Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Յոլա գնալու» բանաձեւը մնում է անփոփոխ»

Հունվար 12,2006 00:00

Ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
Արմեն Ռուստամյանը Անցած տարեվերջին, հատկապես սահմանադրական
հանրաքվեից հետո, կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը իրար հերթ չտալով խոսում էին
այն մասին, որ կոալիցիան իր գործն արել է եւ այլեւս կարող է ազատ զգալ կոալիցիոն
կապանքներից: Սակայն կոալիցիայի չորրորդ կողմ Ռոբերտ Քոչարյանը հրահանգեց դեռեւս
մեկ տարի եւս հանդուրժել միմյանց, եւ կարծես կոալիցիան հրահանգին հնազանդ է լինելու:
Ինչպե՞ս են կոալիցիոն ուժերը իրար հետ յոլա գնալու: Այս մասին մեր հարցին ի պատասխան՝
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը
նկատեց. «Իսկապես, երկու, կարծես իրար հակասող միտումներ են նկատվելու այս մեկ տարվա
ընթացքում, որոնք անհրաժեշտ է համատեղել, գտնելով այն ընդհանուր դաշտը, որը դեռ պահպանված
է, եւ կան նաեւ նոր խնդիրներ, որոնք մեզ կարող են դեռ միավորել, եւ այս իմաստով կարելի
է ասել, որ կոալիցիան դեռ անելիք ունի եւ դեռ իրեն չի սպառել այն ֆորմատով, որով
ձեւավորվել է: Մենք կարող էինք խոսել սպառման մասին, եթե սահմանադրական փոփոխությունների
հանրաքվեն չհաջողվեր, եւ սահմանադրությունը չփոխվեր: Մենք ներսից բարեփոխումներ իրականացնելու
խնդիրն ենք դրել՝ հասկանալով, որ կա քաղաքական համակարգ, որը արատավոր է եւ լուրջ
փոփոխությունների կարիք ունի: Սահմանադրական հանրաքվեն այդ կարեւոր խնդիրը լուծելու
համար շատ մեծ դուռ է բացել: Եվ՝ կանգնել կես ճանապարհին՝ հրաժարվելով ներսում բարեփոխում
իրականացնելու կարեւորագույն առաքելությունից, անընդունելի է Դաշնակցության կողմից»:
Ըստ Արմեն Ռուստամյանի, սահմանադրությունը փոփոխելուց հետո պետք է լուրջ փոփոխություններ
կատարվեն օրենսդրական դաշտում. «Սա պետք է գերակայող խնդիր լինի, եւ երկրորդը, որը
այսպես կոչված կենտրոնախույզ ուժերը մեծացնող միտումներ ունի, կապված է նախընտրական
տրամադրությունների հետ, քանի որ մենք արդեն ընդհուպ մոտենում ենք խորհրդարանական
ընտրություններին, եւ բնական է՝ որոշակի կուսակցական շահեր, կուսակցական խնդիրներ
կծագեն, եւ սա կարող է մեծացնել կենտրոնախույզ բաղադրիչը»: Մեզ ավելի շատ
հետաքրքրում էր, թե կոնկրետ մրցակցային վիճակից ո՞նց են դուրս գալու կոալիցիոն ուժերը,
քանի որ, ի վերջո, ավելի շատ տեղ, պատառ փախցնելու խնդիր կա յուրաքանչյուրի առջեւ
դրված, ուրեմն, ինչպե՞ս են շարունակելու եւ «յոլա գնալ», եւ միասին աշխատել: Արմեն
Ռուստամյանի կարծիքով, «յոլա գնալու» բանաձեւը միշտ էլ մնում է անփոփոխ. «Այդ բանաձեւը
շատ հայտնի է: Նախ, կուսակցությունների գործունեության մեջ պետք է կարողանանք սահմանազատել
երեք խնդիր. առաջինը՝ ազատություն կուսակցություններին այնքանով, որքանով դա չի հարվածում
գլխավոր նպատակին եւ այն գերակայող խնդիրներին, որոնց մասին ես ասացի: Հաջորդ սկզբունքը՝
գտնել այն կարեւորը, գլխավորը, որի շուրջ մենք պետք է փորձենք ամեն գնով լինել միասնական,
որովհետեւ դա կավելացնի մեր աշխատանքի արդյունավետությունը, եւ այդ ծավալով ավելի
հեշտ կլինի ներկայանալ ԱԺ ընտրություններից առաջ: Եվ շատ կարեւոր է նաեւ զուտ մարդկային
գործոնը, որը բոլորովին երկրորդական չի եւ մեր երկրում շատ հաճախ, դժբախտաբար, առաջնային
է դառնում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել