ-ի հետ:
Տեղեկացնենք, որ մինչեւ հիշյալ ՍՊԸ-ի հայտնվելը, բողոքավոր վարորդները 6-ամսյա
ժամկետով պայմանագրեր են կնքել քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի հետ՝ որպես անհատ
ձեռներեցներ շահագործելով սեփական ավտոբուսները: Նրանց հավաստմամբ՝ այժմ էլ բոլոր
տեխնիկական հարցերը՝ անվադողերի փոխելը, որեւէ մաս փչանալը եւ այլն, դարձյալ կատարվում
են իրենց հաշվին, պարզապես փող գանձող է ավելացել: Վարորդների ասելով, իրենք դեմ
չէին լինի ՍՊԸ-ի կազմում ընդգրկվելուն, եթե այն «խելքը գլխին բան լիներ»: «Զոռով
ՍՊԸ-ի մեջ են մտցնում, երբ ասում ես, թե անհատ ձեռներեց եմ, ինչպե՞ս մտնեմ ՍՊԸ-ի
մեջ, ո՞վ կհոգա իմ ծախսերը, չէ՞ որ լուծարվելու համար ահագին գումար է պահանջվում,
ՍՊԸ-ի տնօրենն ասում է՝ դա քո խնդիրն է: Իսկ երբ հարցնում ես՝ ինչի՞ համար քո ՍՊԸ-ն
մրցույթ չի անցել, պատասխանում է՝ հըլը վախտը չէ»,- ասում էր վարորդներից մեկը: Վարորդների
մեկնաբանելով, քաղաքապետարանի նպատակը մեկն է՝ իրենցից հսկա գումարներ գանձելու միջոցով
սեփական ավտոբուսներ գնել ու իրենց էլ աշխատանքից ազատել: Նրանց ասելով, իրենցից
շատերը այս մի քանի օրվա ընթացքում արդեն խայտառակ վիճակում են հայտնվել, այնինչ
մեկը որբ է պահում, մյուսը տան միակ կերակրողն է: Այս հարցը փորձեցինք պարզաբանել
Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Վարդան Հարությունյանից, սակայն ողջ
օրվա ընթացքում նրան չգտանք: Փոխարենը մեզ հաջողվեց ձեռք բերել նրա բաժնի եւ «Արմեն
Սուքիասյան ՍՊԸ»-ի միջեւ 2006 թ. 01.01-ին կնքած պայմանագիրը, որով «Կատարողը պարտավորվում
է ներհամայնքային ճանապարհները շահագործելու դիմաց կատարել համապատասխան օրական վճարումներ,
գրաֆիկով սահմանված աշխատանքային օրերի թվով, մեկ օրվա դիմաց յուրաքանչյուր մեքենայի
համար գանձելով 1000 դրամ»: Երեկ վարորդները փորձել են հանդիպել քաղաքապետ
Վարդան Ղուկասյանին, բայց ընդունելության չեն արժանացել: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել