Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈՇԻՆ՝ ՅՈՒՂ», ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՉԻ ԳԱԼԻՍ

Հունվար 10,2006 00:00

Ո՞վ
կզբաղեցնի Հովիկ Հովեյանի տեղը Հունվարի 4-ին տեղի ունեցած
հայտնի միջադեպից հետո, ինչպես եւ սպասվում էր, ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը
հրաժարական տվեց: Հունվարի 5-ին ՀՀ նախագահն ընդունեց այն: Հիշեցնենք, որ այդ հրաժարականը
նախորդել էր Հովեյանի ու նրա շնորհալի ալտահար որդի Վաչեի կողմից էլեկտրացանցի մի
քանի աշխատակցի ծեծվելուն: Ըստ լուրերի, նախարարն ու Վաչեն էլեկտրիկներին հարվածել
էին զենքի խզակոթով: Հովիկ Հովեյանը երեկ հրաժարվեց կատարվածի առնչությամբ
մեր թերթին որեւէ պարզաբանում տալ: Արդեն նախկին նախարարն ընդամենն ասաց, թե չի ուզում
կրկնվել, քանի որ օրերս հեռուստատեսությամբ հնչեցրած իր հրաժարականի նախաբանում հայտարարել
էր, որ որպես հայր է միջամտել քաշքշուկին՝ որդուն պաշտպանելու համար: Մինչ իրավապահ
մարմինները կորոշեն, թե ում մեղքը որքան է աղմկահարույց ու ոչ մշակութային այս պատմության
մեջ, արդեն շրջանառվում են մշակույթի հնարավոր նախարարացուների անունները: «Առավոտը»
կապվեց նրանցից մի քանիսի հետ: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, Գագիկ
Ասլանյանի ԺԴԿ-ի լուծարման եւ ՕԵԿ-ի հետ միավորվելու արդյունքում ակամա ՕԵԿ անդամ
դարձած Փարավոն Միրզոյանն ասաց, որ իրենից էլի են հետաքրքրվել՝ կդառնա՞ նախարար,
թե՞ ոչ: Եվ բոլորին ինքն ասել է, որ չի ուզում դառնալ: «Ես ստեղծագործող մարդ եմ,
հիմա էլ իմ արվեստանոցում նստած հանգիստ նկարում եմ ու ինձ շատ լավ եմ զգում»,- ասաց
պրն Միրզոյանը: Իսկ ո՞ւմ կուզենար տեսնել մշակույթի նախարարի պաշտոնում: «Համարեք,
որ ինձ հետ չեք խոսել»,- հնչեց պատասխանը: Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ պատգամավոր,
ՕԵԿ անդամ Գագիկ Մխեյանը մերձավորների ու կուսակիցների շրջանում չի թաքցնում նախարար
դառնալու իր բյուրեղյա երազանքը: Եվ իր՝ այդ պաշտոնին համապատասխանելու ամենածանրակշիռ
փաստարկն էլ այն է, որ երիտասարդ տարիներին 6 ամիս պարել է պարային խմբերից մեկում,
ցավոք՝ ռեզերվում, իսկ դուստրը՝ երիտասարդ երգչուհի Սոֆին լրացնում է իր մշակութային
ընտանիքի նկարագիրը: Պարոն Մխեյանը չժխտեց իր պարային անցյալը, ասաց, որ իսկապես
պարել է «տարբեր համույթներում, այդ թվում՝ կաբելի գործարանի»: Հետո էլ ավելացրեց.
«Էդ բոլոր խոսակցությունները իմ՝ նախարար դառնալու մասին, անհարկի շահարկումներ են:
Եթե անգամ առաջարկեն, կհրաժարվեմ: Ես աշխատող մարդ եմ ու այստեղ էլ կարծես վատ չեմ
աշխատում»: Ո՞ւմ կուզենար տեսնել մշակույթի նախարար: Պրն Մխեյանը ձեռնպահ մնաց անուններ
տալուց՝ ասելով, որ արժանավոր շատ թեկնածուներ ունեն ՕԵԿ-ում, սակայն դեռ լուրջ քննարկումներ
չեն եղել: Հաջորդ հավակնորդից՝ ՕԵԿ մշակութային միության նախագահ Ավիկ Իսահակյանից
հետաքրքրվեցինք, եթե իրեն առաջարկվի մշակույթի նախարարի պաշտոնը կհամաձայնի՞: «Ինչպես
ռուսներն են ասում՝ ոպջ ՍՏՎպվՑՈՐՌպՉ… Ա՜յ թանգարանների վերանորոգումից ու մշակութային
լուրջ խնդիրներից հարցրեք՝ սիրով հարցազրույց կտամ, իսկ նախարարի պաշտոնին վերաբերող
ոչ մի հարցի չեմ պատասխանի»,- ասաց նա: Ըստ մեր տեղեկությունների՝ մշակույթի
նախարարի պաշտոնն առաջարկվել է նաեւ ՀՀ նախագահի խորհրդական, անկուսակցական Վիգեն
Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է: Իսկ «Առավոտ» զանգահարած ընթերցողներից
մեկն ասաց, որ այդ պաշտոնին հավակնում է Բելլա Քոչարյանի թիկնապահի հորաքրոջ տղան,
որը, մեր աղբյուրի պնդմամբ, մշակույթի հետ ոչ մի առնչություն չունի: Մշակույթի
նախարար դառնալ ցանկացողների թիվը գնալով աճում է, սակայն բոլորը սպասում են ԱԺ նախագահ,
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վերջնական որոշմանը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել