Այս հարցը հուզում է ոչ միայն ակադեմիկոսներին,
այլեւ ՄԱԿ-ի փորձագետներին Ըստ մամուլում օրերս հայտնված տեղեկատվության,
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փորձագետների խումբը հանգել է եզրակացության, որ Հայաստանի
գիտությունների ակադեմիան պետք է վերածվի հասարակական կազմակերպության, իսկ ԳԱԱ-ն
վերացվի: «Առավոտը» կապվեց գիտության գծով ԿԳ փոխնախարար Արտակ Սահրադյանի
հետ՝ պարզելու նախարարության դիրքորոշումը: «Դա լուրջ չէ, նման բան լինել չի կարող»,-
անմիջապես ասաց փոխնախարարը: Հետո էլ ավելացրեց. «Ամեն խումբ, այդ թվում եւ ՄԱԿ-ի
փորձագետներինը, կարող է կարծիք հայտնել ցանկացած հարցի շուրջ: Աշխարհի 200 պետությունների
մեջ ադքան էլ շատ չեն ազգային ակադեմիա ունեցողները: Այնպես որ, մենք մեր եղածը ոչնչացնելու
իրավունք չունենք: Դա ոչ թե ՄԱԿ-ի փորձագետների հանձնախմբի կամ որեւէ մեկի որոշելու
հարցն է, այլ ողջ հայ ժողովրդի: Իսկ մեր ժողովուրդը խելացի է եւ իր ունեցածը հաստատ
չի ոչնչացնի»: Ա. Սահրադյանը համամիտ չէր նաեւ մամուլում հանդիպող այն դիտարկմանը,
թե իրավասու կառույցներն առայժմ չեն համարձակվում հրապարակել ԳԱԱ-ն հասարակական կազմակերպության
վերածվելու մասին ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունը: «Նման բան չկա, այդ եզրակացությունը
դրված է բոլորիս սեղաններին: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ հրավիրել եմ փորձագետների
թիմի ղեկավար Ատոմ Մարգարյանին ու ասել, որ նման իրավասություն իրենց ոչ ոք չի տվել:
Նա էլ իր հերթին ասել է, որ այդ եզրակացությունը ընդամենը իրենց խմբի կարծիքն է:
Իհարկե՝ զեկույցում կան նաեւ նորմալ բաներ, որոնք կարելի է հաճույքով քննարկել: Օրինակ,
աշխարհի տարբեր պետություններում գիտության զարգացման ոլորտի համար Ազգային ակադեմիաների
դերի ու գործունեության, նրանց կազմակերպչական եւ կառավարման մոդելների մասին նյութերը
եւ այլն: Բայց չպետք է մոռանանք հետխորհրդային դաշտի մասին, որի մի մասնիկն ենք:
Գիտությունն ու կրթությունը պահպանողական համակարգեր են, այդ ոլորտներում չի կարելի
կտրուկ շրջադարձեր անել, հարկավոր է հավասարակշիռ մոտեցում: Գիտությունը այս երկրի
ապագան է: Կարծում եմ, հենց գիտությունը պետք է լուրջ աջակցություն ունենա մեր հանրապետությունում
աղքատության նվազեցման հարցում, թե չէ այլ ռեսուրս կամ նավթ չունենք, որ խողովակի
վրա նստենք ու պետություն պահենք: Մեր ունեցածը մտավոր պոտենցիալն է, որ պիտի ճիշտ
օգտագործենք եւ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- «Առավոտին» ասաց պարոն
Սահրադյանը: ՄԱԿ-ի փորձագետների խմբի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ կապվել
չհաջողվեց նրա՝ քաղաքից բացակայելու պատճառով: Առաջիկայում կներկայացնենք նաեւ ԳԱԱ
միջազգային գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Արամ Միրզոյանի դիտարկումները: Վերջինս
«Առավոտին» ասաց, որ առաջին անգամ է լսում ակադեմիայի գլխավոր մասնաշենքի վաճառքի
մասին, բայց ՄԱԿ-ի փորձագետների համապատասխան եզրակացության մասին պատրաստ է հանգամանալից
խոսել: Հիշեցնենք, որ օրերս ՀԳՄ նախագահությունը եւս մտահոգությունն էր հայտնել
ԳԱԱ-ի շուրջ ստեղծված անորոշության մթնոլորտի վերաբերյալ, չնայած ակադեմիայի լրատվականից
դեռ հավաստիացնում են, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ