Լրահոս
Օրվա լրահոսը

«Լորիսնոց»՝ Թեհրանում

Հունվար 10,2006 00:00

Հայաստանի երաժիշտները «կարտագաղթեն» Իրան Դեռ
անցյալ տարվա աշնանը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում պետք է տեղի ունենար
Լորիս Ճգնավորյանի երաժշտական ակադեմիայի բացումը, որը ինչ-ինչ պատճառով հետաձգվեց:
Ըստ մեր աղբյուրի, 2006թ. հունվարի 21-ին էլ այն չի կայանա, թեեւ նախապես որոշված
էր: Ամանորից առաջ կապվեցինք մաեստրոյի հետ, որը մի քանի օրով հայրենիք էր ժամանել
Նոր տարին դիմավորելու: Իրեն «աշխարհի քաղաքացի» համարող երաժիշտը հիշեցրեց, որ 2000-ից
(Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնից դուրս գալուց հետո) ինքը հայաստանյան
մամուլին հարցազրույց չի տալիս, այն դեպքում, երբ արտերկրում, հիմնականում Թեհրանում
նա հայաստանցի երաժիշտներով է ապահովում իր գործունեությունը: Հունվարի կեսերին
Թեհրանում կրկին կկայանա Լ. Ճգնավորյանի կողմից կազմակերպվող ամենամյա դասական երաժշտության
փառատոն, որտեղ, ինչպես միշտ, հանդես կգան մեր երաժիշտները: Ինչ վերաբերում է երաժշտական
ակադեմիային, որին Իրանի մայրաքաղաքում արդեն շենք է տրամադրված, ի թիվս Եվրոպայից
հրավիրված մասնագետների, կդասավանդեն նաեւ հայաստանցի երաժիշտներ: Վերջիններիս ընտրությունը
կատարվել է մաեստրոյի կողմից եւ կարեւորագույն պայման է եղել Երեւանի Կոմիտասի անվան
պետկոնսերվատորայի ասպիրանտուրան ավարտած լինելը: Առայժմ ընտրվել են դաշնակահար Տիգրան
Մեսրոպյանը, վոկալիստներ Լիլիթ Գրիգորյանը, Վահագն Հովենցը, թավջութակահար Սերգեյ
Կոսեմյանը: Ըստ մեր աղբյուրի՝ ապագա դասախոսները կբնակվեն ակադեմիայի շենքում,
օրական երկու անգամ նրանց կտրվի անվճար սնունդ, իսկ աշխատավարձը կկազմի $500: Նրանք
հանդես կգան նաեւ մենահամերգներով, յուրաքանչյուրից ստանալով ընդամենը $30: Տեղեկացնենք,
որ Երեւանի կոնսերվատորիայում այսօր ուսանում է 65 իրանցի եւ դժվար չէ հասկանալ,
որ Թեհրանի ակադեմիայի բացումը «կխփի» թե Հայաստանի բյուջեին եւ թե կոնսերվատորիայի
դասախոսների աշխատավարձին: Կարելի է հասկանալ նաեւ ապագա դասախոսներին, որոնց այստեղ
սպասում է չնչին աշխատավարձն ու հատուկենտ բեմելները: Սա խնդիր է, որը պետք է մտահոգի
Հայաստանի կրթության եւ մշակույթի նախարարներին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել