Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԱՑԱԾ ԽԱՂ

Հունվար 11,2006 00:00

Տարիքն
առած ռեկտորները դարձան նույն բուհի խորհրդի նախագահներ, իսկ նրանց կփոխարինեն հիմնականում
պրոռեկտորները: Երեկ տեղի ունեցան Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական
համալսարանի ու Տնտեսագիտական ինստիտուտի բուհական խորհուրդների նիստերը, որոնց օրակարգում
դրված հիմնական հարցը խորհրդի նախագահի ընտրություններն էին: Լեզվաբանական համալսարանում
փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ խորհրդի նախագահ ընտրվեց
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նա ներկայացրեց խորհրդի հետագա
աշխատանքների ընթացքը՝ ռեկտորի ընտրություններ, բյուջեի հաստատում, ռազմավարական
ծրագրի հաստատում. «Խորհրդի կազմը բավական ներկայացուցչական է եւ կկարողանա ընդունել
հավուր պատշաճի ռազմավարական ծրագիր»: Վ. Սողոմոնյանը չի կարծում, որ այս նոր համակարգով
բուհերը կկորցնեն իրենց ինքնավարությունը: Տնտեսագիտական համալսարանում, ինչպես
եւ սպասվում էր, խորհրդի նախագահ ընտրվեց արդեն նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը:
Ինչպես արդեն նկատել ենք, բոլոր այն ռեկտորներն, ում պաշտոնավարման տարիքը լրացել
է, աստիճանաբար անցան ոչ պակաս բարձր պաշտոնի՝ նախապես հիմնադրի ու լիազոր մարմնի
հետ պայմանավորվածությունների արդյունքում: Նիստի օրը, կանոնակարգի համաձայն, նրանք
ներկայացրին իրենց հրաժարականի դիմումները, որպեսզի արդեն ոչ որպես ռեկտորներ, հանդես
գան խորհրդի անդամների դերում: Որովհետեւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների
մասին» օրենքով՝ ռեկտորը չի կարող խորհրդի անդամ լինել: Բայց փաստորեն որպես խորհրդի
անդամ նրանց թեկնածությունը հաստատվել է դեռ ռեկտորի պաշտոնում եղած օրերին: Այսինքն՝
ամեն ինչ ի վերուստ նախանշված է եղել: Եվ ամեն նիստից առաջ մոտավորապես այսպիսի մի
պարտադիր արարողություն է իրականացվում. ռեկտորը գրում է իր հրաժարականի դիմումը,
իսկ նախարարը ձեռքի հետ մակագրում է այն ու միասին մտնում են խորհրդի նիստի: ԵՊՀ-ի
դեպքում, արդեն հստակ է, որ Ռադիկ Մարտիրոսյանը կդառնա խորհրդի նախագահ. Ս. Երիցյանը
հաստատապես հայտնեց, որ նա էլ նիստի օրը կներկայացնի հրաժարականի իր դիմումը: Լեզվաբանականի
խորհրդի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի
հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը երեկ, նիստից հետո մեզ հետ զրույցում անկեղծ
խոստովանեց, որ դեռ այնքան էլ լավ չի պատկերացնում խորհրդի հետագա աշխատանքները եւ
ամբողջությամբ էլ ծանոթ չէ կանոնադրությանը: Բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին
հիշեցրինք այն բոլոր մտավախությունների մասին, որ նա ուներ ավելի վաղ՝ խորհուրդների
կազմավորման եւ դրա հետեւանքով բուհերի ինքնավարության հնարավոր նվազման ու վերադասի
կողմից ճնշումների հետ կապված: «Այդպես չի կարելի ասել,- պատասխանեց ռեկտորը,- ես
ոչ թե մտավախություն ունեի, այլ կան խնդիրներ՝ կապված ինքնավարության պահպանման հետ:
Նոր համակարգ է ստեղծվում, պետք է զարգանա, պետք է գնահատենք դրա արդյունքները: Ասել,
որ ես ինչ-որ ձեւով մտավախություն ունեի, դա այդպես չէ»: Ըստ պրն Զոլյանի, խորհրդում
4 մարմինների քվոտաների վերադասավորումը, որի արդյունքում ԿԳՆ-ն իր 50 տոկոսը տվեց
բուհին, սկզբունքային փոփոխություն մտցրեց այս ամենի մեջ: «Ես տվյալ դեպքում գործադիր
եմ եւ պետք է կատարեմ խորհրդի որոշումները, խորհուրդը որոշումներ պետք է կայացնի,
ես էլ պետք է կատարեմ»: Հիշեցնենք, որ 2005թ. սեպտեմբերի 30-ին Քաղաքական
բանավեճի ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ Ս. Զոլյանն այս կապակցությամբ մտավախություն
էր հայտնել, թե կառավարության հատվածը մնացել է անփոփոխ, եւ հնարավոր են որոշակի
ճնշումներ՝ հենց հիմնադրի կողմից: Ըստ պրն Զոլյանի այդ օրվա կարծիքի, հիմնադիրը,
ունենալով որոշակի իրավունքներ, կարող է լուծել թե՛ կադրային, թե՛ շենքային հարցեր՝
իրեն հարմար ձեւով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել