Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐԵՎԷ ՍՓՈՓԻՉ ԲԱՆ ՉԿԱ ԱՅՍ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Հունվար 12,2006 00:00

Ասում է ԵԽԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ժամանակավոր
հանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնի զեկույցի առնչությամբ: –
Հայ եւ ադրբեջանցի պատգամավորները հակասական գնահատականներ են տալիս Ռասել Ջոնսթոնի
զեկույցին։ Հայկական կողմը պնդում է, որ այս փաստաթուղթը մի քայլ առաջ է Դեյվիդ Աթկինսոնի
զեկույցի համեմատ: Իսկ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը
նշել է, թե զեկույցում տեղ են գտել ադրբեջանական կողմի համար կարեւոր հարցերը՝ տարածքների
օկուպացիան, էթնիկ զտումները եւ այլն: – Հայերի եւ ադրբեջանցիների տեսակետների
տարբերության առումով, կարծում եմ, զարմանալի ոչինչ չկա: Սա առաջին անգամ չէ, որ
տեղի է ունենում: Ավելի՛ն: Եթե անգամ եղանակի մասին հարց լինի՝ էլի տարբերվելու են
տեսակետները: Ադրբեջանցիները միշտ ասում են այն, ինչ հաճելի կլինի լսել իրենց ժողովրդին:
Ընդ որում՝ բոլորովին էլ չերկնչելով այն հանգամանքից, որ իրենց ասածը շատ հաճախ որեւէ
կապ չի ունենում իրականության հետ: Ցավոք, ժամանակ առ ժամանակ հայաստանյան մամուլում
էլ առանց որեւէ մեկնաբանության ներկայացվում են ադրբեջանական տեսակետները: Սա ոչ
լավ տեղեկացված մարդկանց կարող է գցել մոլորության մեջ: Համոզված եմ, որ այս մոտեցումը
պետք է անպայման վերանայվի: – Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նաեւ
հայտնել է, որ Հայաստանի ներկայացուցիչները փորձել են փոփոխություններ մտցնել զեկույցի
այն հատվածում, որտեղ խոսվում է հակամարտության կարգավորման տարբերակների մասին:
Ըստ Սեիդովի՝ «Նրանք պնդում էին հաշվի առնել ազգերի ինքնորոշման վրա հիմնված կարգավորման
տարբերակը: Սակայն ենթակոմիտեն մնաց անվրդով հայկական պատվիրակության այդ զգացմունքային
պոռթկման առջեւ»: – Ցավոք, ադրբեջանցիներն այստեղ էլ են մեղանչել ճշմարտության
առջեւ: Այս զեկույցի 33-րդ կետում խոսվում է Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական
լուծման մասին, որ լավատեսություն է առաջացրել եւ այլն: Ի դեպ, սա միակ կետն է, որտեղ
ձեւակերպում կա խնդրի լուծման վերաբերյալ: Եվ հենց այս կետում սեւով սպիտակի վրա
արձանագրված է, որ խնդիրը պետք է լուծվի հելսինկյան եզրափակիչ ակտի 4-րդ եւ 8-րդ
կետերի համաձայն, այսինքն՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի
կիրառմամբ: Ավելի՛ն: Մեր առաջարկներից մեկն այն էր, որ այս փաստաթղթին որպես հավելված
կցվի Վեհաժողովի 1690 երաշխավորության վերաբերյալ ԵԽ Նախարարների կոմիտեի արձագանքը,
որի 2-րդ կետում նույնպես հաստատագրվում է, թե ազգերի ինքնորոշման իրավունքն անպայման
պիտի կիրառվի խնդրի կարգավորման ժամանակ: Զեկույցի կետերից մեկում ձեւակերպում
էր մնացել, որ ԼՂ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, չնայած ամբողջ
տեքստում օգտագործվում էր այն ձեւակերպումը, որն օգտագործված է 1416 բանաձեւի վերնագրում
(այն է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի
շուրջ հակամարտություն».- Ա. Ի.): Եվ երբ առաջարկվեց դա փոխարինել «ԼՂ հակամարտություն»
արտահայտությամբ, բնականաբար, սա եւս ընդունվեց: Մեր 3-րդ փոփոխությունը վերաբերում
էր այն դրույթին, թե ատելության քարոզչություն է տարվում երկու կողմերում էլ: Եվ
առաջարկեցինք, որ չդրվի հավասարության նշան՝ ուղղակի արձանագրվի, թե անընդունելի
է ատելության քարոզչությունը: Սա եւս ընդունվեց: Այնպես որ, ճիշտն ասած, որեւէ սփոփիչ
բան չունի այս զեկույցն ադրբեջանցիների համար: Չնայած, կարծում եմ, ավելորդ խանդավառություն
էլ չարժե դրսեւորել: Այս փաստաթուղթը զուտ Ռասել Ջոնսթոնի անձնական զեկույցը կամ
հաշվետվությունն է անցած 1 տարում հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին, որը պիտի
ներկայացվի Բյուրոյին, որպեսզի որոշեն՝ երկարաձգե՞լ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը,
թե՞ ոչ: Եվ անհարկի է կարեւորվում այս զեկույցը: Երբեմն անգամ համեմատություններ
են արվում ԵԽԽՎ 1416 բանաձեւի հետ, այն դեպքում, երբ բացարձակապե՛ս տարբեր կարգավիճակներ
ունեն այս փաստաթղթերը: – Ադրբեջանական պատվիրակությունը չի թաքցրել, որ օգտվելով
այն հանգամանքից, որ Ռասել Ջոնսթոնի զեկույցը ներառվելու է ԵԽ բյուրոյի ամփոփիչ հաշվետվության
մեջ՝ հունվարի 23-27-ին կայանալիք ԵԽԽՎ-ի նստաշրջանում փորձելու են նորից արծարծել
ԼՂ հարցը։ – Օրակարգում դեռեւս անգամ որեւէ նշում չկա այս զեկույցի մասին:
Բայց նստաշրջանի բացումից հետո, որպես 1-ին հարց, միշտ ներկայացվում է Բյուրոյի գործունեությունն
անցած ժամանակահատվածում: Եվ բնական է, թե քանի որ Բյուրոն ստանալու է այս փաստաթուղթը
եւ դիրքորոշում է ձեւակերպելու հանձնաժողովի հետագա աշխատանքների շուրջ՝ իր հաշվետվության
մեջ կարող է անդրադառնալ այս զեկույցին: Սա է միակ հնարավոր տարբերակը՝ այլ բան այս
փաստաթղթի հետ հնարավոր չէ անել: Եվ շա՜տ հետաքրքիր է, թե իրենք ինչպե՞ս պիտի եւս
մեկ անգամ արծարծեն ԼՂ հարցը: Ադրբեջանցիների համար իսկապես դառնում է ավանդույթ
ուղղակի հարցն արծարծելը՝ հետեւանքներն իրենց չեն հետաքրքրում առանձնապես: Հետագա
աշխատանքների առնչությամբ հայտնեմ, որ փոխվելու է հանձնաժողովի անունը: Այն մինչ
այժմ կոչվում էր «1416 բանաձեւի 5-րդ կետի իրականացման հանձնաժողով», այսուհետ կոչվելու
է «1416 բանաձեւի կիրառման հանձնաժողով»: Այսինքն՝ հանձնաժողովը պիտի հետեւի այն
առաջարկների կատարմանը, որոնք կան այս բանաձեւում՝ դրանք վերաբերում են ե՛ւ շփումներ
հաստատելուն, ե՛ւ պատերազմի ու ատելության քարոզչությանը: Ռասել Ջոնսթոնն ասաց, թե
իր կարծիքով՝ օգտակար կլինի, եթե հանձնաժողովի գոնե որոշ անդամներ այցելեն Երեւան-Բաքու-Ստեփանակերտ՝
ավելի մոտիկից ծանոթանալու իրավիճակին: Ես առաջարկել եմ, որ առաջարկությունների կատարմանը
հետեւելու տեսակետից շատ կարեւոր է շարունակական դիտարկում անցկացնելու համար մեխանիզմ
ստեղծելը, որ հետագայում փաստացի նյութի վրա լինի խոսակցությունը: Առաջարկել եմ,
որպես տարբերակ, նման լիազորությամբ օժտել ԵԽ գլխավոր քարտուղարի Հայաստանի եւ Ադրբեջանի
հատուկ ներկայացուցիչներին: Խնդիրն այսուհետ լինելու է իրադարձությունների
զարգացմանը հետեւելը եւ փաստերն արձանագրելը: Եվ միգուցե 2006-ի վերջին կամ 2007-ի
սկզբին պատրաստվի եւս մեկ նման զեկույց, որտեղ կլինեն հետեւություններ, թե ո՛վ, ինչպե՛ս
է կատարում այդ առաջարկները: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել