ԼՂ-ԻՆ՝ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐՄիջազգային ճգնաժամային խմբի՝ Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սաբինա Ֆրեյզերը օրերս հրապարակել է իր դիտարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ այդ համատեքստում հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին: Զարգացնելով այս միտքը՝ ադրբեջանական «Day.az»-ի ինտերնետային կայքում երեկ տեղադրված հաղորդագրության համաձայն, տիկին Ֆրեյզերը կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի կազմում չպետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահ-երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները: Ասել է թե՝ նման իրավունք չպետք է ունենան նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան: Փորձագետի ասելով, խաղաղարար գումարտակը պետք է օժտված լինի միջազգային մանդատով, որը կարող է տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ ԵԱՀԿ-ն: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կամ ԵԱՀԿ-ն կարող են հրավիրել երկրներին՝ մասնակցելու այդ առաքելությանը: Անհրաժեշտ է սպասել հրավերի պատասխանին, հնարավոր է, որ Եվրամիությունն այս հարցում շահագրգռություն ցուցաբերի»,- հայտարարել է նա՝ չբացառելով, որ Եվրամիությունը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելությամբ: Ս. Ֆրեյզերի կարծիքով, Եվրամիության ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում կայանում է ոչ թե խաղաղության հասնելու, այլ այն կյանքի կոչելու մեջ: Տիկին Ֆրեյզերի համոզմամբ, Հայաստանը պետք է պատրաստ լինի «Ղարաբաղի կարգավիճակի անորոշությանն ու տարածքների վերադարձին», իսկ Ադրբեջանի կողմից ամենամեծ փոխզիջումը, ըստ նրա, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացումը: «Պաշտոնական Բաքուն պետք է պատրաստ լինի ցանկացած տարբերակի»,- հայտարարել է Ֆրեյզերը: Ն. Մ.