«ԲՈՇԻՆ՝ ՅՈՒՂ», ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՉԻ ԳԱԼԻՍ Ո՞վ կզբաղեցնի Հովիկ Հովեյանի տեղը Հունվարի 4-ին տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, ինչպես եւ սպասվում էր, ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հրաժարական տվեց: Հունվարի 5-ին ՀՀ նախագահն ընդունեց այն: Հիշեցնենք, որ այդ հրաժարականը նախորդել էր Հովեյանի ու նրա շնորհալի ալտահար որդի Վաչեի կողմից էլեկտրացանցի մի քանի աշխատակցի ծեծվելուն: Ըստ լուրերի, նախարարն ու Վաչեն էլեկտրիկներին հարվածել էին զենքի խզակոթով: Հովիկ Հովեյանը երեկ հրաժարվեց կատարվածի առնչությամբ մեր թերթին որեւէ պարզաբանում տալ: Արդեն նախկին նախարարն ընդամենն ասաց, թե չի ուզում կրկնվել, քանի որ օրերս հեռուստատեսությամբ հնչեցրած իր հրաժարականի նախաբանում հայտարարել էր, որ որպես հայր է միջամտել քաշքշուկին՝ որդուն պաշտպանելու համար: Մինչ իրավապահ մարմինները կորոշեն, թե ում մեղքը որքան է աղմկահարույց ու ոչ մշակութային այս պատմության մեջ, արդեն շրջանառվում են մշակույթի հնարավոր նախարարացուների անունները: «Առավոտը» կապվեց նրանցից մի քանիսի հետ: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, Գագիկ Ասլանյանի ԺԴԿ-ի լուծարման եւ ՕԵԿ-ի հետ միավորվելու արդյունքում ակամա ՕԵԿ անդամ դարձած Փարավոն Միրզոյանն ասաց, որ իրենից էլի են հետաքրքրվել՝ կդառնա՞ նախարար, թե՞ ոչ: Եվ բոլորին ինքն ասել է, որ չի ուզում դառնալ: «Ես ստեղծագործող մարդ եմ, հիմա էլ իմ արվեստանոցում նստած հանգիստ նկարում եմ ու ինձ շատ լավ եմ զգում»,- ասաց պրն Միրզոյանը: Իսկ ո՞ւմ կուզենար տեսնել մշակույթի նախարարի պաշտոնում: «Համարեք, որ ինձ հետ չեք խոսել»,- հնչեց պատասխանը: Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ անդամ Գագիկ Մխեյանը մերձավորների ու կուսակիցների շրջանում չի թաքցնում նախարար դառնալու իր բյուրեղյա երազանքը: Եվ իր՝ այդ պաշտոնին համապատասխանելու ամենածանրակշիռ փաստարկն էլ այն է, որ երիտասարդ տարիներին 6 ամիս պարել է պարային խմբերից մեկում, ցավոք՝ ռեզերվում, իսկ դուստրը՝ երիտասարդ երգչուհի Սոֆին լրացնում է իր մշակութային ընտանիքի նկարագիրը: Պարոն Մխեյանը չժխտեց իր պարային անցյալը, ասաց, որ իսկապես պարել է «տարբեր համույթներում, այդ թվում՝ կաբելի գործարանի»: Հետո էլ ավելացրեց. «Էդ բոլոր խոսակցությունները իմ՝ նախարար դառնալու մասին, անհարկի շահարկումներ են: Եթե անգամ առաջարկեն, կհրաժարվեմ: Ես աշխատող մարդ եմ ու այստեղ էլ կարծես վատ չեմ աշխատում»: Ո՞ւմ կուզենար տեսնել մշակույթի նախարար: Պրն Մխեյանը ձեռնպահ մնաց անուններ տալուց՝ ասելով, որ արժանավոր շատ թեկնածուներ ունեն ՕԵԿ-ում, սակայն դեռ լուրջ քննարկումներ չեն եղել: Հաջորդ հավակնորդից՝ ՕԵԿ մշակութային միության նախագահ Ավիկ Իսահակյանից հետաքրքրվեցինք, եթե իրեն առաջարկվի մշակույթի նախարարի պաշտոնը կհամաձայնի՞: «Ինչպես ռուսներն են ասում՝ ոպջ ՍՏՎպվՑՈՐՌպՉ… Ա՜յ թանգարանների վերանորոգումից ու մշակութային լուրջ խնդիրներից հարցրեք՝ սիրով հարցազրույց կտամ, իսկ նախարարի պաշտոնին վերաբերող ոչ մի հարցի չեմ պատասխանի»,- ասաց նա: Ըստ մեր տեղեկությունների՝ մշակույթի նախարարի պաշտոնն առաջարկվել է նաեւ ՀՀ նախագահի խորհրդական, անկուսակցական Վիգեն Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է: Իսկ «Առավոտ» զանգահարած ընթերցողներից մեկն ասաց, որ այդ պաշտոնին հավակնում է Բելլա Քոչարյանի թիկնապահի հորաքրոջ տղան, որը, մեր աղբյուրի պնդմամբ, մշակույթի հետ ոչ մի առնչություն չունի: Մշակույթի նախարար դառնալ ցանկացողների թիվը գնալով աճում է, սակայն բոլորը սպասում են ԱԺ նախագահ, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վերջնական որոշմանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ