Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԻԺ՝ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ

Հունվար 11,2006 00:00

Գյումրիում նոր բնակարաններ այլեւս չե՞ն կառուցվելու
Սեւ լուրը գյումրեցի անօթեւաններին առաջինը հաղորդելու պատիվը
ընձեռվեց Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանին, ընդ որում՝ նախատոնական
օրերին: Շիրակի մարզպետի տեղեկացմամբ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մերժել» է նոր շենքերի
շինարարության գաղափարը հենց դեկտեմբերի 7-ին՝ մարզպետարանում կայացած փակ խորհրդակցության
ժամանակ: Մերժման պատճառները պարոն Մանուկյանը պարզաբանեց այսպես. «Հաշվի են առել
շինարարության թանկ լինելը եւ բնակարանի շուկայական արժեքի տարբերությունը: Այսինքն,
եթե կարելի է ասել, թե բնակարանը այսօրվա գներով 25 հազար դոլար է, ապա բնակարանների
գնման վկայագրով կրկնակի, եռակի, քառակի էժան կարելի է իրականացնել ծրագիրը»: Ակնհայտ
է, որ կառավարությունը թեկուզեւ լավ գիտակցում է, որ «բնակարանների գնման» իր իրականացրած
ծրագիրը ծրագրի նման չէ, ընտրել է անօթեւանության չարչրկված խնդրից ձերբազատվելու
ամենահեշտ տարբերակը: Հիշյալ «պատմական որոշման» վրա նույնիսկ աննշան ձեւով չազդեց
մեկ ամիս առաջ գյումրեցի պատգամավորների Շիրակի մարզպետարանում հավաքվելն ու «Բնակարանների
գնման վկայագիր» ծրագիրը բացահայտ ձախողված անվանելը: Քննադատողները, բնականաբար,
որպես հիմք ընդունում են վիճակագրական տվյալները: Հիշեցնենք, որ «Բնակարանների գնման
վկայագիր» ծրագրին մասնակցելու իրավունք ոչ բոլոր անօթեւաններին էր տրվել, առանձնացվել
էին անօթեւանների ցուցակի, այսպես ասած՝ առաջնահերթ շահառուները, թվով 1500 հոգի:
Եթե նկատի ունենք, որ 419 անօթեւան հրաժարվել է ծրագրից , իսկ հանձնաժողովը հաստատել
է 374 ընտանիքի գործեր, որոնցից դեկտեմբերի 26-ի դրությամբ 28 ընտանիք են առ ու վաճառք
կատարել, պարզ է, որ գյումրեցիների քննադատությունը ամենեւին էլ չափազանցված չէ:
Անօթեւանները շարունակում են կրկնել այն միտքը, որ ԲԳՎ ծրագրով կարելի է ոչ
թե տուն գնել, այլ «հավի բույն»: «Ոչ նորմալ բնակարան կա, ոչ էլ նորմալ փող են տալիս»,-
դժգոհում են գյումրեցիները: Հիշեցնենք, որ նախորդ՝ նմանատիպ ծրագրում արձանագրվեցին
դեպքեր, երբ որոշ անօթեւաններ տրամադրված գումարի չնչին լինելու պատճառով հարկադրված
բնակարաններ գնեցին վթարային, խարխուլ շենքերից, իրականում հայտնվելով ավելի խայտառակ
վիճակում, բայց փաստացի թեթեւացնելով անօթեւանների երկար-բարակ ցուցակը: Պարզվում
է՝ սա անօթեւաններին Նոր տարվա միակ «սյուրպրիզը» չէր: Շիրակի մարզպետի ասելով, եթե
անօթեւանը մասնակցում է ԲԳՎ ծրագրին ու բնակարան ձեռք չի բերում, որպես պատիժ՝ միանգամից
տեղափոխվելու է անօթեւանների ցուցակի վերջը, այսինքն՝ զրկվում է առաջնահերթությունից:
«Մինչեւ մյուս անօթեւանների հարցը չլուծվի, իրենց հարցը այլեւս չի քննարկվելու, մի
քանի տարի չեն օգտվելու որեւէ ծրագրից»,- անօթեւաններին մեկ անգամ եւս տխրեցրեց մարզպետը:
Ռոմիկ Մանուկյանի այս հայտարարությունը բավականին մեծ խուճապ է առաջացրել անօթեւանների
շրջանում. նրանք ցանկանում են իմանալ, թե ի՞նչ իրավունքով են իրենց հանդեպ նման քայլ
կատարում: «Կառավարությանը հաճոյանալու փոխարեն մարզպետը ճիշտ կաներ գումարն ավելացնելու
առաջարկ աներ, մեկ էլ՝ աչք ու երես ճանկռող չինովնիկների թղթատարությունը հսկեր»,-
ասում են անօթեւան մնացածները: Վերջիններս ավելի են «հիասթափվել» Շիրակի մարզպետի
այն տեղեկությունից, թե մինչեւ մայիս ԲԳՎ-ով հատկացվող գումարի թիվը չի փոփոխվելու:
«Այս պահին միգուցե էժան է, բայց ամիսը մեկ չենք կարող փոխել գինը, որովհետեւ այդ
գնով մենք արդեն ունենք 374 պայմանագիր, բնականաբար մինչեւ ավարտին չհասցվի, կադաստրային
արժեքն էլ հաշվի չառնենք՝ գնային փոփոխություն տեղի չի ունենա»,- ասել է մարզպետը:
Գյումրեցիներն էլ իրենց հերթին վստահեցնում են, որ «էս տեմպերով ու քրջոտ պայմաններով»
անօթեւանների ցուցակը հուր-հավիտյան չի կրճատվելու: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել