Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ

Հունվար 11,2006 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ Հունվարի 8-ին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ կոալիցիայի խորհրդի նիստից հետո կոալիցիոն ուժերը նախապատրաստում են հայտարարություն իրենց հետագա գործունեության վերաբերյալ: Անգամ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ժողովրդին հղված իր շնորհավորական ուղերձում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2006-ն «առանձնահատուկ տարի է նաեւ այն իմաստով, որ ամենայն հավանականությամբ՝ բորբոքվելու են նախընտրական կրքեր: Այս առումով քաղաքական ուժերին եւ գործիչներին մաղթում եմ իմաստնություն, շրջահայացություն, ցանկանում եմ, որպեսզի բոլորը գիտակցեն, որ բացի քաղաքական վարկանիշից եւ Ազգային ժողովում տեղեր ունենալուց՝ կան ազգային հարցեր, ինչպես եւ անվտանգության խնդիրներ: Մենք դեռեւս բազմապիսի հարցեր ունենք լուծելու, եւ ոչ մի քաղաքական խնդիր, ոչ մի վարկանիշ չի կարող լինել ինքնանպատակ եւ փոխարինել այն վեհ զգացմանը, որ կոչվում է հայրենասիրություն»: Անցած տարեվերջին գործարարների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էլ կոալիցիայի պատվի հարցը հռչակեց մինչ 2007-ի մայիսն անխափան աշխատելը. «Կոալիցիան, այսպես ասած, քաղաքական պայմանագիր է 4 սուբյեկտի միջեւ՝ 3 կուսակցություն եւ նախագահ: Եվ դա պայմանագիր է 4 տարվա համար: Հետո կարող են լինել տարբեր մոդիֆիկացիաներ, բայց մինչեւ 2007-ի մայիսը մենք պարտավորություն եւ պատասխանատվություն ունենք միմյանց եւ ժողովրդի հանդեպ»: Այս հորդորների նպատակը պարզ էր: Վաղուց արդեն հայտնի են այն «ջերմ» զգացումները, որ կոալիցիոն ուժերը տածում են միմյանց նկատմամբ: Պարբերաբար դրանք արտահայտվում են նաեւ հրապարակավ, որի վերջին դրսեւորումը ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի գործիչների միջեւ լեզվակռիվն էր: Ոչ պակաս «ջերմ» են նաեւ կոալիցիոն այլ ուժերի միջեւ հարաբերությունները: Դրանց ցայտուն դրսեւորումը դաշնակցական մի բարձրաստիճան գործչի անկեղծ խոստովանությունն էր, որը զրույցի ընթացքում ասաց. «Եթե հաջորդ նախագահն «Օրինաց երկրից» է լինելու՝ ես կնախընտրեի, որ իշխանության վերադառնար ՀՀՇ-ն»: Հաշվի առնելով այն փոխադարձ բուռն զգացումները, որ միմյանց հանդեպ տածում են ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն՝ կարելի է եզրակացնել, թե վերջինիս համար որքան «սիրելի» է կոալիցիոն իր գործընկերը: ՀՀԿ-ն համեմատաբար անկեղծ է իր դրսեւորումների մեջ, եւ դեռ մինչ հանրաքվեն՝ նոյեմբերի 18-ի խորհրդարանական ճեպազրույցում այս կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունելուց հետո կոալիցիան իր առաքելությունը կարող է համարել ավարտված: Հանրաքվեից հետո պրն Սահակյանը դարձյալ հրապարակավ պնդեց. «Կոալիցիան իրագործել է իր գործառույթները եւ իր փոխհարաբերությունները պետք է հիմնավորի նոր խնդիրների շուրջ»: Ընդ որում՝ նա չէր բացառել ե՛ւ կոալիցիայի լուծարումը, ե՛ւ համագործակցության նոր ձեւաչափը: Հստակեցվեց նաեւ ժամանակը, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հենց տոներից հետո են պայմանավորվելու հետագա համագործակցության շուրջ: Եվս մի մեջբերում Գալուստ Սահակյանից. «Հասկանալի է, որ ներկոալիցիոն հարաբերությունները պետք է որոշակի ձեւափոխումների ենթարկվեն, առաջ են գալու նոր խնդիրներ, եւ այդ ամենի մասին պետք է հստակ պայմանավորվենք եւ նոր հարաբերությունները բանաձեւենք»: Ահա այս խնդիրների շուրջ էլ ընթացել է նախագահի նստավայրում հունվարի 8-ին կայացած քննարկումը, որի նյութը, ինչպես արդեն հաղորդել ենք՝ կոալիցիայի 2006-ի գործունեությունը, եւ ըստ էության՝ կոալիցիայի լինել-չլինելու հարցն է: Գործունեության մասով ամեն ինչ հստակ է՝ կոալիցիային շուրջ 1 տարի է հարկավոր օրենսդրությունը Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Սակայն այդ տարին նաեւ վճռորոշ է խորհրդարանական ընտրություններին նախապատրաստության առումով, եւ կոալիցիոն 3 ուժերն էլ կնախընտրեին առանձին-առանձին տեսնել այդ պատրաստությունը: Սակայն Ռոբերտ Քոչարյանը գրեթե ստիպողաբար պարտադրում է նրանց մնալ իրար կողքի մինչ 2007-ի մայիսը: Եվ այս պայմաններում կոալիցիային մնում է ընդամենը պայմանավորվել համակեցության կանոնների շուրջ: Ասենք, նրա, ինչ առաջարկել է «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը, որ կոալիցիոն ուժերը Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ խոստանան, թե միմյանց հրապարակավ եւ մամուլով չեն վարկաբեկելու եւ իրար վրա կեղտ չեն շպրտելու: Առաջիկա օրերին կոալիցիոն ուժերը նեղ շրջանակներում քննարկելու եւ առաջարկներ են անելու խաղի կանոնների շուրջ: Ըստ Գալուստ Սահակյանի՝ այս քննարկումների հիման վրա կազմվելու է հայտարարության տեքստ, որի մասին տեղյակ կպահվի հանրությանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել