Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իմաստուն

Հունվար 11,2006 00:00

Իմաստուն ասուլիս Թեեւ Վարդան Օսկանյանը հիմնականում զբաղվում է Հայաստանի արտաքին գործերով, այնուամենայնիվ, երկրի ներքին խնդիրների վերաբերյալ արվող նրա դատողությունները միշտ էլ հետաքրքիր ու յուրատիպ են: Մասնավորապես, երեկ ԱԳՆ-ում կայացած ասուլիսին, որը նվիրված էր 2005թ. ձեռքբերումներին, Օսկանյանը դրանց թվում առանձնացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ իբրեւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ կատարված քայլ: Տառացիորեն մի քանի րոպե անց, սակայն, թերեւս գիտակցելով նման պնդման անհեթեթությունը՝ ՀՀ արտգործնախարարը նշեց, թե հանրաքվեի ընթացքում թույլ տրված կեղծիքների հիմնական պատճառներից մեկը ընդդիմության կողմից «հսկողության բացակայությունն էր»: «Իհարկե, ես դրանով կեղծիքները չեմ արդարացնում», շտապեց հաջորդ անհեթեթության տպավորությունը ցրել նախարարը: Ընդհանրապես, հարկ է նկատել, որ ամեն ինչում ընդդիմությանը մեղադրելու՝ ՀՀ իշխանությունների մոլուցքն արդեն զավեշտի դրսեւորումներ է ստանում: 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո նրանք պնդում էին, թե կեղծումներ, այո, եղել են, բայց միաժամանակ երկու կողմից: Հիմա, երբ ընդդիմությանը կեղծիքների մեջ, անգամ տեսականորեն, մեղադրել հնարավոր չէ, իշխանությունները նրան մեղադրում են… իրենց լավ չհսկելու մեջ: Ինչպես ասում են՝ «շատ հեռուն կգնաք»: Օսկանյանի հաջորդ ներքաղաքական «կուրյոզն» առնչվում էր 2007թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ընդսմին, նա համոզմունք հայտնեց, որ դրանք չեն կեղծվելու: Բայց բնավ ոչ այն պատճառով, որ կուսակցությունները «բարի կամք կդրսեւորեն»: Չկեղծումը, ըստ արտգործնախարարի, պայմանավորված է լինելու վերջիններիս փոխվերահսկողությամբ: Մնում է արձանագրել, որ այս տրամաբանությամբ, հիմնական լծակակիր շնաձկների նախնական փոխհամաձայնության դեպքում (ինչը, ի դեպ, խիստ հավանական է) անհուսալիորեն կեղծվելու է նաեւ 2007-ը: Մի քիչ արտաքին քաղաքականության մասին: Բնականաբար, 2005 թվականը որակվեց իբրեւ «արդյունավետ»: Առանձին ծավալուն փաստաթղթով լրագրողներին ներկայացվեց հիմնական գործընկեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների դրական դինամիկան: Մինչդեռ, օրինակ, «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կրել են սահմանափակ բնույթ, հիմնականում իրականացվել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված բանակցային գործընթացում»: Նշվեց նաեւ, որ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները, այդ գործընթացի շրջանակում, հունվարի 17-18-ին կհանդիպեն Լոնդոնում, իսկ նախագահների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա այս տարվա փետրվարին: Առաջընթաց չկա նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, գլխավորապես «Թուրքիայի կողմից ՀՀ հանդեպ որդեգրած քաղաքականության պատճառով»: Օսկանյանը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 24-ին Երեւան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի ԱԳ նախարար Կարել դը Գուխտը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել