Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ՝ ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Հունվար 10,2006 00:00

Թուրքական
ընկերությունը հետազոտել է Հայաստանի սահմանամերձ ընդերքը «Ստերլիտ
գոլդ» ընկերությանը պատկանող «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի
գործունեության որոշ հանգամանքներ մտահոգության տեղիք են տալիս: Ընկերության հիմնական
բաժնետեր, ազգությամբ հնդիկ, Լոնդոնում ապրող միլիարդատեր Անիլ Ագարվալը աշխարհում
հայտնի է իր կասկածելի գործերով: 2005-ին բավական երկար ժամանակ «SPEKTRA JEOTEK»
թուրքական ընկերությունը «Ստերլիտ գոլդ»-ի պատվերով հետազոտություն էր կատարել Սոթքի
հանքավայրում, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում: Սովորաբար, «Ստերլիտ
գոլդ» ընկերության պաշտոնական կայքում տեղեկատվություն է տեղադրվում բոլոր օտարերկրյա
կազմակերպությունների կատարած աշխատանքների մասին: Սակայն թուրքական այդ ընկերության՝
Հայաստանում կատարած աշխատանքների մասին որեւէ բան կայքում նշված չէ: Փաստորեն՝
ռազմավարական նշանակության հանքավայրում ուսումնասիրություն է կատարել մի երկրի ընկերություն,
որի հետ ունենք բազմաթիվ խնդիրներ: Մեր տեղեկություններով՝ թուրքական ընկերության՝
Հայաստանում գտնվելու մասին տեղյակ չի եղել նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
ԱԱԾ-ն այդ մասին տեղեկացել էր «SPEKTRA JEOTEK»-ի աշխատակիցների՝ Թուրքիա մեկնելուց
մեկ օր առաջ միայն: Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական ընկերությունը հայտնվում
է Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող ոլորտներում: 2004-ին «Inta Space Turk»
կազմակերպությանը պատկանող թուրք-ռուսական «IBM» ընկերությունը հաղթել է ՀՀ կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հայտարարած քարտեզագրության մրցույթում:
Կատարված աշխատանքներն օգտագործվել են քարտեզագրության մեջ: Այդ քարտեզները «գաղտնի»
գրիֆի տակ են, այսինքն՝ անհասանելի են սովորական մահկանացուներիս: Ամիսներ առաջ երկու
պետական գերատեսչություններից մեզ հավաստիացրին, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունը
կապ չուներ քարտեզի կազմման հետ: «Նրանք միայն արբանյակից լուսանկարել են տեղանքը»,-
այն ժամանակ ասաց ԱԱ ծառայության աշխատակիցներից մեկը: Նշենք, որ քարտեզագրվող տեղանքը
Գյումրիի շրջակայքում էր՝ Թուրքիայի եւ Վրաստանի հետ սահմանին: Սոթքում հետազոտություններ
կատարած ընկերության ներկայացուցիչների մեկնումից որոշ ժամանակ անց Ադրբեջանի արտգործնախարարությունը
բողոքի նոտա է հղել Բաքվում Հնդկաստանի դեսպանին՝ նշելով, որ հնդկական ընկերությունը
ոսկու արդյունահանման աշխատանքներ է տանում Ադրբեջանի տարածքում: Բաքվում Հնդկաստանի
դեսպանը պատասխան հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում հնդկական որեւէ ընկերություն
ոսկու արդյունահանմամբ չի զբաղվում: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ միլիարդատեր
Անիլ Ագարվալը հունվարի 15-ին այցելելու է Հայաստան: Նա փորձ է անում հանդիպումներ
կազմակերպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ որեւէ մեկը նրան հանդիպելու
ցանկություն չի հայտնել: Մեր կարծիքով՝ Ագարվալի այցն ունի երկու նպատակ. նախ՝ հարթել
մոտ մեկ տոննա ոսկու պաշարները թաքցնելու շուրջ ՀՀ կառավարության հետ վերջերս ծագած
հակասությունները (այս հարցը, թերեւս, արդեն լուծված է), ապա՝ ՀՀ իշխանություններին
համոզել Սոթքի հանքավայրի մոտակայքում՝ Սեւանի ավազանում, ոսկու կորզման նոր գործարան
կառուցել: Անիլ Ագարվալի գործունեությանը ծանոթանալուց հետո կարելի է պատկերացնել,
թե ինչ «հնարքներ» նա կարող է օգտագործել իր գործը հաջողելու համար: Հնդկաստանում,
որտեղ իրենց հիմնական գործունեությունն են ծավալել Անիլ Ագարվալի մեկ տասնյակի հասնող
ընկերությունները, նրա համար փակ դռներ չկան: Նրա գործարանների մեծ մասը կառուցվել
է առանց թույլտվությունների, ու հետո միայն բոլորն «օրինականացվել» են: Ագարվալը
նախարարներին կամ նրանց հարազատներին դարձրել է իր ընկերությունների կառավարման խորհուրդների
անդամներ կամ օգտագործել «գործ սարքելու»՝ Հնդկաստանում ընդունված այլ միջոցներ:
Ինչպես հայտնի է, Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը:
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել