Լրահոս
Օրվա լրահոսը

«Լորիսնոց»՝

Հունվար 10,2006 00:00

«Լորիսնոց»՝ Թեհրանում Հայաստանի երաժիշտները «կարտագաղթեն» Իրան Դեռ անցյալ տարվա աշնանը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում պետք է տեղի ունենար Լորիս Ճգնավորյանի երաժշտական ակադեմիայի բացումը, որը ինչ-ինչ պատճառով հետաձգվեց: Ըստ մեր աղբյուրի, 2006թ. հունվարի 21-ին էլ այն չի կայանա, թեեւ նախապես որոշված էր: Ամանորից առաջ կապվեցինք մաեստրոյի հետ, որը մի քանի օրով հայրենիք էր ժամանել Նոր տարին դիմավորելու: Իրեն «աշխարհի քաղաքացի» համարող երաժիշտը հիշեցրեց, որ 2000-ից (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնից դուրս գալուց հետո) ինքը հայաստանյան մամուլին հարցազրույց չի տալիս, այն դեպքում, երբ արտերկրում, հիմնականում Թեհրանում նա հայաստանցի երաժիշտներով է ապահովում իր գործունեությունը: Հունվարի կեսերին Թեհրանում կրկին կկայանա Լ. Ճգնավորյանի կողմից կազմակերպվող ամենամյա դասական երաժշտության փառատոն, որտեղ, ինչպես միշտ, հանդես կգան մեր երաժիշտները: Ինչ վերաբերում է երաժշտական ակադեմիային, որին Իրանի մայրաքաղաքում արդեն շենք է տրամադրված, ի թիվս Եվրոպայից հրավիրված մասնագետների, կդասավանդեն նաեւ հայաստանցի երաժիշտներ: Վերջիններիս ընտրությունը կատարվել է մաեստրոյի կողմից եւ կարեւորագույն պայման է եղել Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորայի ասպիրանտուրան ավարտած լինելը: Առայժմ ընտրվել են դաշնակահար Տիգրան Մեսրոպյանը, վոկալիստներ Լիլիթ Գրիգորյանը, Վահագն Հովենցը, թավջութակահար Սերգեյ Կոսեմյանը: Ըստ մեր աղբյուրի՝ ապագա դասախոսները կբնակվեն ակադեմիայի շենքում, օրական երկու անգամ նրանց կտրվի անվճար սնունդ, իսկ աշխատավարձը կկազմի $500: Նրանք հանդես կգան նաեւ մենահամերգներով, յուրաքանչյուրից ստանալով ընդամենը $30: Տեղեկացնենք, որ Երեւանի կոնսերվատորիայում այսօր ուսանում է 65 իրանցի եւ դժվար չէ հասկանալ, որ Թեհրանի ակադեմիայի բացումը «կխփի» թե Հայաստանի բյուջեին եւ թե կոնսերվատորիայի դասախոսների աշխատավարձին: Կարելի է հասկանալ նաեւ ապագա դասախոսներին, որոնց այստեղ սպասում է չնչին աշխատավարձն ու հատուկենտ բեմելները: Սա խնդիր է, որը պետք է մտահոգի Հայաստանի կրթության եւ մշակույթի նախարարներին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել