Լրահոս
Օրվա լրահոսը

2006-ին

Հունվար 11,2006 00:00

2006-ին ԼՂ հարցը չի լուծվելու Այս հարցում համոզված է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ անցյալ տարեվերջին հույս հայտնեցին, թե 2006-ին ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում հնարավոր է լուրջ առաջընթաց գրանցել՝ նկատի ունենալով նախեւառաջ այն հանգամանքը, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում այս տարի ընտրություններ չկան, ուստի՝ կա բաց պատուհան հարցը լուծելու համար: Նմանատիպ «հուսադրող» ակնարկներ են արվում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այդ լավատեսությունը, սակայն, չի կիսում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա դիտարկմամբ՝ ԼՂ հակամարտության լուծման համատեքստում ամենաառանցքային հարցն այն է, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի հասարակություններն արդյո՞ք պատրաստ են առաջարկվող հնարավոր փոխզիջումներին: Մեր զրուցակիցը փորձեց փաստարկել, թե ինչու է այդ հարցն այդքան սկզբունքային. «Երբ Մինսկի խմբի համանախագահներն ասում են լուծում, նրանք նկատի են ունենում փոխզիջումներ, իսկ ցանկացած փոխզիջումային տարբերակ ենթադրում է իշխանությունների կողմից համարձակ քայլեր: Բայց երբ այդ իշխանությունների լեգիտիմության աստիճանը ցածր է, նրանք չեն կարող համարձակ քայլեր անել ու զիջումների գնալ, ուստի՝ նաեւ որեւէ տարբերակ կյանքի կոչել: Մյուս կողմից, մեր հասարակություններն անտեղյակ են այդ պրոցեսներին, օտարված են, ու որեւէ մեկը չի կարողանալու համոզել, առավել եւս մեր հասարակություններին ինչ-ինչ լուծումներ պարտադրել: Պատկերացնո՞ւմ եք առաջարկվի փոխզիջումային տարբերակ ու բոլոր երեք երկրներում էլ հասարակությունները դրան դեմ դուրս գան, իշխանություններն ինչպե՞ս են իրականացնելու այդ տարբերակը»: Մյուս կողմից, քաղաքագետի դիտարկմամբ, պարզ չէ, թե ո՞ր ձեւաչափով է խնդիրը լուծվելու, ո՞ր մեխանիզմով, առավել եւս, երբ միջազգային տարբեր կազմակերպություններ խնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն: «ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը փաստացի ընդլայնվեց: ԵԽ շրջանակներում ստեղծվեց ԼՂ հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով, որի տեսակետները շատ հարցերում խիստ տարբերվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հրապարակած տեսակետներից»,- նկատեց Ստ. Գրիգորյանն ու որպես դրա օրինակ մատնանշեց ԵԽ-ում արված դիտարկումները փախստականների խնդրի, էթնիկ զտումների, տարածքներ օկուպացնելու եւ այլնի մասին, որոնք երբեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չեն հնչեցվել: Անդրադառնալով դեռ անցյալ տարվա կեսերից ԼՂ հակամարտության լուծման համատեքստում Միջազգային ճգնաժամային խմբի դրսեւորած ակտիվությանն ու վերջինիս առաջարկների կարեւորությանը՝ քաղաքագետը նկատեց, որ հարկ չկա դրանք ընդունել որպես հրաման: Բացի այդ, առաջարկվող որեւէ տարբերակ չի կարող կենսագործվել առանց կողմ երկրների փոխհամաձայնության: Խոսելով այս կազմակերպության վերջին հայտարարությունների, մասնավորապես՝ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, Ստ. Գրիգորյանը նկատեց, որ այդ իմաստով մեզ համար կարեւոր է, թե այդ խաղաղարար ուժերը ո՞ր սահմանով են կանգնելու: «Եթե դրանք տեղակայվելու են նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում՝ դրա մասին դեռ կարելի է մտածել: Այլ սահմաններով, ինչպես, օրինակ, ենթադրում են Ադրբեջանում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ապա դա անընդունելի է»,- նկատեց քաղաքագետը: Մի խոսքով, Ստ. Գրիգորյանը բացառում է, որ 2006-ին ԼՂ հակամարտության կարգավորման որեւէ լուրջ առաջընթաց կլինի, «որովհետեւ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է որեւէ մակարդակներում ստորագրվել՝ պարզապես չի կարող իրականացվել: Դրա համար մեխանիզմներ չեն ունենալու ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի իշխանությունները, առավել եւս, երբ այդ երկրներում չկա վստահության մթնոլորտ իշխանությունների հանդեպ»,- վստահեցրեց նա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել