Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵ՞ՏՔ

Հունվար 11,2006 00:00

ՊԵ՞ՏՔ Է, ԹԵ՞ ՈՉ՝ ԱԿԱԴԵՄԻԱՆ Այս հարցը հուզում է ոչ միայն ակադեմիկոսներին, այլեւ ՄԱԿ-ի փորձագետներին Ըստ մամուլում օրերս հայտնված տեղեկատվության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փորձագետների խումբը հանգել է եզրակացության, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան պետք է վերածվի հասարակական կազմակերպության, իսկ ԳԱԱ-ն վերացվի: «Առավոտը» կապվեց գիտության գծով ԿԳ փոխնախարար Արտակ Սահրադյանի հետ՝ պարզելու նախարարության դիրքորոշումը: «Դա լուրջ չէ, նման բան լինել չի կարող»,- անմիջապես ասաց փոխնախարարը: Հետո էլ ավելացրեց. «Ամեն խումբ, այդ թվում եւ ՄԱԿ-ի փորձագետներինը, կարող է կարծիք հայտնել ցանկացած հարցի շուրջ: Աշխարհի 200 պետությունների մեջ ադքան էլ շատ չեն ազգային ակադեմիա ունեցողները: Այնպես որ, մենք մեր եղածը ոչնչացնելու իրավունք չունենք: Դա ոչ թե ՄԱԿ-ի փորձագետների հանձնախմբի կամ որեւէ մեկի որոշելու հարցն է, այլ ողջ հայ ժողովրդի: Իսկ մեր ժողովուրդը խելացի է եւ իր ունեցածը հաստատ չի ոչնչացնի»: Ա. Սահրադյանը համամիտ չէր նաեւ մամուլում հանդիպող այն դիտարկմանը, թե իրավասու կառույցներն առայժմ չեն համարձակվում հրապարակել ԳԱԱ-ն հասարակական կազմակերպության վերածվելու մասին ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունը: «Նման բան չկա, այդ եզրակացությունը դրված է բոլորիս սեղաններին: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ հրավիրել եմ փորձագետների թիմի ղեկավար Ատոմ Մարգարյանին ու ասել, որ նման իրավասություն իրենց ոչ ոք չի տվել: Նա էլ իր հերթին ասել է, որ այդ եզրակացությունը ընդամենը իրենց խմբի կարծիքն է: Իհարկե՝ զեկույցում կան նաեւ նորմալ բաներ, որոնք կարելի է հաճույքով քննարկել: Օրինակ, աշխարհի տարբեր պետություններում գիտության զարգացման ոլորտի համար Ազգային ակադեմիաների դերի ու գործունեության, նրանց կազմակերպչական եւ կառավարման մոդելների մասին նյութերը եւ այլն: Բայց չպետք է մոռանանք հետխորհրդային դաշտի մասին, որի մի մասնիկն ենք: Գիտությունն ու կրթությունը պահպանողական համակարգեր են, այդ ոլորտներում չի կարելի կտրուկ շրջադարձեր անել, հարկավոր է հավասարակշիռ մոտեցում: Գիտությունը այս երկրի ապագան է: Կարծում եմ, հենց գիտությունը պետք է լուրջ աջակցություն ունենա մեր հանրապետությունում աղքատության նվազեցման հարցում, թե չէ այլ ռեսուրս կամ նավթ չունենք, որ խողովակի վրա նստենք ու պետություն պահենք: Մեր ունեցածը մտավոր պոտենցիալն է, որ պիտի ճիշտ օգտագործենք եւ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- «Առավոտին» ասաց պարոն Սահրադյանը: ՄԱԿ-ի փորձագետների խմբի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ կապվել չհաջողվեց նրա՝ քաղաքից բացակայելու պատճառով: Առաջիկայում կներկայացնենք նաեւ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Արամ Միրզոյանի դիտարկումները: Վերջինս «Առավոտին» ասաց, որ առաջին անգամ է լսում ակադեմիայի գլխավոր մասնաշենքի վաճառքի մասին, բայց ՄԱԿ-ի փորձագետների համապատասխան եզրակացության մասին պատրաստ է հանգամանալից խոսել: Հիշեցնենք, որ օրերս ՀԳՄ նախագահությունը եւս մտահոգությունն էր հայտնել ԳԱԱ-ի շուրջ ստեղծված անորոշության մթնոլորտի վերաբերյալ, չնայած ակադեմիայի լրատվականից դեռ հավաստիացնում են, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել