Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի

Հունվար 11,2006 00:00

Դեպի քաղաքացիական հասարակությո՞ւն ՕԵԿ-ի երիտասարդները գոհ են Հ. Հովեյանի միջադեպի վերաբերյալ հասարակության արագ արձագանքից Երեկ ՕԵԿ երիտասարդական միությունը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու այս տարվա ծրագրերը: Սրահում ներկա լրագրողներին կազմակերպիչների անելիքներն այնքան էլ չէին հետաքրքրում. ուշադրության կենտրոնում էր, բնականաբար, մշակույթի եւ երիտասարդության հարցերի արդեն նախկին նախարար Հովիկ Հովեյանի վերջին միջադեպը: Հիշեցնելով պետական պաշտոններում օեկական նախարարների ճակատագիրը (խոսքը մասնավորապես քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանի մասին է, որը նույնպես որդու հետ կապված միջադեպի պատճառով հրաժարական տվեց), լրագրողները երիտասարդ օեկցիներին խնդրեցին մեկնաբանել ավագ կուսակիցների արարքը: Մեկնաբանությունը հետեւյալն էր. «Ողջունելի է, որ հասարակությունը եւ ԶԼՄ-ները բավականին օպերատիվ եւ հետեւողականորեն արձագանքեցին այդ միջադեպին, ինչը վկայում է, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունն արդեն ձեւավորվել է: Լավ կլինի, որ հասարակությունը նույնպիսի հետեւողականությամբ ու օպերատիվությամբ արձագանքի մեր երկրում տեղի ունեցող նմանատիպ այլ իրադարձությունների: Երեւանի 200 տարվա պատմության մեջ տեղի ունեցած «ՏԷՑ-ի կրուգի» ճակատամարտն ավելի ուշ արձագանք ստացավ, քան պարոն Հովեյանի միջադեպը: Հովեյանը կատարվածը քաղաքական շահարկումներից զերծ պահելով՝ գտնվել է բարոյական եւ հրաժարական է տվել: Ընդհանրապես ՕԵԿ-ը խիստ սկզբունքային է իր կուսակցության՝ պետական պաշտոնյաների նկատմամբ: Սա օրինակ է, եւ եթե որեւէ պետական պաշտոնյա իրեն այդպես պահի՝ կարժանանա նույն ճակատագրին»: Չնայած նման միջադեպերին, միության երիտասարդները պնդում էին, թե կուսակցության նկատմամբ հասարակական պահանջը գնալով մեծանում է: Այս տարի միությունը մտադիր է «գլոբալ շուկայում մրցունակ երիտասարդներին ներգրավել կուսակցության շարքերը», ինչպես նաեւ բնակարանաշինության համալիր ծրագրի միջոցով կանխել հատկապես երիտասարդների արտագաղթը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Մեկ այլ հետաքրքիր դրվագ ՕԵԿ երիտասարդական միության ասուլիսից ներկայացնում է lragir.am-ը։ Ըստ կայքի, երիտասարդները հերքել են «Հայլուրի» հաղորդումն այն մասին, թե բրիտանական «Էկոնոմիստը» ներկայացրել էր Սերժ Սարգսյանին որպես ՀՀ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել