Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ՇԵՖ»՝ «ՆԱԻՐԻՏՈՒՄ»

Հունվար 12,2006 00:00

Գործարանում
այնքան հաճախ են տնօրեններ փոխվում, որ աշխատակիցները չեն էլ հասցնում նրանց ծանոթանալ
Մեր տեղեկություններով՝ 2005-ի դեկտեմբերի 30-ին «Նաիրիտ» գործարանի
կառավարման կարգում փոփոխություն է տեղի ունեցել. նախկինում կառավարման հետ կապված
խնդիրները քննարկվում եւ համապատասխան որոշումներ էին ընդունվում բաժնետերերի ժողովների
ժամանակ, բայց այժմ ստեղծվել է նաեւ տնօրենների խորհուրդ, եւ դեկտեմբերի 30-ին արդեն
ընտրվել է խորհրդի նախագահը: Այս փաստը «Նաիրիտի» աշխատակիցներին խուճապի է մատնել,
քանի որ նրանք չգիտեն իրենց նոր «շեֆի» մտադրությունները: Խուճապը մասնավորապես հետեւյալում
է. քանի որ «Նաիրիտը» այսպես ասած «կիսով չափ» է գործում եւ մի շարք աշխատակիցներ
պարզապես պարապ-սարապ գործարանում նստում են, չի բացառվում, որ աշխատակիցներից շատերը
կրճատվեն: Այն, որ տնօրենների խորհրդի կազմն ու նախագահն ընտրվել են հենց դեկտեմբերի
30-ին՝ Ամանորի նախաշեմին, մի տեսակ հապշտապ եւ գաղտնի «գործարքի» տպավորություն
է թողնում՝ հատկապես, որ դրանից ընդամենը 1 օր առաջ առեւտրի եւ տնտեսական զարգացման
նախարար Կարեն Ճշմարիտյանը հրավիրած մամուլի ասուլիսում բավականին մանրամասն խոսելով
«Նաիրիտի» արտադրության ծավալների, արտադրանքի իրացման եւ բազում այլ խնդիրներից՝
տնօրենների խորհրդի մասին ոչինչ չի հիշատակել: «Նաիրիտի» բաժնետոմսերը 2005
թվականի սկզբից հանձնվել էր «Պետպոլիմեր» պետական ՍՊԸ հավատարմագրային կառավարմանը,
որի հիմնադիրներն են հիմնական գործարանի վարկատուները՝ այդ թվում նաեւ ՀՀ էներգետիկայի
նախարարությունը: Այդ գերատեսչությունից գործարանում տեղի ունեցած փոփոխության մասին
ինչ-որ բան պարզել հնարավոր չեղավ: «Նաիրիտ» գործարանում էլ տարբեր բաժինների աշխատակիցներ
այդ մասին կցկտուր տեղեկություններ ունեին, իսկ տնօրենների խորհրդի նախագահի մասին
ընդհանրապես ոչինչ չգիտեին, համենայնդեպս, այս առնչությամբ «Առավոտի» հարցին պատասխանում
էին՝ «չենք ճանաչում, չգիտենք ով ա»: Գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը
հաստատեց, որ իսկապես, դեկտեմբերի 30-ին նիստ է կայացել եւ տնօրենների խորհուրդ է
ձեւավորվել, բայց ըստ նրա՝ «դա այնքան էլ հապշտապ քայլ չէր, դեռ այդ նիստը պետք է
կայանար դեկտեմբեր ամսվա մեջ, ուղղակի ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվեց-հետաձգվեց՝
հասավ մինչեւ 30-ը»: «Նաիրիտի» աշխատակիցների անհանգստությունների առնչությամբ
պարոն Թադեւոսյանը հավաստիացրեց, որ իրենց մոտ նման խոսակցություններ չկան եւ աշխատակիցներն
էլ շատ հանգիստ են, քանի որ ոչ մի փոփոխություն չի լինելու: Ավելին՝ ըստ մեր զրուցակցի,
նոր տնօրենը հասցրել է հունվարի 9-ին հանդիպել բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների
հետ ու նրանց միջեւ արդեն նորմալ հարաբերություններ են ձեւավորվել. «Նա մեր ոչ մի
մասնագետի չի պատրաստվում հեռացնել աշխատանքից, մեզ մոտ ամեն ինչ կարգին է»: Պարոն
Թադեւոսյանի տեղեկություններով՝ տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել ոմն Կարեն
Իսրայելյան: Վերջինիս մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Հ. Թադեւոսյանը
խորհուրդ տվեց դիմել «Նաիրիտի» տեխնիկական գծով տնօրեն Ռուբեն Սաղաթելյանին, որն
էլ Կարեն Իսրայելյանի անուն-ազգանունը լսելուն պես միանգամից սկսեց գոռգոռալ, թե
«ինչների՞դ ա պետք՝ ո՞վ ա Կարեն Իսրայելյանը, ձեզ ի՞նչ, ասենք՝ ճանաչեցիք, էդ ձեզ
ի՞նչ ա տալու, «Նաիրիտում» 2200 աշխատող կա, դուք սաղին ճանաչո՞ւմ եք»: Ամեն դեպքում,
թե ո՞վ է Կարեն Իսրայելյանը, որտեղի՞ց է հայտնվել ու ի՞նչ կապ ունի «Նաիրիտի» հետ՝
պարոն Սաղաթելյանն ասաց՝ «ինքը հայ մարդ ա, վե՛րջ»: Անկախ գործարանի վարչական
մասում տեղի ունեցած փոփոխություններից՝ «Նաիրիտը» շարունակում է սպառած էլեկտրաէներգիայի
դիմաց եւ աշխատակիցներին պարտք մնալ: Խնդիրն այն է, որ թեեւ գործարանն իր ողջ հզորությամբ
չի գործում, բայց շարունակում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա սպառել: Ձմռան այս
ամիսներին էլ որոշ սարքավորումներ եւ նուրբ հաղորդալարեր ցրտից պաշտպանելու համար
ստիպված ողջ գործարանը ջեռուցվում է՝ ավելացնելով պարտքը: Այս հարցում Հրաչ Թադեւոսյանի
դիտարկմամբ՝ իրենք այլընտրանք չունեն. «Գործարանը էլեկտրաէներգիա ծախսել է անգամ
էն տարիներին, երբ ընդհանրապես չի գործել, հիմա կիսով չափ գործում է, արտադրություն
կա, չի կարելի ամբողջությամբ հոսանքազրկել»: Ինչ վերաբերում է վերջին շրջանում «Նաիրիտի»
արտադրության ծավալներին, նախարար Կարեն Ճշմարիտյանն իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել
էր, որ դրանք 2005-ին կրկնապատկվել են ու թեեւ մինչեւ հուլիսը գործարանն ունեցել
է արտադրանքի իրացման խնդիր, հիմա այդ հարցն էլ լուծված է: Սակայն մեր տեղեկություններով՝
վերջին շրջանում «Նաիրիտը» արտադրած 320 տոննա կաուչուկը չգիտի ինչպես սպառի: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել