Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նշելու

Դեկտեմբեր 24,2005 00:00

Նշելու են ամեն տարվա պես՝ «ճոխ» «Հորս ու մորս». մանկատան երեխաներն այսպիսի նվեր են ուզում Ձմեռ պապիկից Սովորաբար մանկատների երեխաները Նոր տարվան սպասում են մի ուրիշ ոգեւորությամբ, որովհետեւ դա տարվա մեջ միակ օրն է, երբ զգացվում է պետության հոգածությունն ու ուշադրությունը նրանց նկատմամբ՝ թեկուզ դա արտահայտվում է տարբեր համերգային ծրագրերին ու միջոցառումներին հրավիրելու տեսքով: Արդեն հանրապետության մի շարք մանկատներում սկսվել են Ամանորին նվիրված նախատոնական միջոցառումները: Գավառ քաղաքի մանկատան 110 երեխաներն առայժմ իրենց ուժերով են փոքրիկ համերգներ կազմակերպում ու ստից Ձմեռ պապ-Ձյունանուշ խաղում, մինչեւ իսկականները կգան: Այս մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանը մեզ հավաստիացրեց, որ տոնական սեղանը հագեցած կլինի մրգերով, քաղցրավենիքով, Քյավառի ավանդական թխվածքներով, հնարավոր է՝ նույնիսկ փախլավա: «Կլինի այն ամենը՝ ինչ լինելու է միջին պայմաններում ապրող ընտանիքներում: Չեմ ասում հարուստների նման ճո՜խ բաներ»,- ասաց Հ. Բեսալյանն ու հավելեց, որ նոր տարվա առիթով մանկատան շենքն արդեն զարդարել են: Գավառի մանկատանն ապրող երեխաները ցանկանում են, որ Ձմեռ պապիկը, որպես նվեր, բերի իրենց հայրիկներին ու մայրիկներին: Իսկ պարոն Բեսալյանի ամանորյա ցանկությունը հետեւյալն է. «Ուզում եմ, որ Աստված մի դուռ բացի, որ այս երեխաները գնան իրենց հարազատ օջախները: Ոչինչ, որ ես ու Նալբանդյան Կոլյան էլ (մանկատան տնօրենը.-Հ. Ե.) կդառնանք գործազուրկ»: Սա Համլետ Բեսալյանի ամանորյա մաղթանքն էր մանկատան երեխաներին: Ի տարբերություն Գավառի մանկատան երեխաների, Երեւանի «Զատիկ» մանկատան երեխաների ակնկալիքները Ձմեռ պապից այլ բնույթի են: Նրանք ցանկանում են նվեր ստանալ բջջային հեռախոսներ: Հաշվի կառնի՞ Ձմեռ պապը «զատիկցիների» ցանկությունը, թե ոչ՝ մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը չպարզաբանեց՝ հստակ հասկանալով, որ ինչ՝ ինչ, բայց բջջային հեռախոսներ «Զատիկի» 140 երեխաները դժվար թե ունենան: «Դա Ձմեռ պապի գործն է, չեմ ուզում խառնվել նրա խոհանոցին»,- այսպես «ցրեց» հեռախոսների մասին խոսակցությունը մանկատան տնօրենը: Նա միայն վստահեցրեց, որ տոնական սեղանը կլինի տեղը տեղին՝ խոզի ապխտած մսով ու հնդկահավով. «Ամեն ինչ լինելու է շատ ճոխ, որ երեխաների աչքը ոչ մի բանի վրա չմնա: Մեր սեղաններն առավել կլինեն շատ ընտանիքների սեղաններից, բայց պակաս հաստատ չեն լինի»: Տնօրենի ասելով՝ «այս ամենն արվում է նաեւ նրա համար, որ օրերից մի օր մարդիկ չմտածեն, թե մանկատան երեխա է, մի փայլուն բան ցույց չտան ու խաբեն. մերոնց աչքը միշտ կուշտ է»: Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները եւս Նոր տարվա գիշերն ուզում են հանդիպել իրենց ծնողներին՝ չբաժանվելու պայմանով: Տնօրեն Հարություն Բալասանյանի խոսքերով՝ մանկատան միջոցները ներում են, որպեսզի Ամանորի սեղանն իրենց մոտ էլ լինի ճոխ ու սննդարար՝ հագեցած մրգերով, կոնֆետներով եւ մսեղենով: Իսկ Գյումրու մանկատան փոքրիկները խոհարարին արդեն պատվիրել են թփով տոլմա, Ձմեռ պապից էլ պահանջել են նվեր բերել իրենց մայրիկներին ու փափուկ խաղալիքներ: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել