Լրահոս
Օրվա լրահոսը

Օրական

Հունվար 11,2006 00:00

Օրական ընդհատվում է մոտ 100 կյանք Այդպիսին է, ըստ մասնագետների, իրական վիճակագրությունը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «լավատեսական» թվերի: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ «UNFPA»-ի աշխատակից Գարիկ Հայրապետյանը վերջերս, որպես բարի լուր, տեղեկացրել էր, թե Հայաստանում աբորտների քանակը 10 տարում կրճատվել է ավելի քան 2 անգամ: Ըստ նրա, այժմ յուրաքանչյուր 4,7 ծնունդին բաժին է ընկնում 1 աբորտ, մինչդեռ տասը տարի առաջ այս ցուցանիշը կազմել է 2,4: Սակայն այլ բան են փաստում գինեկոլոգների տվյալները. «Հանրապետության ծննդատներում եւ այլ բուժհիմնարկներում միջին հաշվով օրական ընդհատվում է 100 կյանք: Այս ցուցանիշը լրջորեն մտածելու առիթ է տալիս: Եթե դրան ավելացնենք արտագաղթը, ապա պատկերը կամբողջանա»,- իր մտահոգությունը «Առավոտի» հետ կիսեց մայրաքաղաքի գինեկոլոգներից մեկը՝ Արթուր Մարտիրոսյանը: Բժշկի ունեցած տվյալներով՝ անցանկալի հղիությունից ավելի շատ ու ավելի վատ մեթոդներով են փորձում ազատվել հատկապես մարզերում, որտեղ կանայք, փոխանակ բժշկի օգնությանը դիմելու, «ավանդական» մեթոդներ են կիրառում: Մյուս կողմից, այն, որ աբորտների թիվը մեր հանրապետությունում իբր թե նվազել է, Գ. Հայրապետյանը պայմանավորել էր ընտանիքի պլանավորման 75 կետերում իրենց կողմից կանանց անվճար տրամադրված հակաբեղմնավորիչներով: «Ուշագրավ է, որ երբ մեր հիմնադրամի հակաբեղմնավորիչների մատակարարումը տեխնիկական պատճառներով 6 ամսով ընդհատվել էր, առողջապահության նախարարությունը կրկին սկսել է երկրում աբորտների աճի միտում դիտել»,- հավաստիացրել էր նա: Հայ առաքելական եկեղեցու քարոզչական կենտրոնի տնօրեն Ղեւոնդ քահանա Մայիլյանն նույն խնդրի առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ոչ ոք իրավունք չունի ներխուժել հայ ընտանիքի արգանդը. «Անհավատալի է, թե ինչպես այդ ծրագիրն (ընտանիքի պլանավորումը- Ռ. Ա.) անցավ Հայաստանում, երբ այն ԱՄՆ-ում ձախողվեց եւ արդյունք չտվեց: Նման փորձարկումները մեր երկրում քրիստոնեական տեսակետից միանգամայն մերժելի են: Կյանքն ի վերուստ տրված շնորհ է եւ այն պլանավորելն անընդունելի է: Այսպես կոչված, սեռական դաստիարակության խնդիրները մեզ մոտ հասնում են զավեշտի: Դրանց քարոզչությունը միայն վնաս կարող է հասցնել: Ցավոք, մենք կրկնում ենք այլ երկրների սխալները»: Իսկ ինչ վերաբերում է բուն աբորտի խնդրին, Ղեւոնդ քահանան նշեց, որ, ըստ քրիստոնեական դավանաբանության, պտուղը ձեւավորման առաջին իսկ օրից ինքնուրույն էակ է, ամեն մի միջամտություն միանշանակ սպանություն է եւ համարվում է մեծագույն մեղք: Սակայն, մասնագետների դիտարկմամբ, աբորտ անող բոլոր մայրերին «դժոխքի բաժին» համարել չի կարելի, քանի որ որոշ դեպքերում, երբ պտուղը լիարժեք չէ, երբ նրա գոյությունը վտանգ է ներկայացնում մոր կյանքի համար, կանանց թույլատրում են դիմել այդ քայլին, այն էլ միայն մասնագետների հատուկ որոշմամբ: Այն ընդունում է նաեւ առաքելական եկեղեցին, իսկ մյուս բոլոր դեպքերում հղիությունն ընդհատած կինը միանշանակ համարվում է մարդասպան: Ավելին, երբ պտուղը 5 ամսականից մեծ է, գումարվում է մեկ մեղք եւս՝ ինքնասպանության փորձը, քանի որ այդ դեպքում, երեխայից բացի, վտանգվում է նաեւ մոր կյանքը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել