Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Հունվար 10,2006 00:00

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երեք դիտարկում «եվրոպական մենթալիտետի» մասին 2005-ի վերջին շաբաթը կնոջս հետ անցկացրի Պրահայում: Չեմ պատրաստվում այստեղ պատմել իմ տուրիստական տպավորությունների մասին: Ավելի հետաքրքիր եւ ուսանելի է մեզ համար այն, ինչը ոչ այնքան հաջող ձեւակերպմամբ կոչվում է «եվրոպական (արեւմտյան) մենթալիտետ»: Ավելի տեղին է այստեղ «մշակույթ» բառը՝ դրա լայն իմաստով: Կարծում եմ, որ հենց մշակույթի ցածր մակարդակը, հասարակական հարաբերությունների չմշակված լինելն է մեր եւ մեզ նման այլ երկրների քաղաքական եւ տնտեսական հետամնացության գլխավոր պատճառը: Թե չէ, երբ մենք օգտագործում ենք «մենթալիտետ» բառը, ապա, կարծես թե, ակնարկում ենք «ազգային առանձնահատկությունները» եւ դրանք դրոշ ենք դարձնում մեր, մեղմ ասած, չմշակված լինելը արդարացնելու համար: «Արա, դե քշի էլի» Մշակութային տարբերությունները ակնհայտ են դառնում «մանրուքներից», որոնցից կարելի է բխեցնել ամեն ինչ՝ ընդհուպ մինչեւ բարձր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Այդպիսի «մանրուք» է ճանապարհային երթեւեկությունը: Եվրոպացի վարորդներն ու հետիոտները կարմիր լույսի տակ կանգնում են, կանաչի դեպքում շարժվում են՝ այդպես ավելի հեշտ է եւ հասկանալի բոլորի համար: Ընդ որում, Պրահայի կենտրոնում լուսացույցներն օժտված են ձայնային սարքավորումներով՝ հատուկ կույրերի համար. եթե արագ է կտկտում, անցիր, եթե դանդաղ՝ կանգնիր: Երեւանում նման կտկտոցով առաջնորդվող կույրը երկար կյանք չէր ունենա: Եվրոպացի վարորդները կանգնում են «ստոպի» գծին չհասած. իսկ մեր վարորդները կանգնում են անցման գծերի («զեբրայի») վրա, իսկ եթե դրանք, ասենք, «ջիպեր» են՝ «8»-երով կամ «6»-երով, ապա կանգնում են (եթե, իհարկե, կանգնում են) «զեբրայից» էլ այն կողմ: Եվրոպայում, եթե լուսացույց չկա եւ հետիոտնը ոտք է դրել «զեբրայի» վրա, բոլոր մեքենաները պարտավոր են կանգնել եւ կանգնում են, մեզ մոտ նման դեպքերում (օրինակ, Բաղրամյան պողոտայում «Անելիք» բանկի մոտ) ոչ մեկի մտքով չի անցնում գոնե դանդաղեցնել ընթացքը: Բայց եթե Երեւանում որեւէ վարորդ այդպիսի բան անի՝ նա հետեւից այնքան զայրացած «սիգնալներ» եւ հայհոյանքներ կստանա, որ կփոշմանի իր անպատեհ օրինապաշտության մասին: Եվ ընդհանրապես որեւէ եվրոպացի վարորդից ես երբեք չեմ լսել «Արա, դե քշի էլի, ես քու…»: Դա դրանից չէ, որ «ազգային առանձնահատկությունների» համաձայն, մենք ավելի շատ ենք շտապում կամ անհամբեր ենք: Պարզապես մենք մեզ թույլ ենք տալիս անհամբեր լինել, իսկ նրանք՝ ոչ: Պիրսինգավոր ոստիկանը Պրահայում են գտնվում, ինչպես հայտնի է, «Ազատություն» ռադիոկայանի բոլոր ծառայությունները (այսպես ասած, գլխադասային խմբագրությունները), նաեւ մերը՝ հայկականը: Քանի որ դա, ըստ էության, ամերիկյան ռադիոկայան է, ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, եւ չափազանց ազատ է իր լրատվության եւ մեկնաբանությունների մեջ (Հայաստանում, օրինակ, դա միակ՝ նախագահական նստավայրից չվերահսկվող եթերն է), որը, բնականաբար, դուր չի գալիս որոշ հետամնաց երկրների իշխանավորներին, ինչպես նաեւ իսլամիստ ծայրահեղականներին: Վերջիններս ռադիոկայանը հայտարարել են իրենց թիրախներից մեկը: Ի պատասխան դրան, ամերիկացիները, փակելով նաեւ մայթը, «Ազատություն» ռ/կ-ի շենքը շրջապատել են բորդյուրով, որից անդին կարելի է անցնել միայն հատուկ անցագրերով: Ինչպես դա սովորաբար լինում է, «անվտանգության միջոցներից» մինչեւ հիվանդագին պարանոյա մի քայլ է: Դրանում առիթ ունեցանք համոզվել ինքներս: Վերը հիշատակած բորդյուրի մոտ մեզ դիմավորեց քիթը պիրսինգ արած մի աղջիկ: Հանձնեցինք նրան մեր անձնագրերը, հստակ արտասանեցինք հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի անուն-ազգանունը եւ խնդրեցինք զանգահարել նրան: (Դրանից երկու օր առաջ այդ պահակակետն անցել էինք եւ կարգը գիտեինք): «Մոմենտ»,- ասաց պիրսինգավոր աղջիկը եւ գնաց իր «բուդկան»՝ զանգելու: Այնուհետեւ, երկու րոպեից վերդառնալով, արտասանեց՝ «նո»: Շատ արագ պարզվեց, որ «մոմենտ»-ը եւ «նո»-ն աղջկա իմացած հատուկենտ միջազգային բառերն էին՝ պիրսինգավորը չգիտեր ոչ անգլերեն, ոչ ռուսերեն, եւ այդպես էլ չհաջողվեց պարզել՝ հատկապես ի՞նչը «նո» (մեր գործընկերները մեզ հաստատ սպասում էին): Բայց քանի որ այդ չկայացած խոսակցության ընթացքում մեզ սկսեցին սպառնալից մոտենալ մի քանի ավտոմատավոր երիտասարդներ, մենք գերադասեցինք լքել այդ աղջկա բորդյուրն ու «բուդկան»: Հակված եմ ենթադրել, որ ռադիոկայանի խմբագրությունը եւ Սպիտակ տունը, այնուամենայնիվ, տարբեր օբյեկտներ են. խմբագրությունը պետք է ավելի բաց լինի շփումներում՝ լրատվություն կլանելու եւ մշակելու համար: Մյուս կողմից էլ՝ անվտանգության հարցերում ավելի լավ է չափն անցնել, քան թերանալ: Բարի լույս, Հայաստան Պրահայի օդանավակայանի սահմանային կետով անցնում էին ոչ միայն մեր ինքնաթիռի ուղեւորները եւ, չնայած սահմանապահները ընդամենը երկու «պոստով» էին սպասարկում, հերթը տեւեց կես ժամից ոչ ավելի: «Զվարթնոցի» սահմանային կետում աշխատում էին չորս «պոստով» եւ միայն Պրահա-Երեւան չվերթի ուղեւորներն էին (իսկ ինքնաթիռի մի քանի շարք դատարկ էր), բայց հերթը տեւեց մեկ ժամից ոչ պակաս: Նախ՝ մարդկանց մի մասի հետ 10-15 րոպեանոց խոսակցություններ էին վարվում: Ինչի՞ մասին էին այդքան երկար խոսում. եթե մարդը կասկածելի փաստաթուղթ ունի կամ իրավունք չունի հատելու ՀՀ սահմանը, տարեք նրան որտեղ հարկն է, եթե իրավունք ունի՝ թողեք անցնի: Թե՞ մեզ մոտ իրավունք ունենալ-չունենալը «խոսելու վրա է»: Բացի այդ, անցումային կետում պարզապես վխտում էին տարբեր տեսակի «նաչալնիկներ»: Սահմանապահի, ոստիկանի եւ քաղաքացիական համազգեստով մարդիկ բուռն գործունեություն էին ծավալել. առաջ էին գցում իրենց ծանոթների հերթը, ինչ-որ գործեր էին դզում, գնում-գալիս էին ինչ-որ փաստաթղթերով: Մի խոսքով, գիշերային չվերթից հոգնած մարդիկ կարող էին լիաթոք շունչ քաշել եւ ասել՝ «Բարի լույս, Հայաստան»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել