ՄԵՐ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածություն առաջադրելու նախաձեռնությունը պետք է պաշտպանի առնվազն 27 ԱԺ պատգամավոր: Սակայն կընտրվի նա, ով կհավաքի 78 ձայն: Փաստորեն Պաշտպան դառնալու համար ավելի շատ քվե է հարկավոր, քան ԱԺ նախագահ, Վերահսկիչ պալատի նախագահ, ԿԲ նախագահ ընտրվելու համար, որոնց բավարար է 66 ձայնը: Եվ այս պայմաններում 7 պատգամավոր ունեցող «Ազգային միաբանությունը» եւ 14 պատգամավոր ունեցող «Արդարությունը» հանդես են գալու տարբեր թեկնածուներով: Առաջինը երեկ հայտարարեց Ռուբեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրելու մասին, իսկ «Արդարություն» խմբակցության քարտուղարը «ՀԺ»-ին եւ «Ազատությանը» հայտնել էր, թե իրենք պաշտպանելու են Լարիսա Ալավերդյանին: Ընդդիմադիրների նման ոչ համաձայնեցված գործողություններն առավել դյուրություն չե՞ն ստեղծի իշխանության թեկնածուի հաղթանակի համար: «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Մեր գործընկերներն «Արդարություն» դաշինքից մինչ այսօր դեռ չեն կայացրել այս հարցի շուրջ որոշում: Ավելի՛ն, իմ տեղեկություններով, հարցը դեռ չի էլ քննարկվել դաշինքի նիստում: Կարծում եմ, որ մեր առաջարկած թեկնածությունը հավանության կարժանանա «Արդարություն»-ում նույնպես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դաշինքի քաղաքական ուժերն ընդգրկված էին «18+1+8» ձեւաչափում, որտեղ Ռուբեն Թորոսյանի դրական դերակատարությունն ակնհայտ էր եւ գովելի բոլորի կողմից»: Իշխանության նախընտրելի Պաշտպանը, հակառակ շրջանառության մեջ դրված ապակողմնորոշիչ լուրերի, ակնհայտորեն Ռաֆիկ Մխիթարյանն է: Վերջին 2 տարիներին մարդու իրավունքների պաշտպանի այս տեղակալի օգտին արդեն իսկ հրապարակավ հանդես է եկել մասնավորապես ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Իսկ Ռաֆիկ Մխիթարյանը հաստատել է, որ ինքը «թիվ 1 թեկնածուն է», եւ «ամենանպատակահարմարն ու բարոյականը կլինի», որ ընտրեն իրեն: Նրա հայտնի կենսագրության մանրամասներին հավելենք, որ լինելով նախկին կուսնոմենկլատուրայի ներկայացուցիչ՝ 1998-ին հանդես եկավ ընդդեմ Կարեն Դեմիրճյանի եւ պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին: Ա. Ի.