Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրաքվեի

Հունվար 10,2006 00:00

Հանրաքվեի հարցը ԵԽԽՎ-ում՝ հունվարի 23-ին Այդ օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի Հայաստանի սահմանադրական հանրաքվեն դիտարկող ԵԽ ժամանակավոր հանձնախմբի ղեկավար Թոմաս Ջիրսայի զեկույցը: Երեկ այս զեկույցը քննարկվել է ԵԽԽՎ բյուրոյի նիստում: Հայաստանի պատվիրակության որեւէ անդամ չի մասնակցել այս նիստին, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք որեւէ ներկայացուցիչ չունենք ԵԽԽՎ բյուրոյում: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ մեզ հեռախոսով հայտնեց. «Արդեն իսկ մինչ բյուրոյի այս նիստը՝ իրենք Հայաստանում հանրաքվեի հետ կապված զեկույցն ընդգրկել են բյուրոյի ընդհանուր գործունեության մասին զեկույցում: Եվ այդ շրջանակներում պիտի Վեհաժողովին ներկայացվի նստաշրջանի սկզբում: Սա առանձին զեկույց չի լինելու: Վեհաժողովում այս հարցերը չեն քննարկվելու, բանաձեւ չի ընդունվելու»: Մինչդեռ ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում արդեն իսկ տեղադրվել է ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագիծը, որում նշված է, թե հունվարի 23-ին քննարկվելու են ինչպես Ղազախստանում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, այնպես էլ նոյեմբերի 27-ին Հայաստանում կայացած հանրաքվեի արդյունքները՝ առանձին զեկուցողներով: Կայքէջում տեղադրված է մեր հարցով զեկուցողի՝ Թոմաս Ջիրսայի զեկույցը՝ իբրեւ փաստաթուղթ 10778: Սա նրա նախնական զեկույցի, որը ներկայացրել էինք «Առավոտի» դեկտեմբերի 23-24-ի համարներում, բառացի կրկնությունն է: Չնայած նախնական զեկույցը հիմնված էր զուտ հանձնախմբի ղեկավարի դիտարկումների վրա, եւ նախաբանում նշված էր, թե ավելի ուշ կարող են ավելացվել դիտորդական առաքելության այլ անդամների հավելյալ մեկնաբանություններ՝ ոչինչ չի ավելացվել: Եվ փաստորեն բոլոր դիտորդները համաձայնել են այս զեկույցի բավական կոշտ եզրակացություններին: Հիշեցնենք դրանցից մի քանիսը. «Կասկած չկա, որ ընտրատեղամասեր գնացած մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկել էր հօգուտ սահմանադրական փոփոխությունների: Հարցն այն է, թե քանի՞սն էին նրանք, եւ արդյոք ապահովվե՞լ է քվորումը: Մեր առաքելության փոքր ծավալը, այսպես թե այնպես, հնարավորություն չի ընձեռում անել ընդհանուր եզրակացություն: Հնարավոր չէ գնահատել դիտարկված կեղծարարության իրական ծավալները ու նաեւ, թե որքանո՞վ է այն անդրադարձել վերջնական արդյունքների վրա»: «Մարզերի որոշ տեղամասերը եւ Երեւանի գործնականում բոլոր տեղամասերն ապշեցուցիչ դատարկ էին՝ անկախ օրվա այն ժամանակահատվածից, երբ կատարվել է այցը (բացառությունը միայն այն պահերն էին, երբ քվեարկում էին զինվորականները): Պատկերն օրվա ընթացքում շատ կրկնվող էր, որ թույլ տար հավատալ, թե մեծ ակտիվությունը, որի մասին մեզ վստահեցնում էին ընտրական հանձնաժողովների ղեկավարները՝ միշտ լինում է հենց այն ժամանակ, երբ մենք այնտեղ չենք»: Զեկույցում նաեւ նշված է. «Ո՛չ մի արդարացում չկա «չափից ավելի շատ ջանալու» համար, նույնիսկ հանուն բարձր շահերի, ինչպես Հայաստանի դեպքում է, որ փորձում էր կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած գլխավոր պարտավորություններից մեկը: Փաստը, որ ԵԽ-ն ակտիվորեն պաշտպանում էր սահմանադրական բարեփոխումները, չի նշանակում, թե պատրաստ է այն ընդունել ամեն գնով: Իրականում, արձանագրված իրողությունը ցույց է տալիս անբավարար հարգանքը արժեքների նկատմամբ, որ պաշտպանում է Եվրոպայի խորհուրդը: Առավել հենց երկրի շահերից էր հրավիրել միջազգային դիտորդական խոշոր առաքելություն, փոխանակ 14 հոգուց բաղկացած պատվիրակությանը դարձնեին միակ ականատեսը խախտումների, որոնք կատարվում էին իրենց աչքի առջեւ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված է նաեւ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների հարցը: ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերկելը նախապես է հայտնել, որ հանդես է գալու առաջարկությամբ՝ քննարկել ԵԽԽՎ-ի ադրբեջանական պատվիրակության մանդատները չհաստատելու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել