Հարցազրույց մարդու
իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ Մարդու իրավունքների
պաշտպանը իր լիազորությունների դադարեցման մասին լուրը ստացել է ոչ թե պաշտոնական
մարմիններից, այլ՝ լրատվամիջոցներից, եւ այս աշխատաոճը Լարիսա Ալավերդյանը բացատրում
է հետեւյալ կերպ. «Ես կարծում եմ, որ դա նույն անճոռնի ձեւով է կատարվել, ինչպես
նաեւ այն ժամանակ կատարվեց, երբ փորձում էին մարդու իրավունքների պաշտպանի անկախության
երաշխիքների հանդեպ ոտնձգություններ կատարել՝ ապացուցելու համար, կամ՝ իջեցնելու,
հավասարեցնելու այդ պաշտոնը ցանկացած այլ գործադիր պաշտոնի հետ: Ես սա համարում եմ
կամ թյուր իմացություն, կամ՝ իրավական մտքի տկարություն: Ի դեպ, եթե մտքին դրված
էր օր առաջ ազատել Լարիսա Ալավերդյանին, ապա դրա համար օրենքին չհակասող լեփ-լեցուն
ձեւեր կային: Տվյալ դեպքում արված է կամայական քայլ, որը ես ամենեւին չեմ համարում
գործընթացի վերջը, այդ քայլը, ընդհակառակը, ստիպում է ինձ, որպես ՀՀ քաղաքացի, դիմել
օրենքից բխող քայլերի»: ՀՀ նախագահի հրամանագիրը՝ մարդու իրավունքների պաշտպանի
լիազորությունների դադարեցման եւ համապատասխան հանձնաժողով ստեղծելու մասին, օմբուդսմենն
այսպես է գնահատում. «Սա ես արդեն գնահատել եմ ինչպես որեւէ իրավական հիմք չունեցող
հրամանագիր, որով ոտնահարվում են ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլեւ ավելի լայն
առումով՝ մարդու իրավունքները: Արդեն նոր սահմանադրության 18-րդ կետում պարզ գրված
է, որ ցանկացած անձ կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին, եթե գտնում է,
որ իր իրավունքները ոտնահարվել են իշխանությունների կողմից: Այս հրամանագրով այդ
իրավունքը ոտնահարված է, ես էլ չեմ ասում, որ ըստ այդ նույն հրամանագրի, որ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը պետք է ղեկավարվի մի հանձնաժողովով, որը կազմված
է այլ մարմինների աշխատակազմերի ղեկավարների կամ տեղակալների կողմից: Այդ եռյակների
ձեռագիրը վատ բաներ է հիշեցնում: Ես չեմ անձնավորում, բայց այդ մարդիկ եկել են այդ
հրամանագրով, ես պարտքս եմ համարել բացատրել, որ այդ հրամանագիրը օրինական հիմքեր
չունի»: Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հարցը
նոր ընդունված սահմանադրությամբ իրավասու էր լուծել Ազգային ժողովը. «Խնդրում եմ
ուշադրություն դարձրեք, հրամանագրվում է ստեղծել մի հանձնաժողով, որը որեւէ օրինական
ուժ չունի: Կա Ազգային ժողով, որը սահմանադրությամբ պատասխանատվություն է կրում այս
հաստատության համար, մինչդեռ հիմա որեւէ իրավական հիմք չունեցող այդ եռյակը, ես ուրիշ
բառ չեմ կարող գտնել, պետք է առանց ժամկետային սահմանափակման ներկայացնի առաջարկություններ
այն մասին, թե ինչ պետք է արվի այս աշխատակազմի հետ: Այսինքն՝ մի աշխատակազմի, որն
օրենքով սպասարկում է պաշտպանի աշխատանքը, եւ եթե որոշումն այնպիսին լինի, ինչպես,
ցավով եմ ասում, առաջարկել է Տիգրան Թորոսյանը, որ ճիշտը հաստատության աշխատանքների
դադարեցնելն է, թեկուզ անորոշ ժամանակով, ես դա համարում եմ վատթարագույն որոշումը»:
Արդյոք այս հրամանագրի հապճեպությունը եւ իրավական առումով ոչ պրոֆեսիոնալ
կազմված լինելը մարդու իրավունքների պաշտպանը չի՞ բացատրում սպասվելիք տարեվերջյան
զեկույցով, որում, ըստ որոշ գնահատականների, կան կոնկրետ պաշտոնյաների ոտքը տրորող
բացահայտումներ: Տիկին Ալավերդյանն ասաց, որ իր զեկույցը գաղտնիք չէր, որ ինքը այն
կազմելու ընթացքում հանդիպել է երկրի գրեթե բոլոր, այսպես կոչված, առաջին դեմքերի
հետ. «Այսինքն՝ դա անակնկալ չէ, այլ հարց է, եթե մտածենք, որ մարդու իրավունքների
պաշտպանի առաջին զեկույցի հանդեպ այսպիսի ոչ համարժեք վերաբերմունքը ցույց է տալիս
ոմանց անօգնական վիճակը: Այդ զեկույցում այնուամենայնիվ կան մի քանի հարցեր, որոնք
շատ ցավագին էին ընդունվում թե երկրի նախագահի, թե որոշ նախարարությունների կողմից.
այդ հարցերն են սեփականության իրավունքը եւ դատարանների հանդեպ գործընթացը, որոնք
աբսուրդային են»: Երբ ժամանակին նախագահի հրամանագրով մարդու իրավունքների
պաշտպան նշանակվեց Լարիսա Ալավերդյանը, բոլորը խոսում էին այն մասին, որ նա ղարաբաղցի
է, Քոչարյանի մարդն է եւ նրա համար է աշխատելու, հիմա նույն Քոչարյանի այս հրամանագիրը
չի՞ նշանակում, որ օմբուդսմենը չի արդարացրել հույսերը այդ մասով: Լարիսա Ալավերդյանը
մեր այս գնահատականին հետեւյալ պատասխանը տվեց. «Ես մտքով անգամ ցանկություն չեմ
ունեցել հանդես գալ ընդդեմ Քոչարյանի, մինչ այսօր էլ համոզված եմ, որ օգնում եմ երկրի
նախագահին այս երկրում իրավական պետություն կառուցելու գործում: Համոզված եմ, որ
իմ համեստ լուման կարելի էր օգտագործել հօգուտ գործող նախագահի»: Այս իրավիճակում
մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է երկու օրից ներկայանալ հանրության ներկայացուցիչներին,
ԶԼՄ-ներին եւ շարադրել իր մոտեցումները. «Էշը ցեխը մտցնելը գիտեք հե՞շտ բան է, այնուամենայնիվ
այդ էշը ցեխից պետք է հանվի: Չէի ուզենա, որ մենք սահմանադրական այս փոփոխությունների
ներմուծումը սկսեինք այսպիսի տարօրինակ խախտումներով»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ