Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսում ցուրտ էր ու տխուր

Հունվար 11,2006 00:00

Որպես ամանորյա ներկայացում երեխաներին մատուցվեց
քայլող ձին եւ «սրամիտ» Ձմեռ պապը: «Չինական կրկես»՝ ավետում
էր Երեւանի Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող կրկեսի պաստառը: Եվ քանի որ աշխարհում
իրենց անկրկնելիությամբ հայտնի չինական կրկեսի արտիստների ելույթից բացի՝ կրկեսում
նախատեսված էր նաեւ ամանորյա տոնական միջոցառում, որոշեցինք, որ դրանից լավ բան երեխայի
համար չես մտածի: Հունվարի 8-ին գնացինք կրկես: Ավտոտնակի դարպասներ հիշեցնող դռներն
արդեն կասկած գցեցին, որ կրկեսում վերջին տասնամյակներին ոչինչ չի փոխվել: Տարտամ
կասկածը դահլիճ մտնելուց հետո դարձավ տխուր իրողություն. դահլիճի հնոտ նստարանները,
արենայի պատառոտված եւ տեղ-տեղ բավական տեսանելի կարկատաններով կարմիր մահուդը, կարծես
դարերի խորքից եկող հնաոճ զարդարված տոնածառը եւ անտանելի ցուրտը թեեւ այնքան էլ
տրամադրող չէին, սակայն դահլիճը լեփ-լեցուն էր երեխաներով, եւ չէր բացառվում, որ
տեղի ունենալիք ներկայացումը գուցեեւ որոշ չափով սփոփեր առաջին տպավորությունը: Ներկայացումը
բացեց շիկահեր եւ երիտասարդ մի կին, որը ոգեւորությամբ ներկայացրեց չին արտիստների
հմտությունները՝ չմոռանալով շեշտել, որ մենք՝ հայերս, եւս ունենք լավ արտիստներ,
որոնք կրթվել են մեր կրկեսի ստուդիայում: Վստահաբար կարելի էր պնդել, որ գոնե ամսի
8-ին նրանք հաստատ Հայաստանում չէին եւ մեր երկրի կրկեսի պատիվը, ինչպես շիկահերն
ասաց, պահում են հեռավոր երկրներում: Գեղեցկատես երկու չինուհիների գուցե գողտրիկ,
բայց պարզունակ համարից հետո հայ շիկահերն ազդարարեց, որ այժմ բեմ են դուրս գալու
կենդանիները, որոնց վարժեցրել է անձամբ ինքը: Երեւաց ձին, որը Ռավելի «Բոլերոյի»
տակ մտրակի հարվածներ ուտելով քայլում էր արենայով (համաձայնեք, առանց որեւէ մեկի
մտրակի՝ ձին կաներ նույնը) եւ քայլելուց հետո խոնարհվում: Նրանից ավելի հաճախ խոնարհվում
եւ ծափեր էր ակնկալում վարժեցնող կինը: Վիվալդիի «Տարվա եղանակների» տակ ձին սկսեց
արագ վազել, իսկ արդեն Խաչատրյանի «Սուսերով պարի» ընթացքում թռավ սուսերներով պատված
օղակի միջով: Ձիու դոփյուններից առաստաղի ծեփը սկսեց թափվել նրա գլխին: Ձիուց հետո
մի քանի պտույտ արեցին երեք ջայլամները, իսկ նրանց հաջորդած լամային ոչ մի կերպ չկարողացան
համոզել թռչել խոչընդոտի վրայով. վերջինս իրեն անընդհատ ետնաբեմ էր նետում: Շատ պատվավոր
պտույտի ելավ (ընդ որում՝ կառքին բազմած) առյուծի ձագուկը, որին կրկեսին էր նվիրել
Գագիկ Ծառուկյանը: Դրանից հետո հայտարարվեց ընդմիջում, որից առաջ շիկահերն
առաջարկեց ընդմիջման ընթացքում առաջացող ձանձրույթը փարատել առյուծի ձագուկի հետ
լուսանկարվելով եւ ձիու մեջքին նստած՝ ասպարեզով պտտվելով: Ավելորդ է ասել, որ լուսանկարվել
կարելի էր բացառապես տեղի լուսանկարչի միջոցով, որը յուրաքանչյուր նկարի համար 500
դրամ էր վերցնում՝ հավանաբար չիմանալով, որ լուսանկարչական արվեստն՝ ի տարբերություն
մեր կրկեսի, բավական զարգացած է եւ ընդամենը 50 դրամով կարելի էր այդ հարցը լուծել:
Բեմում իր հմտությունները խնայած ձին ընդմիջմանը դանդա՜ղ ճեմում էր՝ մեկ մի, մեկ
մյուս երեխան մեջքին. մեկ պտույտը ձին իրականացնում էր 500 դրամով: Ընդմիջումից հետո
մեջտեղ եկավ Ձմեռ պապը: Իրեն երկար չսպասեցնելով՝ եկավ նաեւ մանկահասակ Ձյունանուշիկը:
Նրանց հետ ասպարեզ եկան, ինչպես հետո պարզվեց, Քաջ Նազարը՝ շղթայակապ արջուկի հետ:
Նազարը արջին օղու շշից թափանցիկ հեղուկ խմեցրեց՝ խիստ զվարճացնելով Ձմեռ պապին,
որը, դատելով արված հումորներից, եւս դեմ չէր մինչեւ ներկայացումը մեկ-երկու բաժակ
այդ թափանցիկ խմիչքից ընդունել. «Բա՛, Նոր տարի է, արջն էլ պետք է խմի, չէ՞, ի՜մ
թոռնիկներ»: Մի խոսքով, որքան էլ չին տղաներն՝ առանց իրենց խնայելու, անում էին այն,
ինչ գիտեն եւ կարող են, դահլիճում ցուրտը սաստկանում էր, կրկեսը րոպե առաջ լքելու
ցանկությունը՝ ավելանում: Ներկայացման վերջում շիկահերը դարձյալ հիշեցրեց, որ առյուծի
ձագի հետ լուսանկարվել չհասցնողների սխալը հնարավոր է շտկել ներկայացումից հետո:
Ավելի՛ն, կարելի է լուսանկարվել նաեւ Ձմեռ պապի հետ: ԼԻԼԻԹ
ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել