Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունվար 11,2006 00:00

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՏԱՐԻՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՎԵՅԿ-ԱՆ ԶԵԵԻՑ Հունվարի 13-29-ը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում կայանալու է շախմատի ավանդական ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը, որին մասնակցում են հողագնդի ուժեղագույն գրոսմայստերները: «A» մրցաշարում խաղատախտակների առջեւ իրենց հարաբերությունն են պարզելու այնպիսի ճանաչված շախմատիստներ, ինչպիսիք են ՖԻԴԵ-ի ներկայիս չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, հունգարացի Պետեր Լեկոն, ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Կարյակինը, նիդեռլանդցիներ Լյուկ Վան Վելին, Իվան Սոկոլովը եւ Սերգեյ Տիվյակովը, ամերիկացի Գատա Կամսկին, անգլիացի Մայքլ Ադամսը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, ֆրանսիացի Էտյեն Բակրոն: ՖԻԴԵ-ի 2005 թվականի գավաթակիր Լեւոն Արոնյանը մասնակիցների ցուցակում իր վարկանիշով երրորդն է ու պիտի աշխատի ապացուցել, որ արժանիորեն է տեղ զբաղեցնում շախմատային աշխարհի վերնախավում: Կազմակերպիչները մրցաշարում հանդես գալու հրավեր էին ուղարկել նաեւ Վլադիմիր Կրամնիկին, սակայն նա պաշտոնական նամակով հրաժարվել է մասնակցությունից՝ ցավով նշելով, որ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ հարկադրված կլինիկական բուժման պետք է ենթարկվի: Այդ պատճառով Վեյկ-ան-Զեեում նրան փոխարինելու է հրավիրվել ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը: ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՄԱՐԶԱՁԵՎԸ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված ATP-ի 2005 թվականի ամփոփիչ մրցաշարի հաղթող արգենտինացի մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանը, որը ճանաչվեց Արգենտինայի անցած տարվա լավագույն մարզիկ, օրերս հայտարարել է, թե մտադիր է թողնել թենիսը եւ ուժերը փորձել ավտոարշավում: «Ես շատ եմ ցանկանում ապագայում ավտոարշավորդ դառնալ: Մոտ ժամանակներս կորոշեմ, թե դեռ ինչքան եմ թենիս խաղալու՝ երե՞ք տարի, թե՞, հնարավոր է, հինգ: Բայց դրանից հետո անպայման տեղափոխվելու եմ ավտոարշավ»,- լրատվամիջոցներին տեղեկացրել է 24-ամյա թենիսիստը: Արժե հիշեցնել, որ մարզաձեւի նմանատիպ փոփոխումները նոր ոլորտում մարզիկներին նույնիսկ ավելի մեծ հաջողություններ են բերել: Մասնավորապես, լեռնադահուկային սպորտի 1997 թվականի աշխարհի գավաթակիր ֆրանսիացի Լյուկ Ալֆանն իրեն գերազանց է զգում արշավային մեքենայի ղեկի մոտ: Նրա անվան դիմաց նոր մրցաձեւում բազմաթիվ հաղթանակներ կան գրանցված, այդ թվում՝ նաեւ «Դաքար» ավտոարշավի փուլերում: ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՌԻՆԳ ԿՄՏՆԻ ԱՊՐԻԼԻ՞Ն Մինչեւ 50,8 կգ քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, հնարավոր է, պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտն անցկացնի այս տարվա ապրիլին՝ հանդիպելով WBC-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի հետ: AllBoxing.Ru-ի տեղեկացմամբ, «Red Stars Boxsing» ընկերության ղեկավար Էդուարդ Ղումաշյանը, որը ԱՄՆ-ում Վախթանգի շահերի ներկայացուցիչն է, պաշտոնական առաջարկ է ուղարկել «Top Rank» ընկերություն՝ Արսեի պրոումոթերին, եւ հիմա ամեն բան կախված է վերջիններիս ցանկությունից: Հիշեցնենք, որ Դարչինյանն իր տիտղոսը նվաճել է 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով IBF-ի բազմամյա չեմպիոն Պաչեկոյին: Դրանից հետո նա երկու անգամ պահպանել է գոտին՝ ժամկետից շուտ հաղթանակներ տոնելով Մզուկիսի Սիկալիի եւ Խաիր Խիմենեսի նկատմամբ: Ինչ վերաբերում է Խորխե Արսեին, նա երկար տարիներ մինչեւ 48,988 կգ քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից է եղել, տարբեր տարիների կրել է WBC-ի եւ WBO-ի տիղոսները: Անցած տարվա սկզբին Արսեն տեղափոխվել է նոր քաշային կարգ ու արդեն երկրորդ մենամարտում տիրել WBC-ի ժամանակավոր գոտուն, որից հետո երկու անգամ պահպանել է այն: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել