Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իմաստուն ասուլիս

Հունվար 11,2006 00:00

Իմաստուն
ասուլիս Թեեւ Վարդան Օսկանյանը հիմնականում զբաղվում է Հայաստանի
արտաքին գործերով, այնուամենայնիվ, երկրի ներքին խնդիրների վերաբերյալ արվող նրա
դատողությունները միշտ էլ հետաքրքիր ու յուրատիպ են: Մասնավորապես, երեկ ԱԳՆ-ում
կայացած ասուլիսին, որը նվիրված էր 2005թ. ձեռքբերումներին, Օսկանյանը դրանց թվում
առանձնացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ իբրեւ ժողովրդավարության
խորացման ուղղությամբ կատարված քայլ: Տառացիորեն մի քանի րոպե անց, սակայն, թերեւս
գիտակցելով նման պնդման անհեթեթությունը՝ ՀՀ արտգործնախարարը նշեց, թե հանրաքվեի
ընթացքում թույլ տրված կեղծիքների հիմնական պատճառներից մեկը ընդդիմության կողմից
«հսկողության բացակայությունն էր»: «Իհարկե, ես դրանով կեղծիքները չեմ արդարացնում»,
շտապեց հաջորդ անհեթեթության տպավորությունը ցրել նախարարը: Ընդհանրապես, հարկ է
նկատել, որ ամեն ինչում ընդդիմությանը մեղադրելու՝ ՀՀ իշխանությունների մոլուցքն
արդեն զավեշտի դրսեւորումներ է ստանում: 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից
հետո նրանք պնդում էին, թե կեղծումներ, այո, եղել են, բայց միաժամանակ երկու կողմից:
Հիմա, երբ ընդդիմությանը կեղծիքների մեջ, անգամ տեսականորեն, մեղադրել հնարավոր չէ,
իշխանությունները նրան մեղադրում են… իրենց լավ չհսկելու մեջ: Ինչպես ասում են՝
«շատ հեռուն կգնաք»: Օսկանյանի հաջորդ ներքաղաքական «կուրյոզն» առնչվում էր
2007թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ընդսմին, նա համոզմունք հայտնեց,
որ դրանք չեն կեղծվելու: Բայց բնավ ոչ այն պատճառով, որ կուսակցությունները «բարի
կամք կդրսեւորեն»: Չկեղծումը, ըստ արտգործնախարարի, պայմանավորված է լինելու վերջիններիս
փոխվերահսկողությամբ: Մնում է արձանագրել, որ այս տրամաբանությամբ, հիմնական լծակակիր
շնաձկների նախնական փոխհամաձայնության դեպքում (ինչը, ի դեպ, խիստ հավանական է) անհուսալիորեն
կեղծվելու է նաեւ 2007-ը: Մի քիչ արտաքին քաղաքականության մասին: Բնականաբար,
2005 թվականը որակվեց իբրեւ «արդյունավետ»: Առանձին ծավալուն փաստաթղթով լրագրողներին
ներկայացվեց հիմնական գործընկեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ
հարաբերությունների դրական դինամիկան: Մինչդեռ, օրինակ, «Հայաստանի եւ Ադրբեջանի
հարաբերությունները կրել են սահմանափակ բնույթ, հիմնականում իրականացվել են ԼՂ հակամարտության
կարգավորման հետ կապված բանակցային գործընթացում»: Նշվեց նաեւ, որ ՀՀ եւ Ադրբեջանի
արտգործնախարարները, այդ գործընթացի շրջանակում, հունվարի 17-18-ին կհանդիպեն Լոնդոնում,
իսկ նախագահների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա այս տարվա փետրվարին:
Առաջընթաց չկա նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, գլխավորապես «Թուրքիայի
կողմից ՀՀ հանդեպ որդեգրած քաղաքականության պատճառով»: Օսկանյանը տեղեկացրեց նաեւ,
որ հունվարի 24-ին Երեւան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի ԱԳ նախարար Կարել
դը Գուխտը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել