Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՅԼ ԱՌԱՋ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ

Հունվար 10,2006 00:00

Այն արձանագրվեց Փարիզում՝ երեկ կայացած ԵԽԽՎ
Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստում, որի նախագահ լորդ Ռասել
Ջոնսթոնը ներկայացրեց իր ամփոփիչ զեկույցը: 2005-ի հունվարին
ԵԽԽՎ ընդունած թիվ 1416 բանաձեւի 5-րդ կետում Վեհաժողովը կոչ էր արել Մինսկի խմբի
անդամ պետություններին ավելի շատ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության
խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Եվ այդ պետությունների՝ ԵԽԽՎ-ում ազգային
պատվիրակություններին առաջարկված էր «Վեհաժողովին տարեկան զեկույցներ տրամադրել նշված
ուղղությամբ իրենց կառավարությունների գործողությունների վերաբերյալ»: Ժամանակավոր
հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Տիգրան Թորոսյանի հետ միասին Փարիզ
էր մեկնել ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, որի լիազորությունների ժամկետը, իբրեւ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամի, ավարտվում է հունվարի 23-ին: Շավարշ Քոչարյանը
երեկ մեզ հայտնեց. «Ժամանակավոր հանձնաժողովն անցած 1 տարում պետք է կուտակեր տվյալներ,
որոնք պիտի տրամադրեին Եվրոպայի խորհրդում ներկայացված Մինսկի խմբի անդամ երկրների
պատվիրակությունները»: Հանձնաժողովի առաջին նիստում, որը կայացել էր անցած տարվա
սեպտեմբերի 12-ին, ներկայացվել էին այդ զեկույցները: Դրանք ամփոփելով էլ՝ հանձնաժողովի
նախագահ Ռասել Ջոնսթոնը պատրաստել էր իր զեկույցը, որն, ըստ Շավարշ Քոչարյանի՝ «ներկայացվելու
է ընդամենը բյուրոյին եւ ոչ թե վեհաժողովին»: Երեկ քննարկվել է այդ ամփոփիչ
զեկույցը: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ «1416 բանաձեւի համեմատ՝ այս զեկույցում, ընդհանուր
առմամբ, կային դրական տեղաշարժեր: Ընդունվեցին Հայաստանի պատվիրակության 3 առաջարկները,
որոնք այնքան էլ էական չէին, բայց այնուամենայնիվ՝ բարելավում էր: Ընդհանուր առմամբ՝
զեկույցը գնահատում եմ իբրեւ քայլ առաջ»: Մեր հարցին, թե Դեյվիդ Աթկինսոնի
զեկույցի համեմատ արդյոք կա՞ն էական տարբերություններ Ռասել Ջոնսթոնի կազմած փաստաթղթում,
Շավարշ Քոչարյանն առանձնացրեց երկու տարբերություն. «Մեկն այն հանգամանքն է, որ արձանագրվում
է երկու սկզբունքների կարեւորությունը, այսինքն՝ ոչ միայն տարածքային ամբողջականության,
ինչի վրա, ըստ էության, կառուցված էր Աթկինսոնի զեկույցը, այլ նաեւ ազգերի ինքնորոշման
սկզբունքի կարեւորությունը: Երկրորդ առաջընթացն է. 1416 բանաձեւն իր մեջ միտում էր
պարունակում հարցի կարգավորումը ներառել Եվրոպայի խորհրդի կառույցներում: Սակայն
այս զեկույցում արդեն արձանագրվում է, որ դա չպիտի լինի միջամտություն Մինսկի խմբի
գ ործունեությանը»: Դեկտեմբերի 19-ին Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցում
Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովը հայտնել էր, թե հունվարի 9-ին Փարիզում կայանալիք
նիստին մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ հանդես են գալու
զեկույցներով: Սակայն Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ նրանք չեն մասնակցել այս նիստին:
Համանախագահողները մասնակցել էին միայն նախորդ՝ սեպտեմբերի 12-ի նիստին, որտեղ եւ
չէին թաքցրել իրենց լավատեսությունը 2006-ին ԼՂ խնդրի լուծման հնարավորության նկատմամբ:
Սակայն որքան էլ դրական տեղաշարժեր արձանագրվեն Ռասել Ջոնսթոնի զեկույցում՝
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը նախապես էր հայտնել
լրատվամիջոցներին, որ դրան չի հետեւելու բանաձեւի կամ առաջարկությունների նախագիծ,
զեկույցը չի անցնելու սովորական ընթացակարգ եւ չի դառնալու ԵԽԽՎ փաստաթուղթ. «Քանի
որ այդ զեկույցի հիման վրա առաջիկայում Վեհաժողովի որեւէ փաստաթուղթ չի ընդունվելու,
ապա զեկույցը չունի այն նշանակությունը, ինչ կարող էր ունենալ սովորական ընթացակարգ
ունեցող եւ բանաձեւի ու առաջարկությունների ընդունում ենթադրող որեւէ այլ զեկույց»:
Իսկ Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով Ռասել Ջոնսթոնի զեկույցի ապագան, ասաց.
«Երբ հանձնաժողովի նախագահն այն ներկայացնի ԵԽԽՎ բյուրոյին, վերջինս այն կներառի
իր ընդհանուր հաշվետվության մեջ, որը ներկայացվում է Վեհաժողովին: Այդ մեծ փաստաթղթի
մեջ դա լինելու է մի հատված: Ի դեպ, Վեհաժողովն այն չի քննարկելու: Այսինքն՝ սա իրոք
այն դեպքը չէ, որ սա զեկույցի նախագիծ է, որը ԵԽԽՎ-ն պիտի քննարկի եւ ընդունի իբրեւ
բանաձեւ»: Ըստ այդմ, որքան էլ հայկական կողմի համար դրական տեղաշարժեր լինեն
Ռասել Ջոնսթոնի զեկույցում՝ ԼՂ հարցում ԵԽԽՎ դիրքորոշումը շարունակում է արտահայտել
ոչ թե այս փաստաթուղթը, այլ Աթկինսոնի զեկույցի հիման վրա կազմված բանաձեւը: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել